«Եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ». Ծառուկյանը պնդում է, որ հակահեղափոխական չէ, եւ ըստ էության, պատրաստ է արտահերթ ընտրությունների

05-10-2018
515 դիտում
«Եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ». Ծառուկյանը պնդում է, որ հակահեղափոխական չէ, եւ ըստ էության, պատրաստ է արտահերթ ընտրությունների

«Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան… իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն, եւ նրանք չեն կարող «Բարգավաճ»-ով, իմ միջոցով գալ քաղաքականություն: Ես կարող եմ ասել՝ որպես Ծառուկյան, եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»:

Երեկ նման հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:

Ծառուկյանը այսպիես պատասխանել է այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ ինքը նպատակ ունի քաղաքականություն վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին:

Ծառուկյանը, ըստ էության, հաստատել է, որ պատրաստ է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված… Հո չե՞նք ասում ԱԺ ընտրություններ չենք ուզում: Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա, ուրեմն, մենք էլ ենք ուզում»,- ասել է Ծառուկյանը:

Նախապատրաստական աշխատանքներն էլ բացատրել է այսպես. հանդիպելու է արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Միաժամանակ Ծառուկյանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքը հակահեղափոխական չէ, որ ինքը աջակցել է հեղափոխությանը դեռ այն ժամանակ, երբ Սարգսյանը հրաժարական չէր տվել, որ անմիջապես արձագանքել է, երբ նախկին իշխանությունները բերման էին ենթարկել այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:

Ծառուկյանի խոսքով, երբ ինքը սկսել է աջակցել հեղափոխությանը, իրեն է զանգահարել Սերժ Սարգսյանն ու ասել, թե Ծառուկյանն այդպիսով իրեն մեջքից հարված է հասցրել:

«Սարգսյանի հետ սուր խոսակցություն ունեցա»,- հայտարարել է Ծառուկյանը:

Միաժամանակ Ծառուկյանն ակնարկել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներին պետք է փնտրի իր թիմակիցների մեջ, թե խնդիր չի տեսնում, որ իր կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները ազատվել են աշխատանքից, քանի որ իրեն ոչինչ պետք չէ՝ ոչ փող, ոչ պաշտոն, ինքն ամեն ինչ ունի: ԲՀԿ նախագահն ակնարկել է նաեւ, թե Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ օլիգարխները եւ թաղապետերը ծածուկ աջակցել են քաղաքապետի իշխանական թեկնածու Հայկ Մարությանին, որ իրեն միայն ժողովուրդն ու ժողովրդի բարեկեցությունն է հուզում, որ պատրաստ է Հայաստան բերել բազմաթիվ ներդրողների:

Ծառուկյանն ակնարկել է նաեւ, թե արտահերթ ընտրությունների հարցում հրատապությունը կարող է պայմանավորված լինել տնտեսական գործոնով, երբ այսօրվա իշխանությունները չեն կարողանում տնտեսական առաջընթաց արձանագրել, եւ այդ պատճառով էլ փորձում են այլ տեղ պատասխանատուներ ու մեղավորներ փնտրել, որ ներդրողներին առաջին հերթին կարող է վանել «ասֆալտին պառկեցնելու» կոչերն ու գործողությունները: