«Վտանգավոր իրավիճակներ կարող են լինել, բայց եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գնա հրաժարականի, մենք պետք է նրան աջակցենք». քաղաքագետ

05-10-2018
5402 դիտում
«Վտանգավոր իրավիճակներ կարող են լինել, բայց եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գնա հրաժարականի, մենք պետք է նրան աջակցենք». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

- Պարո՛ն Գրիգորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում հրաժարական կներկայացնի: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

- Ես դեմ եմ հրաժարականին, քանի որ չեմ հավատում ՀՀԿ-ի խոսքին: Երկրորդ` երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշ ժամանակ անց հրաժարական կտա, ինքը դա հստակ կապում է այն բանի հետ, որ ՀՀԿ-ն կարծես թե համաձայնել էր գնալ արտահերթ ընտրությունների:

Բայց դուք գիտեք, որ ՀՀԿ-ն վերջին մեկ-երկու օրերին հայտարարում է, թե ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա: Հրաժարական տալը իմաստ կունենար այն դեպքում, ինքն էլ այդ մասին հայտարարեց, որ իր մոտ տպավորություն էր, թե ՀՀԿ-ն համաձայնել է արտահերթ ընտրություններին: Բայց քանի որ իրենք հետ կանգնեցին իրենց խոսքից, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չպետք է տա:

Հրաժարական չտալու երրորդ պատճառն այն է, որ ՀՀԿ-ին հավատալը շատ վտանգավոր է: Ես չեմ տեսնում, որ ՀՀԿ-ն կանխատեսելի գործընկեր կարող է լինել: Տեսաք՝ թե իրենք ի՛նչ քայլեր կատարեցին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում ի՛նչ փոփոխություններ կատարեցին: Նրանք ելքեր են փնտրում, տարբեր հնարքներ են կիրառում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն: Հետևաբար, ուղղակի վտանգավոր է նրանց հավատալը:

Եվ մյուս՝ ամենակարևոր գործոնը հետևյալն է. այսօր Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը կառավարությունն է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք հասարակության մեծ մասի վստահությունն են վայելում, մյուս ինստիտուտները կասկածելի վիճակում են: Նույն Ազգային ժողովը շատ ցածր լեգիտիմություն ունի, մեծ գաղտնիք չէ, թե ինչպես են անցել Ազգային ժողովի նախորդ տարվա ընտրությունները: Դա է պատճառը, որ մենք իրավունք չունենք կորցնելու այդ միակ լեգիտիմ ինստիտուտը: Դա, ի վերջո, հայ ժողովրդի, հայոց պետության կայունության երաշխիքն է:

- Իսկ վարչապետի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն ի՞նչ սցենարներ կարող է առաջ բերել:

- ՀՀԿ-ն ասում է՝ հարց չկա, մայիսին մենք կհամաձայնենք արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ես ասում եմ՝ ո՞նց մենք կարող ենք իրենց հավատալ, եթե գիտենք, որ ըստ Սահմանադրության, երբ լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Եվ իմ կարծիքով՝ իրենք գործընթացը ձգձգում են հենց այդ պատճառով, որ անվստահություն հայտնեն:

Դրա դեմն առնելը շատ դժվար կլինի, նույնիսկ եթե ժողովրդի 100 տոկոսը հօգուտ Նիկոլ Փաշինյանի խոսի ու պայքարի: Միջազգային հանրությունն այսօր ասում է՝ տեսե՛ք ինչ ճնշումներ են ՀՀԿ-ի նկատմամբ: Այդ ՀՀԿ-ի պատգամավորները գնում են Եվրոպա, բոլոր տեղերում բողոքում են, թե իբր այստեղ ճնշումներ են:

Բայց իրենք ինչ ուզում, անում են, հեռուստաալիքները միացնում ես՝ իրենք են, ինչի՛ց են բողոքում: Իրենք ոչ թե պետության ու Ազգային ժողովի շահից են խոսում, այլ առաջ են տանում իրենց անձնական հարցերը, ուզում են պահպանել իրենց մանդատները, դիրքը: Եվ հանուն դրա նրանք ամեն ինչի գնում են, իսկ դա շատ վտանգավոր է պետության համար: Մենք այս խնդրին չենք նայում այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանի համար է վտանգավոր, դա պետության համար է շատ վտանգավոր:

Հետևաբար, ես չեմ հավատում իրենց, որ իրենք ուզում են մայիսին ընտրություններ անցկացնել: Իրենք ուղղակի ձգձգում են ժամանակը, որպեսզի սկսեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

- Եթե Փաշինյանը հրաժարական է տալիս ու հայտարարում, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ են լինելու, ՀՀԿ-ն կարո՞ղ է նրա հրաժարականից հետո գործնականում տապալել այդ ընտրությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի սցենարով չավարտվեն դրանք:

- Այո՛, վտանգավոր իրավիճակներ կարող են լինել: Բայց եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գնա հրաժարականի, մենք պետք է հասկանանք՝ նրան պետք է աջակցենք: Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է նորից դուրս գան փողոց և հետևողական պայքարեն, քանի որ ցավով պետք է ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը հիմա հակապետական գործունեություն է ծավալում: Եվ երբ ես ասում եմ՝ ՀՀԿ-ն, պարզ է, որ նկատի ունեմ այդ կուսակցության վերանախավը և խորհրդարանական խմբակցությունը:

- Մենք նաև տեսանք, որ նրանց աջակցում են ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

- Դա հասկանալի է, բայց այդ ամենի շարժիչ ուժը ՀՀԿ-ն:

- Այս փուլում կարծես առանցքային դերակատարում ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Արդեն վարչապետը նրան կոչ է արել չստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որը կարող է խոչընդոտել Ազգային ժողովը ցրելու գործընթացը: Եթե նախագահը չստորագրի այն և ուղարկի Սահմանադրական դատարան, դրանով ժամանակ կշահի: Ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը:

- Ես Արմեն Սարգսյանին մի փոքր ճանաչում եմ, նույնիսկ հանդիպել եմ իր հետ: Պետք է ասեմ, որ բացառում եմ, որ Արմեն Սարգսյանը կստորագրի այդ օրենքը: Եվ դա կապված չէ սիմպատիաների հետ, առաջինը՝ նա կլսի ժողովրդի ձայնը, երկրորդ՝ նա պետականամետ գործիչ է ու օրենքը հասկացող:

Ինքը շատ լավ գիտի, որ ԱԺ երեք խմբակցությունների կողմից ընդունված այդ օրենքը հակասահմանադրական է: Ոնց կարո՞ղ է Ազգային ժողովը չցրվել: Ժողովրդավարական երկրներում միշտ գործում է մեխանիզմ, որով Ազգային ժողովները ցրվում են: Ո՞նց կարող են փակել այդ ճանապարհը, դա ժողովրդավարությանը դեմ է: Եվ նախագահը դա շատ լավ հասկանում է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am