Ո՞վ է Փաշինյանի արտաքին հարցերով զբաղվող խորհրդականը՝ պարտքեր ունեցող, սիգարի բիզնեսով զբաղվող ձեռնարկատեր. «Եվրազիանեթ»

14-10-2018
1104 դիտում
Ո՞վ է Փաշինյանի արտաքին հարցերով զբաղվող խորհրդականը՝ պարտքեր ունեցող, սիգարի բիզնեսով զբաղվող ձեռնարկատեր. «Եվրազիանեթ»

«Եվրազիանեթ» կայքը հոկտեմբերի 12-ին հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին: Ըստ հրապարակման` Գասպարյանը քիչ հայտնի, պարտքեր ունեցող սիգարի բիզնեսով զբաղվող ձեռնարկատեր է, որի նշանակումը վարչապետի որոշումների կայացման վերաբերյալ մտահոգության առիթներն ավելի է շատացնում:

Գասպարյանը պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար ու հուլիսին նշանակվելուց հետո արդեն մի քանի անգամ հանդիպել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա մեկնած Փաշինյանի պատվիրակության կազմում էր:

Կայքի թղթակից Գրիգոր Աթանեսյանը պարզել է, որ ԱՄՆ-ում վարչապետի խորհրդականի դեմ չվճարված պարտքերի պատճառով վերջին երեք տարում երեք դատական հայց է ներկայացվել: Խոսքը մոտ 25 հազար դոլարի մասին է: Դատական հայցերից երկուսը հանգուցալուծվել են, մեկը դեռ շարունակվում է: Հոդվածը ենթադրում է, որ թեպետ գումարը մեծ չէ, սակայն, անխուսափելիորեն հարցեր է առաջացնում անձի խոցելիության և հավատարմության տեսանկյունից:

ԱՄՆ-ում պաշտոնատար անձի նման ֆինանսական պատմությունը կարմիր քարտի հիմք կլիներ՝ «Եվրազիանեթին» ասել է Էնդի Ռայթը, որը ծառայել է Սպիտակ տանը Օբամայի նախագահության տարիներին: Իհարկե, Հայաստանի ավանդույթներն այլ են, սակայն Գասպարյանի դեպքում Փաշինյանի ընտրությունը համընկնում է արտաքին քաղաքականության մի շարք սխալների հետ ու կարող է առիթ լինել քննադատների համար, որոնք ասում են, որ նոր առաջնորդի թիմը պրոբլեմատիկ է:

Գասպարյանը «Եվրազիանեթին» ասել է, որ հայցադիմումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի: «Դա քաղաքացիական հայց է, և իմաստ չունի գրել դրա մասին, քանի որ այն ոչ ոքի չի հետաքրքրում,- նշել է նա: - Սա խիստ անձնական գործ է»: Նա հավելել է, որ չի նախատեսում մասնակցել գործի հերթական լսումին, քանի որ դա «փաստաբանների գործն է», մինչդեռ դատական գործում նշված է, որ Գասպարյանն ինքն է պաշտպանում իր շահերը: