«Մինչև հիմա, վստահ եմ, Արայիկ Խանդոյանին խոշտանգողները շարունակում են իրենց ծառայությունը, սա ամոթալի է նոր իշխանության համար». Ժաննա Ալեքսանյան

10-10-2018
1226 դիտում
«Մինչև հիմա, վստահ եմ, Արայիկ Խանդոյանին խոշտանգողները շարունակում են իրենց ծառայությունը, սա ամոթալի է նոր իշխանության համար». Ժաննա Ալեքսանյան

Երեկ սրտի կաթվածից մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը), ով բոլորովին վերջերս՝ օգոստոսի 17-ին, ազատ արձակվեց դատարանի դահլիճից և միացավ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանը ենթարկվել էր խոշտանգման և ծեծի, ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ բռնություն էր գործադրվել դատարանում, գործը շուրջ մեկ տարի է՝ ՀՔԾ-ում է.

«Ասում են՝ մեղադրանքներ են առաջադրել։ Ես չեմ հասկանում, թե ինչու էր մեղադրանքների առաջադրումն այդքան ձգվում, երբ հայտնի են կատարողները, և նրանք լկտիաբար շարունակում էին ուղեկցել նույն Խանդոյանին։ Նրանք 15 հոգով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նկուղային հարկում Խանդոյանին անմարդկայնորեն խոշտանգել էին՝ ձեռքերը շղթայված։ Նույնիսկ տեղը նեղ է եղել, հերթ են կանգնել, որ հերթով ծեծեն։ Սա նախկին իշխանության, ոստիկանության դեմքն է՝ Սերժ Սարգսյանի թողտվությամբ»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ ամենասարսափելին այն է, որ այդ նույն դատարանի նախագահը երբևէ մեկ բառ անգամ չի ասել, որ աննախադեպ երևույթ է տեղի ունեցել, որ դատարանի շենքում մարդկանց խոշտանգել են:

«Դատարանում արդարադատություն է իրականացվում, և մարդը չէր կարող բռնության ենթարկվել։ Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ դա տեղի ունենա նաև դատարանում։ Ու դրանից հետո նույն մարդը՝ գումարտակի հրամանատար Ղազարյանը, շարունակում էր ուղեկցել Խանդոյանին։ Դա ցույց էր տալիս այդ իշխանության սադիզմը։ Խորապես ցավում եմ տեղի ունեցածի համար՝ նման ազնվագույն մարդու, հերոսի, անհատականության, նվիրյալի համար։ Նա չգնահատվեց իշխանությունների կողմից, հույս ունեմ, որ կգնահատվի մեր կողմից»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը նկատեց, որ Արայիկ Խանդոյանի փաստաբանները, պաշտպաններն ասում են, որ նա առողջական խնդիրներ ուներ, նաև պնդում են, որ նրա նկատմամբ ծեծը կարող էր ազդեցություն ունենալ նրա առողջական վիճակի վրա, ավելի սրեր վիճակը և դա ավարտվեր մահվան ելքով.

«Ես ուղղակի կոչ եմ անում նոր իշխանություններին՝ հետազոտել, պարզել բոլոր հանգամանքները և հանրությանը թափանցիկ, բացահայտ ներկայացնել քննության արդյունքները։ Մինչև հիմա, ես վստահ եմ, Արայիկ Խանդոյանին խոշտանգողները շարունակում են իրենց ծառայությունը։ Սա ամոթալի է նոր իշխանության համար, որ այդ մարդիկ ցինիկորեն, լկտիաբար խոշտանգել են կալանավորված անձանց, ինչպես կարելի է ձեռնաշղթա հագցնել ու նման ձևով խոշտանգել։ Այս գործով տուժող են ճանաչվել, արձանագրվել են վնասվածքները նրանց մեկուսարան ընդունելիս։ Ամեն ինչ բացահայտ հայտնի է, բայց դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»։

Փոխվել են այն ժամանակները, որ, ըստ իրավապաշտպանի, պետք է ծեծեին, բռնության ենթարկեին, ու Սերժ Սարգսյանն ասեր՝ մոռացեք։ Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը պետք է հայտարարի, ասի, որ բացահայտելու են, և որևէ մեկն անպատիժ չի մնալու.

«Ընդ որում՝ ոչ թե հայտարարեն, այլ մեզ ցույց տան, քանի որ այս դեպքը ամբողջությամբ սրում է իրավիճակը։ Սա պահանջ է իշխանությանը՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել առաջին հերթին գումարտակի հրամանատար Ղազարյանին։ Նա չպետք է ծառայի ոստիկանությունում, նա ինչո՞ւ է ծառայում ոստիկանությունում։ Դրանից հետո ինչպե՞ս մտածենք, որ ոստիկանությունը մի օր փոխվելու է»,- ասաց իրավապաշտպանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am