«Վարչապետի հրաժարականի դեպքում անկայունությունն ու անորոշությունը կմեծանան, որը խիստ վտանգավոր է». քաղաքագետ

07-10-2018
4476 դիտում
«Վարչապետի հրաժարականի դեպքում անկայունությունն ու անորոշությունը կմեծանան, որը խիստ վտանգավոր է». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

- Պարո՛ն Շիրինյան, այն բանից հետո, երբ ԲՀԿ-ին մեղադրեցին արտահերթ ընտրությունների հարցում ՀՀԿ-ին սատարելու մեջ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվեց ՝ հայտարարելով, որ ինքը միշտ հեղափոխության կողքին է եղել: Նա նաև իրեն է վերագրում հեղափոխության հաջողությունները, հայտարարեց, որ այդ գործում իր լուման ունի հենց առաջին օրից: Ընդհանրապես, ի՞նչ վարքագիծ է դրսևորում ԲՀԿ-ն, և առաջիկայում ի՞նչ կարող ենք սպասել այս ուժից:

- Դա այս քաղաքական գործընթացի ամենաբարդ հարցն է: ԲՀԿ-ն և՛ նախկին իշխանություններին է մաս կազմել, և՛ անկայուն վարքագիծ է դրսևորել: Որպես օլիգարխիկ կառույց՝ նա անցյալի հետ է, երրորդ հանրապետությունում: Բայց ի տարբերություն մյուս դոգմատիկ ուժերի, Ծառուկյանը փորձում է ներկայի ու ապագայի հետ լինել: Այդ փորձերը նրա կուսակցությանը հաղորդում են որոշ անհետևողականություն և տատանումներ: Բայց եթե ժողովրդական շարժումը հզոր լինի, նա հաստատ անցնելու է հեղափոխության կողմը: Չմոռանանք նաև այն վիրավորանքը, որը նա ստացել է Սերժ Սարգսյանից և նրա հանրապետական խմբից: Դա ավելի շատ Ծառուկյանին կմոտեցնի հեղափոխությանը, բայց անկանխատեսելիության գործոնը նրա մոտ շատ մեծ է:

- Նիկոլ Փաշինյանը խոսում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ԲՀԿ-ն դեկտեմբերին կգնա՞ արտահերթ ընտրությունների, կսատարի՞ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

- Այո՛, Նիկոլ Փաշինյանի և ժողովրդական զանգվածի ճնշման տակ կգնա: Նա ՀՀԿ չէ, վարքագծի տատանողական դրսևորում կունենա, բայց կգնա արտահերթ ընտրությունների: Եթե Փաշինյանի դիրքորոշումը կարծր լինի, ժողովրդի պահանջը՝ մեծ, նա հաստատ թքած կունենա Սերժի ու Ռոբերտի վրա: Հիմա էլ թքած ունի:

- Իսկ ընտրությունների դեպքում ի՞նչ դիրքերում կարող է լինել ԲՀԿ-ն: Օրինակ՝ Ծառուկյանը կարո՞ղ է հավակնել վարչապետի պաշտոնին:

- Չի կարող, որովհետև ժողովրդի գնահատականն իր հետ չէ կապված: Ժողովուրդն իր գնահատականը տվել է Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ևս ԲՀԿ-ն 7-8 տոկոս ձայն կստանա, ավելիի շանսեր չկան:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Նա նաև ասաց, որ մինչ այդ հրաժարական կտա: Ընդհանրապես այս քայլը ճի՞շտ եք համարում, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականը:

- Ես ճիշտ տարբերակ եմ համարում այն, որ Փաշինյանը հանրաքվեով գնա արտահերթ ընտրությունների: Հանրաքվեի պետք է դրվի երեք հարց, որոնց իրականացումը Հայաստանի համար ձեռնտու կլինի: Ասեմ՝ որոնք են այդ հարցերը:

Առաջին՝ Ազգային ժողովի արձակում, երկրորդ՝ հանրաքվեով պետական խորհրդի ստեղծում և գործադիր ու օրենսդիր իշխանության հանձնում այդ խորհրդին, մինչև նոր ընտրությունների անցկացում և նոր կառավարության ձևավորում:

Եվ երրորդ՝ ամենակարևոր հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պետք է առաջադրի իր թեկնածությունը, նրա ընտրությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով: Այս երեք կետը պետք է մտցնել հանրաքվեի թերթիկի մեջ, դա երկրում կապահովի կայունություն, կանխատեսելիություն և կհաստատի ժողովրդի հաղթանակը: Դրանով էլ վերջ կտրվի երրորդ հանրապետությանը, կսկսվի նոր փուլ, որն էլ կկոչվի չորրորդ հանրապետություն: Այսինքն՝ որակական նոր անցում տեղի կունենա:

- Այդ դեպքում վարչապետի հրաժարական չի՞ լինելու:

- Ո՛չ, նա հրաժարական չպետք է տա, որովհետև դա խիստ վտանգավոր է: Եթե նա հրաժարական է տալիս, նշանակում է Հայաստանում 14 օր աշխատանքային օրեր չեն լինի: Պատկերացրեք աղքատ երկրում 14 օր հանրահավաքներ, երթեր ու անկայունություն են լինելու, պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Երկրորդ՝ դա կարող է բերել հինգերորդ շարասյան ակտիվացման կամ ուժեղ միջամտության:

Իշխանության մեջ նաև Սերժի ու Ռոբերտի կողմնակիցները կակտիվանան, նաև Մանվել Գրիգորյանի պես մարդիկ կարող են հայտնվել: Դրա համար ես առաջարկում եմ հրաժարականի ճանապարհով չգնալ, դա վտանգավոր է: Հանրաքվեի առաջարկն այդ երեք կետերով ամենալավագույն տարբերակն է:

- Իսկ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի հնարավոր աջակցության միջոցով կարո՞ղ է հաջողությունների հասնել քաղաքական դաշտում: Ընդհանրապես բացառո՞ւմ եք ԲՀԿ-Քոչարյան միասին հանդես գալը: Ծառուկյանն իր հարցազրույցում անգամ երդվում էր, որ իր միջոցով ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն վերադառնա:

- Ո՛չ, Քոչարյանը ժողովրդի աչքին ոչ մի գործոն էլ չէ: Բայց եթե խարդավանքներով են գործում, ուրեմն կարող է գործոն լինել: Բայց մեծ հաշվով նա քաղաքականության մեջ գոյություն չունի, ժողովրդի կողմից նրա նկատմամբ միայն թշնամանք ու արհամարհանք կա: Բայց խարդավանքների պարագայում գիտեք ինչ է լինում: Դրա համար Սերժն ու Ռոբերտն այդ շրջանում պետք է մեկուսացված լինեն հասարակությունից: Դա երկրի անվտանգության պահանջն է:

- «Այդ շրջան» ասելով՝ նկատի ունեք, եթե վարչապետը հրաժարակա՞ն տա:

- Այո՛, դա մի շրջան է լինելու, երբ անկայունությունն ու անորոշությունը կմեծանան: Պետք է զգույշ լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am