«Եթե շարունակվում են հոնքեր բարձրացնող նշանակումները, դա կարող է նշանակել, որ իշխանությունում ինչ-որ հաշվարկներ ունեն»․ քաղաքագետ

16-10-2018
6512 դիտում
«Եթե շարունակվում են հոնքեր բարձրացնող նշանակումները, դա կարող է նշանակել, որ իշխանությունում ինչ-որ հաշվարկներ ունեն»․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հունան Պողոսյանին նշանակել մարզպետ, երբ նա առնվազն սերտ կապեր ունի նախկին իշխանությունների հետ: Ինչո՞վ էր պայմանավորված, որ ուժային կառույցի նախկին ղեկավարի են նշանակում մարզպետ: Սա ի՞նչ մեսիջ է իր մեջ պարունակում:

- Ինձ համար դա նույնքան հանելուկ է, որքան և ձեր: Բայց չեմ բացառում, որ նախքան հրաժարական տալը սա հաղորդագրություն է ներկա և նախկին ուժայիններին, որ եթե իրենք ներկա իշխանությունների կողքին մնան, ապա կարող են և պետական բարձր պաշտոնների հավակնել: Այլ բացատրություն այս պահին չեմ գտնում, թեև դա էլ մի տեսակ խնդրահարույց տարբերակ է:

- Այս կառավարությունն ամենաշատը քննադատվել է իր կադրային քաղաքականության համար։ Հիմա էլ ավելի խոցելի չի՞ դառնում։

- Այո՛, առկա են որոշ նշանակումներ, որոնք իշխանության վարկանիշը հասարակության մոտ հաստատ չեն բարձրացնում: Կարծում եմ՝ այդ մասին գիտեն և իշխանությունում: Եվ եթե շարունակվում են հոնքեր բարձրացնող նշանակումները, դա կարող է նշանակել, որ իշխանությունում ինչ-որ հաշվարկներ ունեն: Կամ կան փաստեր, որ մի քանի հոգու են միայն հայտնի, և այդ փաստերը առավելակշռում են հանրային ընկալմանը: Դա է առավել խելամիտ բացատրությունը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, այսօր վարչապետը հրաժարական է տալիս։ Բացառո՞ւմ եք այս շաբաթներին որևէ սադրանք կամ ֆորս մաժոր։

- Նախ՝ արդեն անհասկանալի է՝ այսօ՞ր է տալիս, թե՞ մեկ այլ օր: Շատ հավանական է, որ այսօր: Հնարավոր է և այլ օր: Բայց ինչ էլ լինի՝ անշուշտ ռիսկերը պահպանվում են: Ոչ այն ուժգնությամբ, ինչ, ասենք, տասը օր առաջ, բայց որևէ ռիսկ բացառել չի կարելի: Հակառակ բևեռում կենաց-մահու կռիվ են տալիս, իսկ երբ վիրավոր գազանը անկյուն է մղված, նա միշտ փորձելու է մի վերջին մահացու ցատկ կատարել: Կգնա՞ դրան, թե՞ կհարմարվի այդպես անկյունում մեռնելու մտքի հետ՝ միայն ժամանակը ցույց կտա:

Ամեն դեպքում հրաժարականը մի էքսպերիմենտ էր, որը լիովին կարելի էր շրջանցել: Այդ մասին արդեն շատ ենք խոսում: Հիմա, առկա իրավիճակում մեզ մնում է շարունակել սատարել շուտով վարչապետի պաշտոնակատարին, որպեսզի հաղթանակն ամբողջանա: Բայց այս ռիթմով և այս օրենքներով դատական համակարգը բարեփոխելն ավելի երկար և ավելի ծանր պրոցես է լինելու: Իսկ պետական ողջ ապարատի ախտահանումն ընդհանրապես այլևս տարիներ կարող է տևել: Մեզ անհրաժեշտ են հեղափոխական՝ գերարագ փոփոխություններ: Ժամանակի շռայլություն Հայաստանն իրեն թույլ տալ չի կարող:

- Ինչպիսի՞ խորհրդարան է մեզ սպասում, որքանո՞վ որակապես այլ խորհրդարան կունենանք։

- Որոշակի որակ նոր խորհրդարանը կունենա: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել՝ այն պարզապես ավելի լա՞վը կլինի ներկայիս խայտառակությունից, թե՞ շատ ավելի լավը: Այն, որ հրաշալի խորհրդարան է լինելու, նույնպես կասկածելի է: Բայց որ ներկայիս դեգրադացվածությունն ու աղբային որակը չի ունենալու՝ դա հաստատ է: Ամեն բան կախված է պատգամավորների թեկնածուների ցուցակներից: Որքան հասկանում եմ՝ կա կադրային լուրջ դեֆիցիտ: Դա, խորհրդարանի հարցում, նոր մարտահրավեր կարող է լինել:

Անգրագետներին՝ գրագետ, բայց անձև մարդկանցով փոխարինելուց ամեն կերպ պետք է խուսափել: Հուսամ՝ ԱԺ ցուցակները գոնե իշխող ուժը մեծ զգուշությամբ կկազմի: Դա իշխանության երկարակեցության ամենակարևոր երաշխիքներից է լինելու:

- Արդյոք հակակշիռներ կլինե՞ն խորհրդարանում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հանրաքվեի տարբերակը չընտրվեց, այլ արագ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակն առաջ քաշվեց։

- Որովհետև հանրաքվեն պետք է դեռ հաստատվեր Ազգային ժողովի կողմից: Ես կարծում եմ, որ դա լավագույն երկու տարբերակներից մեկն էր: Եվ ամենևին ռիսկային չէր: Կար մեկ այլ՝ կայծակնային տարբերակ: Եվ դա պլեբիսցիտն էր կամ՝ հրապարակի քվեարկությունը: Որքան հասկանում եմ՝ օրենքները, կարևոր չէ՝ իրականում ապօրինի և նախկին իշխանության կողմից ներդրված, Հայաստանում հիմա սրբազան կարգավիճակ ունեն:

Այդպիսի բան որևէ այլ տեղ չկա և չի եղել: Բայց ունենք իրականություն, որի հետ պետք է հաշվի նստենք: Կա կառավարություն, որին ժողովուրդը վստահել է և վստահում է: Եթե պարզվի, որ վարվող կոնցեպտուալ քաղաքականությունը հարթ չի ընթանում, ժողովուրդն իր բողոքը կհայտնի այլևս: Եթե ամեն բան հաջողի, ժողովուրդը ոչ թե այս, այլ հաջորդ ընտրություններում դարձյալ կքվեարկի հօգուտ կառավարության: Ամեն բան ժամանակը ցույց կտա:

Ինչ վերաբերում է հակակշիռներին, ապա այս Սահմանադրությունը հենց այնպես է ստեղծված, որ հակակշիռների մեխանիզմը բացառվի: Սահմանադրությունը անհրաժեշտ է կազմաքանդել: Բայց միաժամանակ պարտավոր ենք հասկանալ, որ Հայաստանը պետք է մնա, ավելի ճիշտ՝ անցնի իսկական խորհրդարանական համակարգի: Դա է Հայաստանի՝ իրական ժողովրդավարություն դառնալու միակ երաշխիքն ու ճանապարհը:

Մանե Հարությունյան

MediaLab.am