Նախագահ Սարգսյանը հաստատել է նախարարներին պաշտոնանկ անելու վարչապետի հրամանագրերը

03-10-2018
1469 դիտում
Նախագահ Սարգսյանը հաստատել է նախարարներին պաշտոնանկ անելու վարչապետի հրամանագրերը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է 6 նախարարների պաշտոնանկ անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված բազմահազար հանրության մոտ Փաշինյանը պաշտոնանկ է արել «Բարգավաճ Հայաստան»-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող 6 նախարարների:

Նախագահականից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նախարարների պաշտոնանկ անելու մի շարք հրամանագրեր, որոնցով՝

Աշոտ Հակոբյանն ազատվել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից

Արծվիկ Մինասյանն ազատվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնից

Լեւոն Վահրադյանն ազատվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից

Հրաչյա Ռոստոմյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից

Արթուր Խաչատրյանն ազատվել է Գյուղատնտեսության նախարարի պաշտոնից

Արթուր Գրիգորյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Պատճառը երեկ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի՝ երկրորդ ընթերցմամբ  ԱԺ քննարկմանը ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծն էր:

Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Նշվում է, թե այն դեպքերում, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին, առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

Նախագծին կողմ էին արտահայտվել նաեւ այդ ժամանակ կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Վարչապետ Փաշինյանը կոչ արեց հետ կանչել նախագիծը՝ մեկ օր ժամանակ տալով նրանց:

Քվեարկությունը պետք է կայանար այսօր, սակայն, ՀՀԿ-ականները վերջին պահին՝ երեկ երեկոյան ԱԺ արտահերթ նիստ հրավիրեցին եւ առանց էլեկտրոնային համակարգի՝ ձեռքով քվեարկություն կազմակերպեցին: Արդյունքում Փաշինյանը մարդկանց կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մուտքերի մոտ եւ մինչ ԱԺ՝ բանակցությունների գնալը, հրապարակավ պաշտոնանկ արեց նախարարներին: