«Գորիսում վերացել է վախի մթնոլորտը». ըստ Գորիսի փոխհամայնքապետի՝ քաղաքում իրավիճակ է փոխվել

04-10-2018
1163 դիտում
«Գորիսում վերացել է վախի մթնոլորտը». ըստ Գորիսի փոխհամայնքապետի՝ քաղաքում իրավիճակ է փոխվել

Նախկինում` հիմնականում Սյունիքի նախկին մարզպետի անվան հետ կապված քրեական պատմություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող Գորիս քաղաքն այսօր դարձել է Հայաստանի եզակի քաղաքներից մեկը, որտեղ վախի մթնոլորտին փոխարինել են մեծածավալ շինարարական ու բարեկարգման աշխատանքները, ներդրումների հոսքը։ Այս մասին «Մեդիալաբին» ասում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

Յոլյանը նշում է. բիզնեսի ներգրավվածության և ներդրողների մոբիլիզացման շնորհիվ հաջողվել է քաղաքում հսկայական ռեֆորմներ իրականացնել, մասնավորապես շինարարության ոլորտում։

«Կարող եմ հստակ ասել, որ ներդրումների համար ստեղծված է ազատ ու արդար միջավայր։ Նմանատիպ շինարարության ծավալը խոսում է այն մասին, որ այսօր մարդիկ ազատ են, որևէ պայման իրենց առջև չի դրվում ներդրումներ անելուց առաջ»,- ասում է Յոլյանը։

Ներդրումային ծրագրերի առկայությունը Իրինա Յոլյանը պայմանավորում է քաղաքում տրամադրության փոփոխությամբ և ստեղծված վստահության մթնոլորտով:

Որպես փոխվստահության վառ օրինակ նա մատնանշում է պատմական նշանակություն ունեցող «Հին զանգեր» հուշարձանի հիմնովին վերակառուցումը:

Վերակառուցման համար անհրաժեշտ 160 միլիոն դրամից 7 միլիոնը ներդրել է համայնքը, իսկ մնացածը ներդրել են հիմնականում դրսում բնակվող գորիսեցի գործարարները:

Տարիներ առաջ այս հուշարձանը քանդվել էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կամայականությամբ, որը նույն տեղում կառուցել էր տվել ճարտարապետական տեսանկյունից ոչ բացառիկ հուշարձան` «Գորիսի զանգեր» անվանմամբ։

«Հին զանգերի» վերակառուցման գաղափարը 2017-ին քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանինն էր:

Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկում Առուշանյանը նշել էր, որ գորիսեցիներին է վերադարձնելու այն, ինչը ժամանակին խլել է Սուրիկ Խաչատրյանը:

Նույն հաջողությամբ, ահա, այսօր նորից գորիսեցիներին հասանելի է դարձել Հայաստանի մեծությամբ երկրորդ բնական՝ Սև լիճը, որը նույնպես նախկին մարզպետի սեփականությունն էր։

Գորիս համայնքի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում Առուշանյանը նշում է, որ համայնքի բնակիչների համար նախկինում արգելված նշված տարածքը բաց է քաղաքացիների համար, այն ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք պատկանում են հանրությանը, այսուհետ պետք է բացառապես հանրային լինեն:

12 տարի Սյունիքի մարզը ղեկավարած Սուրիկ Խաչատրյանի անունը կապվում է տարաբնույթ արյունոտ պատմությունների, սպանությունների, բռնությունների և անպատիժ մնացած հանցագործությունների հետ։ Նախորդող տարիներին նրան նաև հաջողվել է ահռելի կարողություն դիզել։ Գորիսում և Երևանում, օրինակ՝ նրա սեփականությունն են համարվում բազմաթիվ շենք-շինություններ, գազալցակայաններ, հյուրանոցներ։

Գորիսեցիները տարիներ շարունակ ապրել են ահաբեկված, վախի ու լարվածության մթնոլորտում, հատկապես որ բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններից հետո Սուրիկ Խաչատրյանն ու իր մտերիմները երբևէ չեն ենթարկվել պատասխանատվության։

Այսօր, սակայն, Իրինա Յոլյանը վստահեցնում է, որ Գորիսում իրավիճակ է փոխվել, վերականգնվել է մարդկանց հավատը, չկա վախի մթնոլորտ, մարդիկ համախմբված մասնակցում են համայնքում իրականացվող տարբեր ծրագրերի:

«Շինարարություն է իրականացվում ոչ միայն համայնքապետարանի կողմից, այլև անհատների։ Կառուցվում են հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, սեփական տներ, սա նշանակում է, որ մարդիկ ունեն հնարավորություն մրցակցային ներդրումներ անելու։

Այս բոլոր աշխատանքները, բնականաբար, հաջորդ տարվա համար ենթադրում են նոր բիզնեսներ, նոր աշխատատեղեր։ Եթե նախկինում որոշակիորեն դժվարություններ են եղել ներդրումների համար, այսօր պատկերն այլ է։ Այս տարի նախորդ տարվա համեմատ մասնավոր շինարարության ծավալը երկուսուկես անգամ մեծացել է»,- ասում է Յոլյանը։

Յոլյանը Հայաստանում բացառիկ է համարում այն, երբ մասնավոր սեկտորի ու տեղական ինքնակառավարման համագործակցության արդյունքում հաջողվում է իրականացնել հսկայածավալ աշխատանքներ ու որակական փոփոխություններ:

«Ամեն ինչ փոխվել է»,- ասում է նա։

Լուսանկարը՝ Գեւորգ Հայրապետյանի

Գայանե Մկրտչյան

MediaLab.am