ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդի իշխանության իրականացման և Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտության և եղանակի մասին. Հայտարարություն

02-10-2018
317 դիտում
ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդի իշխանության իրականացման և Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտության և եղանակի մասին. Հայտարարություն

2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո թե՛ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, թե՛ այլ անկախ դիտորդական առաքելություններ հայտարարեցին, որ Ազգային ժողովը չի ձևավորվել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ և որ այն չի կարող համարվել լեգիտիմ:

2018թ. ապրիլին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը հաստատեց այդ իրողությունը: Համաժողովրդական շարժման արդյունքում Ժողովրդի կամքի թելադրանքով Ազգային ժողովը 2018թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ներկայումս Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիր իշխանության թևում քաղաքական մի շարք պաշտոններում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության իշխանության այլ ճյուղերում լուրջ պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք շարունակում են պաշտոնավարել` չունենալով լեգիտիմություն և բացարձակապես չվայելելով  ժողովրդի վստահությունը:

Մինչ դատական իշխանության լեգիտիմացման գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում և լուրջ հայեցակարգային մոտեցման կարիք ունի, այդ թվում` անցումային արդարադատության միջոցառումների կիրառման միջոցով, օրվա հրամայական է ներկայիս գումարման Ազգային ժողովի արձակումը և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցակումը, ինչը հնարավորություն կընձեռի հայ ժողովրդին երկար տարիներից հետո վերջապես ունենալ ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ ձևավորված լեգիտիմ Ազգային ժողով:

Ազգային ժողովի արձակման դեպքերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ և 151-րդ հոդվածներով։  Ազգային ժողովի արձակման որևէ այլ հնարավորություն Սահմանադրությունը չի նախատեսում:

ՀՀ Սահամանադրության անփոփոխ 2-րդ հոդվածն ամրագրում է․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների ․․․ միջոցով»։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներում, այդ թվում` 149-րդ հոդվածում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Ըստ նույն հոդվածի նույն մասի` Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի:

ՀՀ Սահամանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է․

«Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

․․․

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»։

ՀՀ Սահամանադրության 206-րդ հոդվածի համաձայն․

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե»։

ՀՀ Սահամանադրության 202-րդ հոդվածի համաձայն․

« …Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»։

ՀՀ Սահամանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է․

« ․․․Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը»։

Այսպիսով, նախ անհրաժեշտ է մշակել Ազգային ժողովի արձակման հնարավորությունը և կարգը սահմանող Սահմանադրության փոփոխության նախագիծ։

Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել համաժողովրդական հանրահավաք, որի ընթացքում կհավաքվեն ընտրական իրավունք ունեցող ՀՀ երկու հարյուր հազար կամ ավելի քաղաքացիների ստորագրություններ ՀՀ Սահմանադրության փոփոխության քաղաքացիական նախաձեռնության համար: Այնուհետև նախագիծը կդրվի Ազգային ժողովի քննարկմանը։

Թեև ըստ ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի առաջին մասի՝ Կառավարությունը ևս կարող է նախաձեռնել սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, այդ հարցն ի վերջո դառնալու է Սահմանադրական դատարանի քննության առարկա և, հաշվի առնելով առնվազն այն, որ ընտրական վեճերով Սահմանադրական դատարանը մշտապես սպասարկել է նախկին ոչ ժողովրդավարական իշխանության շահը, առկա է ռիսկ, որ Սահմանադրական դատարանն իր հերթին կարող է մերժել հանրաքվե անցկացնելու հարցով ներկայացված դիմումը։

Այդ պարագայում բարձրանում է Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության և մասնավորապես դրա անփոփոխ 2-րդ հոդվածի պաշտպանության կարողության կամ կամքի հարցը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է սահմանադրական կարգի տապալման Սահմանադրական դատարանի կողմից, որպիսի պարագայում առաջացած ծանր իրավիճակում անհրաժեշտ լուծումները պետականության և միջազգային հարաբերությունների տեսանկյունից առավել անխոցելի կլինեն, եթե վայելեն Հայաստանի Հանրապետության առնվազն  երկու հարյուր հազար քաղաքացու արդեն իսկ արտահայտված և ֆորմալ առումով փաստված կամքը:

Հուսով ենք, որ սրանով հնարավոր կլինի վերջապես դուրս գալ այն սահմանադրական ճգնաժամից, որում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ