«Կարող ենք 99,99 տոկոսով ասել, որ վարչապետի հրաժարականից հետո ամեն ինչ շատ խաղաղ կանցնի». Արմեն Բադալյան

15-10-2018
3252 դիտում
«Կարող ենք 99,99 տոկոսով ասել, որ վարչապետի հրաժարականից հետո ամեն ինչ շատ խաղաղ կանցնի». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու: Ի՞նչ սպասել առաջիկա երկու շաբաթների ընթացքում:

- Արդեն պարզ է, որ դեկտեմբերին գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որոշ ժամանակ էր պահանջվում Ազգային ժողովում ներկայացված ուժերի հետ բանակցություններ անցկացնելու համար, որպեսզի նրանք վարչապետ չընտրեն:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ից նախկինում դուրս եկած, ինչպես նաև հենց ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող որոշ պատգամավորներ նույնպես հայտարարեցին, որ իրենք դեկտեմբերին են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը, արդեն պարզ դարձավ, որ Ազգային ժողովում ընդգրկված ուժերն այլևս ի վիճակի չեն նոր վարչապետ ընտրելու:

Կարող ենք 99,99 տոկոսով ասել, որ վարչապետի հրաժարականից հետո ամեն ինչ շատ խաղաղ կանցնի: Երկու անգամ վարչապետի թեկնածու չի առաջադրվի, դրա հետևանքով չի ընտրվի վարչապետ, և օրենքի ուժով Ազգային ժողովը կարձակվի:

Դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կմեկնարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Իհարկե, դեռևս ուժի մեջ է մնում հոկտեմբերի 2-ին ընդունված «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հարցը, որը նախագահն այս պահին դեռ չի ստորագրել: Ենթադրում եմ, որ այն կուղարկվի Սահմանադրական դատարան, մինչև այնտեղ էլ քննարկեն Սահմանադրությանը օրենքի համապատասխանության հարցը, խորհրդարանն արդեն կարձակվի, և նոր խորհրդարանի վրա դա այլևս չի տարածվի:

Այս պայմաններում 0,1 տոկոս հնարավորություն ենք թողնում, որ ՀՀԿ-ն կամ Ազգային ժողովում ներկայացված այլ ուժեր փորձեն վարչապետի թեկնածու առաջադրելով ու անցկացնելով ինչ-որ գործողություններ անել: Դա շատ քիչ հավանական է, իրականում արդեն գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչը տրամաբանական է:

- Ոչ խորհրդարանական ուժերի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջիկա երկու շաբաթներին միջամտություն չի՞ լինի այս գործընթացներին:

- Իհարկե ֆորսմաժորային իրավիճակները հնարավոր չէ կանխատեսել, բայց կարող ենք ասել, որ ոչ միայն երկրորդ նախագահի կողմից, նաև այլ շահագրգիռ կողմերից բոլոր գործողություններն արդեն իմաստազրկվում են, որովհետև ժամանակ չկա ինչ-որ գործողություններ իրականացնելու, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:

- Այսինքն՝ արդեն փակվո՞ւմ է այն հարցը, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հասարակությունը պետք է պաշարի խորհրդարանի շենքը:

- Այո՛: Եթե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա դրա կարիքն այլևս չկա: Արտահերթ ընտրությունների գնալու երկու ճանապահ կա՝ չոր և փափուկ: Չորն այն է, որ Ազգային ժողովում ներկայացված ուժերը չեն համաձայնում վարչապետի հետ և հայտարարում են, որ հենց նա հրաժարական տվեց, նոր վարչապետ կընտրեն:

Այդ դեպքում Ազգային ժողովը կշրջապատվեր մարդկանց կողմից: Բայց ընտրվեց փափուկ ճանապարհը, որովհետև Հանրապետական կուսակցությունը միգուցե հասկացավ, որ օրենքներով, հրովարտակներով, այլ որոշումներով հնարավոր չէ պատմության անիվը պտտել: Հիմա պատմության անիվը պտտվում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մյուս ուժերն արդեն ժամանակ էլ չունեն կազմակերպչական գործողություններ իրականացնելու, որպեսզի այս ընթացքում իշխանության ձևավորման գործընթացի վրա ազդեն:

- Արդեն քննդատություններ են հնչում, որ Հայաստանում նորից միակուսակցական համակարգ է ստեղծվում, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը համեմատում են ՀՀԿ-ի հետ: Նման միտումներ նկատելի՞ են:

- Դա բացարձակ անգրագիտություն է: Բոլոր նրանք, ովքեր նշում են, որ այսօր Հայաստանում ստեղծվում է «Քաղաքացիական պայմանագրի» մենիշխանությունը, ուղղակի բացահայտ անգրագետ են: Մենիշխանություն ստեղծում են միայն այն ժամանակ, երբ դրա հիմքում դրված է արհեստականությունը:

Արհեստական ճանապարհով երկու ձևով է ստեղծվում դա, առաջին՝ երբ այլ կուսակցությունների արգելում են գործել, նրանց անդամներին աքսորում են, գնդակահարում, բանտարկում են և այլն: Երկրորդ ճանապարհն ավելի փափուկ ճանապարհն է, որի լավագույն օրինակը Հայաստանում էր՝ սկսած 1995 թվականից, երբ ընտրությունների ժամանակ կեղծիքներ տեղի ունեցան, և արհեստականորեն դրվեց միակուսակցական համակարգի հիմքը:

Հետագայում այդ կեղծիքները վերածվեցին ընտրակաշառքի, և արդեն վերջին 10 տարիների ընթացքում բռնություն չէր կիրառվում, ուղղակի ընտրակաշառքի միջոցով ազդում էին ընտրությունների արդյունքի վրա: Եվ փաստացի ստեղծվել էր միակուսակցություն, երբ բոլորը Հանրապետականի անդամ էին: Հիմա վերևից ոչ ոք մենիշխանություն չի ստեղծում: Դրա լավագույն օրինակն այն է, որ չորս քաղաքներում՝ Էջմիածնում, Հրազդանում, Արմավիրում և Կապանում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Հայաստանում նոր մենիշխանության հաստատման վտանգ կա, ոչ ոք չի խանգարում գնալ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաղթանակ տանել և թույլ չտալ, որ Հայաստանում ստեղծվի մենիշխանություն: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող կուսակցություններից ոչ մեկը տեղներից չի շարժվում ոչ միայն ՏԻՄ ընտրությունների համար, այլ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին որևէ քայլ չեն ուզում անել: Նրանք փոխարենը լավ քննադատում են, թե ՔՊ-ն քաղաքական դաշտում նոր մենաշնորհ է ստեղծում:

Այդպիսի բան չկա, քանի որ հասարակության կողմից ազատ ու արդար ընտրությունների դեպքում մենաշնորհներ չեն ստեղծվում: Այո՛, կարող է ինչ-որ կուսակցություն պառլամենտում մեծամասնություն ունենալ, դա նորմալ է, կարող ենք բերել Եվրամիության բազմաթիվ երկրների փորձը, որտեղ մեկ կուսակցությունը շատ երկար իշխում է: Երբ մեկ կուսակցությունը խորհրդարանում ունենում է ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնություն, դա դեռևս մենիշխանություն չէ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am