Դաշնակցություն մանդատ կուզե

14-10-2018
6413 դիտում
Դաշնակցություն մանդատ կուզե

Հայաստանի քաղաքական կյանքի թմբիրն այս տարի խաթարվեց: Հայտնի դեպքերը բերեցին այն հանգրվանին, որում գտնվում ենք այսօր:

Պատմաբան կամ պատմիչ Լեոին, ինչպես կուզեք, կարող եք վստահել, կարող եք՝ դատափետել: Ճաշակի և գիտելիքի հարց է: Բայց նա միշտ հետաքրքիր մանրամասներ է գրում Դաշնակցության մասին:

Լեոն այսպիսի դրվագ է հաղորդում.

«Երբ տեղի ունեցան Ադանայի կոտորածները, օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրեցին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով: Եվ երբ «Բյուզանդիոն» լրագրի խմբագիր Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որն ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրև ռոճիկ, դաշնակցական … հարձակվեց նրա վրա ու ծեծեց»: Բազմակետի տեղում Լեոյի որակավորումն է, այդիվ բաց ենք թողնում:

Սակայն կուսակցության պատմությանը չէ, որ ուզում ենք անդրադառնալ: Մեզ ավելի շատ հետաքրքիր է այդ կուսակցության, իսկ եթե ավելի անկեղծ՝ կուսակցության հայաստանյան ղեկավարների քաղաքական դեգերումները:

Դաշնակցությունն արդեն մի քանի անգամ եղել է իշխանական բուրգում, ստանձնել ամենատարբեր նախարարական պաշտոններ: Հանդես է եկել տարբեր ամպագոռգոռ հայտարարություններով առ այն, որ գալիս են ինչ-որ բան փոխելու, գալիս են իրավական դաշտ բերելու, գալիս են իրենց վստահված ոլորտներում կարգ ու կանոն հաստատելու, սակայն այս ամենը բավական հեռու է իրականությունից: Իհարկե, նախկին իշխանության համատարած ուզուրպացիայի պարագայում ցանկացած կուսակցություն, որը գնում էր կոալիցիա, շատ լավ հասկանում էր, որ ասիմիլացվելու էր այդ համակարգին ու որևէ դրական բան հասարակության համար չէր կարողանալու անել: 

Այստեղ, անշուշտ, կուսակցություններն ունեն իրենց նեղ անձնային շահերը: Ընդսմին, եթե սրանց էլ գումարում ենք այդ ոլորտներում առկա ձայներն ընտրություններից առաջ, ապա կուսակցական շահը դառնում է ամբողջական և գերակա հասարակական շահի նկատմամբ: Այս կուսակցության որևէ գործիչ որևէ նախարարական պաշտոն զբաղեցնելիս երբեք հանդես չի եկել դարակազմիկ գործընթացներով կամ գոնե ոլորտին տիրապետելու պրոֆեսիոնալ մոտեցումներով: Նրանք միշտ էլ եղել են միջին տրամաչափի քաղաքական դեմքեր, ովքեր «յոլա» են տարել իրենց պաշտոնը, մինչև նորից կբացվի առավոտը:

Լոյալ հոգեվիճակը ցանկացած իրավիճակային իշխանությանը դարձել էր այդ կուսակցության առաջնորդների գործելաոճի անքակտելի բաղկացուցիչը: Իհարկե, երբեմն-երբեմն «ընդդիմադիր» առկայծումներ լինում էին, սակայն դրանք ավելի կարճ էին տևում, քան մթնշաղի արևի լուռ հառաչը:

Հակասությունների այս կծիկը տիպական է դառնում Արմեն Ռուստամյանի երկիմաստ հայտարարություններում, երբ Սարգսյանի դեպքում չի նկատում սուպերվարչապետական համակարգի վտանգ, իսկ ա՛յ Փաշինյանի դեպքում տեսնում է: Նորից հղում անենք զորավոր պատմությանը՝ դեմ ըլլալով, կողմ ենք:

Իսկ հիմա ի՞նչ են ուզում նրանք, երբ դեմ են արտահայտվում դեկտեմբերին անցկացվելիք ընտրություններին:

Չէ՞ որ, ինչպես համոզել են մեզ տարիներ ի վեր, այդ կուսակցությունն ունի 5-7 տոկոս կայուն ընտրազանգված: Իսկ միգուցե այդպես չի՞ եղել, հնարավոր է, որ ընդհանրապես չի եղել նման բան:

Քավ լիցի, ես որևէ խնդիր չունեմ գաղափարական ազգայնականության, սոցիալիզմի կամ լիբերալիզմի դեմ, հենց դրանք են գունավորում մեր գաղափարաքաղաքական դաշտը, եթե կա այդպիսին: Բայց այս դեպքում մեզ պակասում է մի Երվանդ Օտյան, որը լավագույնս կբնութագրեր այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում ՀՀԿ-ի երբեմնի կոալիցիոն գործընկերների հետ: 

Հընթացս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Դաշնակցությունը, եթե անգամ վերջնականապես գժտվի իշխանության հետ, չի կարող խաղալ լուրջ ընդդիմություն: Դա ունի իր խորքային և պատմական բազմաթիվ հիմնավորումները: Ու այս ֆոնին երևի թե պատահական չէ վերջին շրջանի գների բարձրացումը: Ի վերջո, գներն ամենուր են բարձրանում, իսկ ինչո՞ւ անել զեղչեր քաղաքական դաշտում:

Ի՞նչ է մնում անել Դաշնակցությանը:

Թերևս հին սկզբունքի համաձայն՝ բացել դռները և սպասել, որ մի օր արևն էլի շքամուտքից ներս կմտնի, իսկ հայ-թուրքական սահմանի բացման թեման նորից պատեհ առիթ կլինի կայծակնային ընդդիմություն դառնալու համար:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am