«Չի կարելի ձեզ անհրաժեշտ օրենքները բերել, ընդունել տալ խորհրդարանում, իսկ որ օրենքը պետք չի՝ ժողովրդին բերես ԱԺ-ի վրա». Էդուարդ Շարմազանով

04-10-2018
2952 դիտում
«Չի կարելի ձեզ անհրաժեշտ օրենքները բերել, ընդունել տալ խորհրդարանում, իսկ որ օրենքը պետք չի՝ ժողովրդին բերես ԱԺ-ի վրա». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր օրակարգում է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և եթե ՀՀԿ-ականների մոտ նման օրակարգ չկա, կարող են չմասնակցել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, և հնարավո՞ր է, որ եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, ՀՀԿ-ն չմասնակցի։

- Սահմանադրությամբ վարչապետի իրավունքների մեջ է մտնում հրաժարական տալը, և նա կարող է հրաժարական տալ երբ ուզենա։ Ինչպես Սերժ Սարգսյանի իրավունքն էր ապրիլի 23-ին հրաժարական տալը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի իրավունքն է երբ ցանկանա հրաժարական տա։

Մենք այդ հարցում նրան ո՛չ կարող ենք խանգարել, ո՛չ էլ օժանդակել։ Ինչ վերաբերում է նրան, որ դեկտեմբերին ընտրություններ լինելու դեպքում ՀՀԿ-ն կմասնակցի կամ չի մասնակցի, և մեզ խորհուրդ է տալիս չմասնակցել, մենք իր խորհուրդների կարիքը չունենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը կորոշի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ ծրագրով, ի՞նչ հայեցակարգով ու ասելիքով մասնակցել։ Առաջարկում եմ՝ թող իրեն չծանրաբեռնի ՀՀԿ-ի մասնակցել-չմասնակցելու հարցով։

- Երեկվա հայտարարությունից հետո տեսնում ենք, որ մյուս խմբակցությունները նորից առաջարկում են բանակցություններ։ Դուք տեսնո՞ւմ եք բանակցելու հնարավորություն, եթե Փաշինյանը չի տեսնում։

- Ես միշտ երկխոսության կողմնակից եմ, մնացածն արդեն կողմերը գիտեն։ Ես միշտ կարծում եմ, որ նույնիսկ ամենալարված իրավիճակում պետք է փորձել երկխոսել։

- Հիմա ձեր կարծիքով այդ լարվածության պի՞կն է։

- Պիկը չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, եթե ասեմ, որ շոկոլադային վիճակ է, այդպես էլ չէ։ Մենք տեսանք, որ վարչապետը եկավ ԱԺ, պաշարեց խորհրդարանը իր կողմնակիցներով։ Դա լավ միտք չէր։ Նա, ով վարչապետին հուշել էր ժողովրդին բերել Ազգային ժողով, կարծում եմ՝ լավ բան չէր հուշել, վարչապետի լավը չէր ուզել։ Վարչապետն առանց դրա էլ կարող էր գալ, քննարկել։

Մեր հանդիպումը եղել է շատ նորմալ, հանգիստ մթնոլորտում։ Բայց այդ հարգանքի մթնոլորտը միայն ԱԺ նախագահի աշխատասենյակում էր, դրանից դուրս կային տարբեր վանկարկումներ, տարբեր սադրանքներ։ Դա ոչ միայն հակաօրինական էր, այլև առնվազն գործընկերային կոռեկտության ու էթիկայի սահմաններից դուրս էր։ Եթե մենք խոսում ենք փոխադարձ հարգանքից ու բերում ենք ժողովուրդ ու այդ ժողովրդին ասում՝ Ազգային ժողովը Բաստիլն է, պետք է Բաստիլը գրավե՞ն։

- Գուցե այդկերպ վարչապետը փորձում էր ցույց տալ ու վերահաստատել հանրային անվերապահ աջակցությունը իրեն, որովհետև տեսակետ կա, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխությամբ գաղտնի դավեր նյութեցիք կառավարության դեմ։

- Ինչո՞ւ, եթե ժողովուրդը Բաղրամյան կամ Դեմիրճյան փողոցում հավաքվեր, չէի՞նք տեսնելու, որ ժողովուրդ կա։ Հիմա 20-րդ դարը չի, երբ ինտերնետ չկար, բոլորս էլ դա գիտենք։ Եթե վարչապետը պետք է ընդամենը գար մեզ իրազեկեր, առանց գալու էլ էնտեղից իրազեկել էր, որ ինքը ԱԺ ընտրությունները դեկտեմբերին է առաջարկում։ Եթե գալու էր բանակցելու, թող բանակցեր, բայց այնտեղ բանակցություն չի էլ եղել։ Ասել, խոսել ենք, ամեն մեկս մեր կարծիքն ենք ասել։

Բանակցությունն այն է, որ յուրաքանչյուր կողմը պատրաստ է նվազագույն և առավելագույն զիջումների։ Ես վարչապետի մոտ տեսա խորհրդարանական ուժերից մաքսիմում զիջումներ կորզելու ցանկություն, ու դրա փոխարեն ոչ մի փոխզիջման չգնալ։ Իսկ թե ինչ է եղել կամ չի եղել՝ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, ու ես հիմա չեմ ուզում խոսել ո՛չ այդ օրենքից, ո՛չ պայմանավորվածություններից։

- Հիմա բանակցությունների համար դուռը բա՞ց է, փա՞կ է, թե՞ կիսաբաց։

- Ես միշտ կողմնակից եմ, որ թեկուզ փոքր, բայց միշտ միջանցք պահել երկխոսության համար։ Երբ միջանցքները փակվում են, խցանում է առաջանում և դրանից կարող է պայթյուն առաջանալ։ Դրա համար պետք է գոնե փոքր միջանցք թողնել։ Ի վերջո, նույնիսկ թշնամի երկրներն են իրար հետ բանակցում, ինքը մեր գործընկերն է եղել խորհրդարանում, ու չեմ կարծում, որ մենք կամ վարչապետը մեր երկրի թշնամիներն ենք։ Ես հենց այդ գաղափարներով ու բովանդակությամբ առաջարկներ եմ արել վարչապետին, որ մենք երեխաներ ունենք, պետք է մեր երեխաների աչքերին պարզ նայենք։ Ի վերջո, այս ամենի մեջ չպետք է դիտարկել միայն վարչապետի, միայն Շարմազանովի կամ քաղաքական ուժերի շահը։ Այս ամենի մեջ պետք է նայել պետության առջև ծառացած անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները, խնդիրները։

- Դուք խոսեցիք պայթյունի մասին, հիմա պայթյունի վտանգ կա՞։ ՀՀԿ-ն կգնա՞ իրավիճակն ավելի սրելու ճանապարհով։

- ՀՀԿ-ն չի սրման գնում, սրման գնում է կառավարությունը, երբ գալիս, պաշարում է օրենսդիր մարմինը։ Հայաստանի պատմության մեջ ոչ ընտրարշավի, ոչ հետընտրական զարգացումների ժամանակ իշխանությունը ժողովրդին տանում է խորհրդարանի վրա, որն անկախ օրենսդիր մարմին է։ Ինչքան էլ ասի սիրո ու համերաշխության հեղափոխություն։ Այսինքն ի՞նչ, ժողովուրդը պետք է մտներ մեզ ծեծե՞ր։ Կամ խորհրդարանում նախօրեին Փաշինյանի խոսքը վարչապետի խո՞սք էր։

Ասում է՝ կարող է ես չկարողանամ պաշտպանել ձեր ազատ քայլելու իրավունքը։

Բա դու վարչապետ ես ու պետք է քաղաքացու իրավունքը պաշտպանես, դու նաև դրա համար ես վարչապետ։ Սա ուղիղ մեսիջ է, որ գնացեք կերեք ՀՀԿ-ականներին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ի՞ն կամ նրանց, որոնք այդ օրենքն ընդունել են։

Բա էլ տեռորը ո՞նց է լինում։ Եթե մարդն օրենքը խախտել է, գնա բռնի, եթե օրենքը չի խախտել, ինչո՞ւ ես բռնում։ Մարդն ազատ տեղաշարժի իրավունք ունի, ու դու՝ որպես երկրի իշխանություն, պարտավոր ես յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ապահովել՝ անկախ իր կարգավիճակից։ Եթե դու դա ի զորու չես անել, պետք է հրաժարական տաս, գնաս։ Ի՞նչ կապ ունի՝ Միհրան Պողոսյանը պատգամավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե հանցանք է գործել, օրենքով սահմանված կարգով գործընթաց սկսի, ոչ թե խոսի սամասուդի մասին։

Սա պետությո՞ւն է, թե՞ անարխիա, մարդկանց բերել եք Ազգային ժողովի վրա։ Ես այստեղ մտահոգություն եմ տեսնում։ Ոստիկանությունն ասում է՝ 50 հազար մարդ է մասնակցել։ 3 մլն բնակչությունից 50 հազարին հանել եք փողոց, պետք է գան ճնշե՞ն։ Սահմանադրությունը պետք է պաշտպանվի, կամ եթե Սահմանադրությունը ճղում-շպրտում ենք, դա էլ է ձև։ Ասեք, որ Սահմանադրությունը շպրտում ենք, արդեն գործում է Փաշինյանի կամքը, թքած ունենք Սահմանադրության վրա էլ, օրենքների վրա էլ։ Ո՞րն էր ԱԺ-ի վրա ժողովուրդ բերելու նպատակը, օրենսդիր մարմնի անկախությունը պե՞տք է պաշտպանվի, թե՞ ոչ։ Որոշել ես ընտրությունների գնալ՝ գնա հրաժարական տուր։ Մենք կոնսենսուսի, բանակցությունների, երկխոսության, չսրելու կողմնակից ենք։ Ամեն ինչ թող լինի արժանապատիվ։ Այսինքն ի՞նչ, պատգամավորներն արժանապատվություն չունե՞ն, ղազագի՞ր պետք է բերեն ստորագրելու։ Կարելի է ամեն ինչ անել արժանապատիվ բանակցություններով։

- Մոտենում են Ֆրանկոֆոնիայի օրերը, նշվեց, որ դուք փորձում եք ձախողել այդ օրերը։

- Կյանքը շարունակվում է, և 5 տարի հետո իրենք պետք է հասարակությանը բացատրեն իրենց գնահատականները։ Փորձել Նիկոլ Փաշինյանի ցանկացած արարք փառաբանել, նրա ցանկացած քաղաքականություն գովերգել, փորձել Նիկոլ Փաշինյանից ավելի կաթոլիկ լինել՝ դա ձև չի։

Անձի պաշտամունքի՞ ենք գնում։

Ի՞նչ է արել էդ խեղճ Ազգային ժողովը, ԱԺ-ն ընդունել է օրենք, որ Սահմանադրությունը չխախտվի։ Ինչ-որ մեկը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է աշխատի, երբ նրա վրա ճնշո՞ւմ են գործադրում, ու պետք է ճնշման տակ ստորագրի՞։

Որևէ ժողովրդավարական երկրում խորհրդարանը քֆուրների, վիրավորանքների, հայհոյանքների ու ճնշման տա՞կ է քվեարկում։ Ժողովրդին բերել էր ԱԺ-ի վրա, մինչև ժամը երեքը պատգամավորները պատանդ էին մնացել, ու դրանով ցույց տվեց, որ ԱԺ-ն ճիշտ է արել, որ նման օրենք է ընդունել։ Եթե Նիկոլ Փաշինյանի կամքն ամեն ինչից վեր է, ցրե՛ք այս խորհրդարանը, պրծեք։

Կամ հայտարարեք, որ պառլամենտ չկա, օրենքն էլ ենք մենք ընդունում։ Հավաքվեք հրապարակում Նովգորոդյան վեչեի նման ու որոշումներ կայացրեք, էլ ինչո՞ւ ես արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը բերում խորհրդարան։ Եթե օրենսդիր մարմին է, այն գործում է իր ողջ լիազորությունների շրջանակներում։ Չի կարելի ձեզ անհրաժեշտ օրենքները բերել, ընդունել տալ խորհրդարանում, իսկ որ օրենքը պետք չի՝ ժողովրդին բերես ԱԺ-ի վրա։

Որևէ դեպքում խորհրդարանի վրա չպետք է ճնշում լինի։ Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և պատգամավորը քվեարկում է իր խղճի ու համոզմունքների համաձայն։ Ուզում է 3 մլն մարդ դուրս գա, ճնշում ԱԺ-ի վրա չպետք է լինի։

Դժգո՞հ ես պատգամավորի քվեարկությունից, ուզում ես արտահերթ ընտրություննե՞ր, հրաժարական տուր, գնա։

Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պատգամավոր է եղել, միշտ չէ, որ այսքան ժողովրդականություն է ունեցել։ Պատկերացրեք՝ մարդիկ 5 հազար ժողովուրդ հավաքեին ու գնային Փաշինյանին ճնշեին, ասեին՝ սենց պիտի քվեարկես, ի՞նչ էր անելու։ Պետք է ասեր՝ ապրի՞ ժողովուրդը։ Սա է իմ ասածը, ու էստեղ ֆրանկոֆոնիան ի՞նչ կապ ունի։ Եթե որևէ մեկն ապակայունացնում է իրավիճակը, դա հաստատ Ազգային ժողովը չի։

Մանե Հարությունյան

MediaLab.am