«Վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի հրաժարական տալ, պայթյունավտանգ և վտանգավոր իրավիճակ է». Հայկ Ա. Մարտիրոսյան

02-10-2018
25645 դիտում
«Վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի հրաժարական տալ, պայթյունավտանգ և վտանգավոր իրավիճակ է». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակը, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ:

-Շատ վատ, պայթյունավտանգ և վտանգավոր իրավիճակ է: Երկու ելք կա այս իրավիճակից: Կա՛մ վերջնականապես մերժել Սերժին, որը շարունակում է կառավարել այս հակահեղափոխական գործընթացը, կա՛մ հանձնել իշխանությունը հակապետական, հակազգային, հակաժողովրդավարական ուժերին: Ընդհանրապես այն՝ ինչ տեղի է ունենում Երևանում՝ կրկես է հիշեցնում: Ես չեմ հիշում մի հեղափոխություն, որում պարտված և լիովին ուժերը բացահայտ և անամոթ ռևանշի ձգտեն: Դա խոսում է մեր բացթողումների մասին, մեր սիրո և հանդուրժողականության ոչ շատ էֆեկտիվության մասին: Մենք պետք է ուղղակի կտրուկ և կոշտ գործենք: Այս պրոցեսները թուլացնում են Հայաստանը, մսխում ուժերը և թանկագին ժամանակ խլում: Այդ շռայլությունը մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ: Վարչապետը դա լավ գիտակցում է հիմա, բայց ընտրված մեթոդն է շատ վտանգավոր: Իր հրաժարականն ուղղակի անընդունելի է:

-Ինչպե՞ս եք գնահատում, որ Փաշինյանը նման կտրուկ կերպով արձագանքեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխմանը՝ հաշվի առնմելով, որ Էդմոն Մարուքյանն ասում է, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ ցանկացած դեպքում, եթե 14 օրում վարչապետ չի ընտրվում, արտահերթ ընտրություններ են նշանակվում:

-Սա ռևանշի, դասական հակահեղափոխության քայլ էր: Եվ Փաշինյանը ճիշտ արեց դրան սուր արձագանքելով: Բայց հաջորդ հայտարարությունն էր, որ ապշեցնում է: Վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի հրաժարական տալ: Այս այսպես կոչված խորհրդարանը ընդունեց մի օրենք, որով լիովին ցանկանում էր կանխել ինքնալուծարումը: Հիմա այն պետք է համակերպվի ժողովրդի կամքի հետ և երկու անգամ վարչապետ չընտրի՞: Իսկ եթե ընտրե՞ց: Հիմա կասեն՝ ժողովուրդը թույլ չի տա: Ո՛չ, այդ պարագայում արդեն նույն օրենքը, որի վրա հույս է դնում կառավարությունը՝ կկիրառվի հենց նույն այդ արդեն նախկին կառավարության դեմ: Երևան կբերվեն առանձին զորամիավորումներ, փողոցները տանկերով կփակեն, կհայտարարեն արտակարգ դրություն և դրանից հետո կիրականացնեն բացահայտ՝ անբռնազբոս տեռոր: Ինչպե՞ս է ժողովուրդը փողոց դուրս գալու եթե մասսայական գնդակահարություններ կազմակերպեն նոր՝ հանրապետական իշխանությունները: Սրանք սցենարներ են, որ դժվար է պատկերացնելը, բայց բացառել ուղղակի չի կարելի:

-Այն, որ մեկ օրում նման օրինագիծ բերվեց ԱԺ, նշանակում է, որ վարչապետի թիկունքում դավադրություն էր ծրագրվել: Ձեր կարծիքով ո՞վ է կանգնած այս ամենի հետևում: Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե մեկ այլ անձ: Ո՞վ կարողացավ համախմբել խորհրդարանական երեք ուժերին:

-Դա խոսում է համակարգված, լավ մտածված և կազմակերպված գործողությունների պլանի մասին: Սա հակահեղափոխության դասական օրինակ է: Եվ դրան դասական հեղափոխական պատասխան է անհրաժեշտ տալ: Ես հուսով եմ, որ վարչապետը կհրաժարվի հրաժարական տալու գաղափարից և կշարունակի պաշտոնավարել: Նա չպետք է ռիսկի ենթարկի ո՛չ ժողովրդի և ո՛չ էլ սեփական իշխանությունն ու կյանքը: Այս վարչապետին ընտրել ենք բոլորով՝ կառավարելու և երկրից աղբն արմատախիլ անելու համար և այդ աղբին հնարավորության փոքրիկ շանս տալ անգամ ամեն բան ավելի վատ ապականելու՝ ուղղակի չի կարելի: Սա Դանիա կամ Նորվեգիա չէ: Չի կարելի ավտորիտարիզմի սովոր և վերահաստատվելու պարագայում տոտալիտարիզմին այլընտրանք չունեցող ուժերի դեմ պայքարելիս՝ սուպերժողովրդավարական մեթոդներով պայքարել:

-Փաշինյանը ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի նախարարներին հեռացրեց պաշտոններից: Հիմա ինչպե՞ս է հնարավոր հասնել արտահերթ ընտրությունների, որ տարբերակն է լավագույնը առավել անցնցում արտահերթի հասնելու համար:

-Սահմանադրության երկրորդ կետը: Չկա այլ արդյունավետ, ոչ տաժանակիր և ոչ երկար ու ծանրագույն տարբերակ: Միակը դա է: Մենք ընտրում ենք առավել դժվար, աննկարագրելի ռիսկային և բարդ տարբերակ: Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի, ինչպիսի որոշում և ճանապարհ էլ ընտրվի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղակի անհրաժեշտ է անվերապահ սատարել և աջակցել: Այլընտրանք այս ժողովուրդն այսօր ուղղակի չունի:

Մանե Հարությունյան

MediaLab.am