Արմեն Սարգսյանը ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցություններ է նախաձեռնել

10-10-2018
163 դիտում
Արմեն Սարգսյանը ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցություններ է նախաձեռնել

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Այդ մասին տեղեկացնում են նախագահականից` նշելով, որ այսօր Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրները հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: