«ՀՀԿ-ն խորտակվող նավի մեջ տեղափոխեց նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, իրենք էլ ծուղակն ընկան»․ Ստյոպա Սաֆարյան

03-10-2018
2482 դիտում
«ՀՀԿ-ն խորտակվող նավի մեջ տեղափոխեց նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, իրենք էլ ծուղակն ընկան»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

- Պարո՛ն Սաֆարյան, մենք քաղաքական դաշտում երեկվանից ականատես ենք լինում նոր իրադարձությունների: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն փորձում են ձախողել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու նախաձեռնությունը: Ի՞նչ է կատարվում:

- Նիկոլ Փաշինյանը գնալու էր այս քայլին, որովհետև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, թե որքան մեծ հանրային վստահություն է նա վայելում: Այդ հաջողությունները նրա համար շատ կարևոր էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիրը լուծելու առումով:

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ գալով Երևան՝ անհապաղ ձեռնամուխ է լինելու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն: Ես կարծում եմ, որ սա ակնհայտորեն կանխորոշեց զարգացումները, և քանի որ իր ելույթում ինքն արդեն ակնարկել էր ժողովրդի իշխանության տարրերի մասին, ժողովրդի ճնշմամբ արդյունքի հասնելու մասին, եթե խորհրդարանը չհամաձայնի քայլեր ձեռնարկել, ՀՀԿ-ն ծուղակն ընկավ: Նրանց թվաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ամբողջ հաշվարկն այն է, որ ժողովուրդը կհավաքվի և թույլ չի տա երկու անգամ վարչապետի ընտրություն՝ դրանով իսկ Ազգային ժողովն արդեն կարձակվի, ապա պետք է ընդունեին հայտնի օրինագիծը:

Հիշեցնենք, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունների, որը երեկ երեկոյան հաստատեցին, եթե անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ԱԺ նիստը չի կայանում, ապա դա չի նշանակում, թե անմիջապես պետք է գործի Սահմանադրության համապատասխան նորմը, և ԱԺ-ն պետք է լուծարվի:

Սա ծուղակ էր ՀՀԿ-ի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը, դեռ որևէ քայլ չարած, բացի հայտարարությունից, ՀՀԿ-ն իր ձեռքով խախտեց ստատուս քվոն ու պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Եվ շատ հետաքրքիր էր, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում սկիզբ առած հեղափոխական-կոնտրհեղափոխական այս շրջանը երեկ ամբողջացավ: Երկու քաղաքական ուժեր ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնք ակնհայտորեն դժգոհ էին ավագանու ընտրություններում իրենց արձանագրած արդյունքներից, որոշեցին միանալ ՀՀԿ-ին՝ փորձելով Նիկոլ Փաշինյանին քաշել, այսպես ասած, «տոռգի» դաշտ՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ «տոռգին», և քվեարկություն տեղի ունեցավ: Բացի ՀՀԿ-ականներից, որոնք ընկել էին թակարդը, թակարդն ընկան նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով առիթն օգտագործեց՝ նրանց զրկելու այն ներքին իշխանությունից, որը նրանք ունեին: Ամենաշատը մեկ ժամվա ընթացքում Ազգային ժողովի դիմաց այդպիսի բազմություն հրավիրելը, հանրապետության մի շարք քաղաքներում մարդկանց ոտքի հանելը խոսուն պատկեր էր:

- Սպասելի՞ էր, որ մարդիկ այդքան արագ նորից ոտքի կելնեն:

- Այո՛: Կարծում եմ՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն այլևս կասկածի տեղիք չեն թողնում: Հանրապետության մարզերում շփումներն էլ ցույց են տալիս, թե մարդիկ ինչ տրամադրություն ունեն: Մարդիկ կենացներ են խմում, հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի համար բաժակներ են բարձրացնում:

- Փաստորեն, ձեր կարծիքով, ՀՀԿ-ն երեկվա քայլերով ծուղա՞կը գցեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:

- Այո՛, իհարկե, ՀՀԿ-ն խորտակվող նավի մեջ տեղափոխեց նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Իրենք էլ ծուղակն ընկան, Արփինե Հովհաննիսյանը չհասկացավ, թե ինչպես ինքը փայլուն ձևով օգնեց Նիկոլ Փաշինյանին՝ կատարելու այս քայլը, գծելու հակահեղափոխության առանցքը: Նաև՝ ՀՀԿ-ն այդ ծուղակի մեջ գցեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:

- Երեկվա իրադարձություններից հետո ՀՅԴ, ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց համար ընդունելի չէ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը, այն է՝ դեկտեմբեր ամիսը: Այդ պայմաններում ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը:

- Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նոր Ընտրական օրենսգիրք չի ընդունվելու, ընտրություններն անցկացվելու են հին Ընտրական օրենսգրքով: Նաև ակնհայտ է այլ բան՝ ՀՀԿ-ն ինքն իր գլխին հերթական անգամ սարքում է: Եթե նախկինում, օրինակ՝ անկուսակցական մարդկանց կարող էին անցկացնել Ազգային ժողով՝ տեղերում ընտրելով այս կամ այն առումով դրական իմիջով հեղինակությունների, հիմա նույնիսկ դա էլ չեն կարող անել, որովհետև արդեն քաղաքական ընտրություններ են սրանք:

Եվ կուսակցությունները, որոնք երեկ թակարդում հայտնվեցին, ուղղակի մերժված կուսակցությունների ցուցակում են: Եվ ոչ միայն որևէ դրական հեղինակություն ունեցող անձ չի համաձայնվի այդ կուսակցությունների ցուցակով մտնել ԱԺ, այլ նաև չեն կարող համոզել ընտրողներին վերցնել այդ կուսակցությունների քվեաթերթիկը:

Այսինքն՝ նրանք ակնհայտ գնում են տապալման: Ո՞նց այդ ուժերը չեն գնում արտահերթ ընտրության, եթե չեն գնում, ինչպես ավագանու ընտրություններին չմասնակցեցին, թող այս ընտրություններին էլ չմասնակցեն: Իրենց ընտրած ու գովերգած Ընտրական օրենսգիրքն է գործում, ամեն ինչ շատ լավ է, փայլուն է, պայծառ է, փողն ունեն, հեռուստաընկերություններն ունեն, ամեն ինչ ունեն, ի՞նչ է եղել: ՀՀԿ-ական գործիչները շարունակաբար հայտարարում են, որ իրենք էլ իրենց թիկունքին կանգնած համակիրներ ունեն: Չեն ուզում փողոց հանել, թող ընտրատեղամաս հանեն:

- ՀՀԿ-ականներն ու մյուս ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները ողջամիտ ժամկետում անցկացվեն, այն է՝ մայիս-հունիս ամիսներին, իրենք պատրաստ են Փաշինյանի հետ հուշագիր ստորագրել, որ վարչապետի այլ թեկնածուներ չեն առաջադրելու: Արդյոք պե՞տք է հավատալ նրանց:

- Ո՛չ, չի կարելի վստահել այդ խոսքերին: Չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը ո՛ր սցենարին կգնա: Բայց տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը դեպի դեկտեմբեր է տանում: Այս փակուղին, որն ստեղծվել է այդ երեք ուժի համար, ելք չունի: Եթե անգամ այդ համաձայնությունը կայանա, համաձայնեն մայիսին անցկացնել ընտրությունները, այդ ժամանակ էլ իրենք ակնհայտորեն շահող կողմ չեն:

- Արդյոք այս փուլում ճի՞շտ քայլ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և ռիսկեր կա՞ն:

- Իհարկե ռիսկեր առաջացնում է դա, բայց բոլոր սցենարներն են ռիսկեր առաջացնում: Ի վերջո, քաղաքական գործընթացները պետք է մեկնաբանվեն սահմանադրական նորմերի շրջանակներում, և տարբերակներն այնքան էլ շատ չեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am