Տրամադրությունները սուրբ քաղաքում կամ կյանքը Էջմիածնում՝  «գեներալական դինաստիայի» անկումից հետո 

02-10-2018
1883 դիտում
Տրամադրությունները սուրբ քաղաքում կամ կյանքը Էջմիածնում՝  «գեներալական դինաստիայի» անկումից հետո 

Հոկտեմբերի 21-ին Էջմիածինը պատրաստվում է ընտրել նոր քաղաքապետ, ինչը վերջին 27 տարիների ընթացքում թերևս կլինի այս քաղաքի բնակիչների առաջին ազատ ընտրության իրավունքը «գեներալական դինաստիայի» անկումից հետո։

Քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել տասից ավելի թեկնածուներ, ինչն աննախադեպ երևույթ է Էջմիածնի համար։ 2002 թվականից սկսած քաղաքապետի թեկնածուն լինում էր գեներալ Մանվել Գրիգորյանի սատարած մարդը կամ նրա որդին`Կարեն Գրիգորյանը, ով Էջմիածինը ղեկավարեց տասը տարի։ Միայն թավշյա հեղափոխությունից հետո, երբ Էջմիածնում սկսվեցին բողոքի ակցիաները` Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, վերջինս հրաժարական տվեց։

«Էջմիածինը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, սա ամենալավ բանն է, որ մենք ունենք վերջին տարիներին։ Սովոր ենք եղել, որ թեկնածուները պետք է լինեն հիմնականում Գրիգորյան ընտանիքից կամ իրենց հովանավորչությամբ ինչ-որ մեկը ։ Շատերը միշտ էլ ցանկացել են մասնակցել, բայց քաղաքում տիրող վախի մթնոլորտը, որ Մանվելը կամ նրա տղան հաշվեհարդար կտեսնի հետները, թույլ չի տվել մարդկանց մասնակցել»,- ասում է էջմիածնեցի, մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Աթոյանը։

Էջմիածնում «գեներալական» դինաստիային վերջ տրվեց հունիսի 16-ին, երբ ձերբակալվեց նախկին քաղաքապետի հայրը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ ԱԱԾ-ի ձեռնարկած խուզարկության արդյունքում հունիսի 17-ին Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվեցին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, Արցախի բանակի համար նախատեսված օգնություն, որ հանգանակվել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

«Ապտակ էր մեր բոլորի համար, ու դժվար է այդ ամենը մարսելը, մոռանալը, հասկանալը, անգամ ժամանակը չի կարող մոռացության տալ։ Ամուսինս հիմա հանգիստ մեքենան կայանում է հրապարակում՝ ԵԿՄ վարչության շենքի դիմաց, կամ անցնում է մեքենայով նախկինում արգելափակված փողոցներով։ Ամեն անգամ ինձ թվում է՝ հեսա կհայտնվեն մանվելականները... այսինքն՝ անգամ երեք ամիս անց, որքան էլ հասկանում եմ, որ նրանք այլևս գոյություն չունեն, այդ վախի զգացողությունը դեռ իմ մեջ կա»,- ասում է էջմիածնեցի Հերմինե Մարգարյանը։

«Գեներալի տիրապետության» անկումից հետո քաղաքում բացվեցին արգելափակված կամ երթևեկության համար միակողմանի դարձրած փողոցները։ Վարորդներն ազատ երթևեկում են այլևս էջմիածնեցու համար բաց փողոցներով։ Էջմիածնի հրապարակը, որտեղ արգելված էր մեքենաների կայանումը, այսօր ազատագրված է թե՛ էջմիածնեցիների, թե՛ քաղաքի հյուրերի համար, ովքեր ազատորեն կանգնեցնում են իրենց մեքենաները, չսարսափելով այն մտքից, որ կարող են վերադառնալ ու անիվները ծակված տեսնել։ Ներքին կանոններին չենթարկվողների հետ հաշվեհարդար էին տեսնում ոչ միայն անիվները ծակելով, հաճախ նաև դաժան ծեծի ենթարկելով։

Մանվել Գրիգորյանը փակել էր քաղաքի հիվանդանոց տանող փողոցներից մեկը`Սպանդարյանը, որտեղ գտնվում է նրա սեփականությունը հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը։

Նրա հրամանով և նախաձեռնությամբ երկկողմանի երթևեկության համար նախատեսված փողոցի մի հատվածը դարձել էր միակողմանի՝ խոչընդոտներ ստեղծելով վարորդների և հետիոտնի համար։ Գեներալի տիրապետության տապալումից հետո Սպանդարյանը դարձել է երկկողմանի երթևեկության համար հասանելի փողոց, հանվել են արգելափակոցները։

Փակ փողոցի ծառուղին կանաչապատվել էր ու լուսավորվել, բայց տարածքի բնակիչները չէին օգտվում այդ տարածքից, ավելորդ խնդիրներից հեռու մնալու համար, իսկ ծառուղին կոչում էին Սարսափի պուրակ։ Փակ էր նաև Էջմիածնի Ալավերդյան փողոցը, որտեղ բնակություն էր հաստատել Մանվել Գրիգորյանը։ Այսօր այն նույնպես բաց է։

Ավելի ազատ ու մարդաշատ է դարձել քաղաքի հրապարակին կից՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող այգին ու սրճարանը, որտեղ գեներալն ուներ իր «սեփականաշնորհված» հատուկ տեղը։ Սրճարանը, որը թիրախավորված էր հատուկ մարդկանց խմբի համար, անհասանելի էր քաղաքի մնացած բնակիչների համար, այսօր այդ պատկերն այլևս փոխվել է, և շատերն են անկաշկանդ, առանց ավելորդ լարվածության օգտվում սրճարանից։

Անհատ ձեռներեց Վարդուհի Կիրակոսյանն էլ նշում է, որ գուցե Էջմիածնում արտաքուստ շատ բան չի փոխվել, սակայն ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունեցել էջմիածնեցիների հոգեբանությունում։

«Մարդիկ ժպտում են, ուրախ են, հույսով ու հավատով են լցված, կարող եմ այս ազատությունը համեմատել Բաղրամյան 26-ի բացված դարպասների հետ։ Ի՞նչ տվեց դա Երևանին, երևանցիներին. ազատություն՝ ես կասեի։ Երկաթյա ճաղերը դուրս են եկել, մարդիկ տեսնում են բաց դարպասներ, կարող են ներս մտնել, զբոսնել, սա խիստ կարևոր է, ու հիմա Էջմիածինն էլ է ազատվել է այդ փակ դարպասներից ու ազատորեն գնալու է արտահերթ ընտրությունների»,- ասում է Վարդուհի Կիրակոսյանը։

Էջմիածնեցիները համոզված են՝ թավշյա հեղափոխությունից ամենաշատը շահեց հենց Էջմիածինը, քանի որ էջմիածնեցին միշտ մտածել է, որ Գրիգորյանների «դինաստիան» հարատև է լինելու։

«Երբ «գահընկեց» արվեց Գրիգորյան ընտանիքը, իսկ ավելի ուշ քրեական գործ հարուցվեց հայտնի «տուշոնկայի» դեպքով, Էջմիածնի համար արդեն հաղթանակ էր, հաղթանակ էր նրա որդու դեմ, ով քաղաքը կեղեքել էր, չնայած կարծիք կա, որ նա քաղաքը լավ աչքով ա նայել, փողոց ա ասֆալտապատել, լուսավորության հարցերն է լուծել։ Բայց եթե ավելի խորն ենք նայում, այդ ասֆալտը «գրաբիլ» է եղել, մի թեթև ասֆալտով շաղախված։ Առաջին իսկ անձրևներից հետո փոսալցումները նորից քանդվում էին, ու «գրաբիլը» տարածվում էր փողոցով մեկ, ու բոլորն էլ գիտեին, որ ասֆալտի գործարանը իրենցն էր»,- ասում է լրագրող Լիլիթ Աթոյանը։

Նա նշում է, որ քաղաքին պարտադրվեց յուրաքանչյուր մի քանի մետրի վրա տեղադրել աղբարկղեր, որն արտադրում էր Գրիգորյանների ընտանիքին պատկանող ընկերությունը։

«Այսինքն՝ քաղաքի բյուջեից տղան գումար է դուրս գրել ու գործ չի արել, քանի որ գործարանը իրենցն է եղել, գումարը դրել է իր գրպանը։ Երբ խորանում ես, թե ինչպե՛ս է քաղաքը ղեկավարել, սա է պատկերը»,- ասում է Աթոյանը։

Էջմիածնի Տերյան փողոցում է գտնվում է նախկին քաղաքապետի` Կարեն Գրիգորյանի նորակառույց թանկարժեք տունը։ Կարեն Գրիգորյանի տան կողքին վերջանում է բոլորովին վերջերս արված թարմ ասֆալտը, մինչդեռ քաղաքի այդ թաղամասը շարունակվում է նաև Կարեն Գրիգորյանի տնից այն կողմ։

«Այսինքն՝ քաղաքապետը ասֆալտը փռել է տվել մինչև իր տան դիմաց, երթևեկության գծանշումներ անել տվել, ապահովել գիշերային լուսավորությունը՝ թքած ունենալով քաղաքի մնացած բնակիչների վրա»,- ասում է Հերմինե Մարգարյանը։

Էջմիածնեցիները փաստում են, որ վերջին քսան տարում քաղաքում ոչինչ չի արվել ու չի փոխվել։

«Գեներալը որ կար, ոչինչ չէր արվում այս քաղաքում, քսան տարի է՝ իրենք են, ի՞նչ են ավելացրել, ոչինչ, բացի իրենց սեփականություններից ու բիզնեսներից։ Գեներալի աղջիկը ՍՊԱ կենտրոն բացեց, գազալցակայաններ ունեն, գործարաններ, ավտոլվացման կետեր, ամեն ինչ արել են իրենց համար։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ձեռնոց դրած, մասնակցում է շաբաթօրյակների, ակումբի մոտի այգին են բացել, շենքերի բակերում` խաղահրապարակներ։ Ով ուզում է լինի հաջորդ քաղաքապետը, բայց մտածեն քաղաքի մասին»,- ասում է Վարդուհի Կիրակոսյանը։

Սեպտեմբերի 21-ին էջմիածինը նույնպես նշում էր անկախության 27-ամյակը։ Լիլիթ Աթոյանը նշում է. Էջմիածնում մարդիկ միշտ կաշկանդված, վախվորած են խոսել միկրոֆոնի առաջ, հիմա համարձակ են դարձել։

«Անկախության 27-ամյակին առաջին անգամ էջմիածնեցու դեմքին իրական ժպիտ երևաց։ Առաջին անգամ տոնի զգացողությունը զգացի քաղաքի բնակչի մեջ։ Քսանյոթ տարի ինքը չի զգացել, որ անկախ է, ու ես զգացի, իրական հրճվանք տեսա մարդկանց հայացքներում, նրանց հանգիստ ժպիտը։ Արտահայտվում էին ազատորեն, իհարկե այս միտումը դեռ համատարած չէ։ Մարդիկ կան, որոնց թվում է, թե սա մի կարճ ընթացք է, թե մեկ տարվա ընթացում Փաշինյանի կառավարությունը տապալվելու է, ու նորից մանվելները, սերժերը, քոչարյանները գլուխ են բարձրացնելու։ Վախը դեռ ամուր է նստած, որ Քոչարյանի կամ ՀՀԿ-ի մի ռեպլիկն ազդում է մարդկանց վրա, ու սկսում են անհանգստանալ։ Պետք է արտահայտությունների ու կարծիքների մեջ ավելի ժուժկալ լինենք։ Բայց կարևորը, որ հիմնականում վախը հաղթահարել են»,- ասում է Աթոյանը։

Այնուհանդերձ, «գեներալական» սինդրոմը թոթափած Էջմիածինը գնում է ընտրությունների։ Շրջանառվում են մարդկանց անուններ, որոնց շարքային էջմիածնեցին լավ է ճանաչում։

«Էջմիածինը փոքր քաղաք է, բոլորն իրար շատ լավ գիտեն, թեկնածուներին՝ նույնպես։ Կարծում եմ՝ առաջին անգամ մասնակցությունը, մրցակցությունը մեծ է լինելու։ Մի քիչ վախենում եմ անարդարությունից, իմանալով՝ ովքեր են թեկնածուները, կամ էլ նախկին մտավախությունները դեռ ինձ չեն լքել»,- ասում է Էջմիածնում փոստային բաժանմունքի աշխատակից  Նաիրա Վարդանյանը։

Մինչդեռ Լիլիթ Աթոյանը, այլընտրանք չտեսնելով, ասում է. «Ո՞վ պետք է անի, կամ ի՞նչ պետք է անեն։ Թաղային հեղինակություններ իհարկե կան, բայց չեմ կարծում, թե որևէ մեկը կփորձի միջամտել, կարուսել կազմակերպել, լույս անջատել, նաև օրենքն է խստացվել ընտրախախտումների հետ կապված։ Չեմ կարծում, թե փորձեն խաղեր տալ։ Քաղաքը գնում է ընտրության և ինքն իր կամքով է ընտրելու։ Վերջին 27 տարում Էջմիածինը կունենա իր լեգիտիմ քաղաքապետը, նախորդ բոլոր ընտրություններն ուղղորդված էին»։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am