«Նրանք, որոնք ժողովրդի զահլեն տարել էին, ցրվեցին, շպրտվեցին, որպեսզի նրանց փոխարինեն նրանց հետ համագործակցածնե՞րը». Լևոն Շիրինյան

19-10-2018
2176 դիտում
«Նրանք, որոնք ժողովրդի զահլեն տարել էին, ցրվեցին, շպրտվեցին, որպեսզի նրանց փոխարինեն նրանց հետ համագործակցածնե՞րը». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

- Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից բարիկադները քանդելու մասին հայտարարություններն ու ոչ միանշանակ կադրային նշանակումները, մասնավորապես, քննադատության արժանացավ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը։ Ինչպե՞ս եք գնահատում հին կադրերի վերադարձը իշխանական համակարգ։

- Նախ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ի՛նչ է բարիկադներ քանդելը։ Կարևոր չէ՝ հին կադրեր են, թե նոր, կարևոր է, որ այդ կադրերը կենսագրություն ունենան, պրոֆեսիոնալ լինեն։ Կարևոր է, թե այդ մարդիկ նախորդ ռեժիմի սպասարկո՞ւն են եղել և կոռուպցիոն խնդիրներում թաթախված են եղել, թե՞ ոչ։

Եթե դա չկա, կարող են աշխատել, որովհետև նրանք մեր ռեզերվն են, ոսկե ֆոնդը։ Եթե հայտնի կաշառակերներ ու կոռուպցիոներներ են, կամ այդ դաժան օրերին մասնակցել են ցույցերի ցրմանը, անօրինականության հաստատմանը, նրանք տեղ չունեն և չեն էլ կարող լինել իշխանության մեջ։ Մեր ժողովուրդն էլ է այդպես մտածում։

- Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։

- Ով է որոշում՝ օլիգարխ կա՞, թե՞ չկա։ Ո՞նց կարող է օլիգարխիա չլինել, եթե պետությունն ինքը օլիգարխիական էր։ Եթե օդիոզ դեմքերից մի քանիսին հավաքեցին, օլիգարխիան վերացա՞վ։ Դա գործընթաց է, և օլիգարխիան պետք է կազմաքանդվի՝ տնտեսությունից մինչև քաղաքական համակարգ։ Արե՞լ են դա։ Այսինքն՝ այսօր ասում են օլիգարխիա կա, վաղն ասում են՝ չկա՞։

- Այդ դեպքում ինչո՞ւ են այդպիսի հայտարարություններ հնչում առաջին դեմքի կողմից։ Դա ի՞նչ նպատակով է արվում։

- Ես կարծում եմ, որ շատ հնարավոր է՝ հեղափոխությունը և անցյալի ռեժիմն իրար հետ սիրախաղի մեջ են եղել։ Իրականում չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Ինձ համար դա հասկանալի չէ։ Եթե օլիգարխիան չի կազմաքանդվելու, նախկին ռեժիմի դերակատարները, որոնք երկիրը տևականորեն ճգնաժամի մեջ են պահել, մնալու են, ապա օլիգարխիան չի վերանալու։ Դա ցանկությամբ չէ, օբյեկտիվ փաստ է։

- Ձեր կարծիքով՝ արդյոք քաղաքական ուժերը կարողացե՞լ են վերադասավորվել ու պատրաստվել արտահերթ ընտրությունների։ Դուք նոր քաղաքական ուժ եք ձևավորել և պատրաստվում եք մասնակցել ընտրություններին, իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Այս իրավիճակում սկսված գործընթացը բացառապես անցյալի կուսակցություններին է ձեռնտու, որոնք կառույցներ ունեն, որոնք ճգնաժամ են հասունացրել։ Իսկ նոր ուժերը չեն հասցնում կազմակերպվել, իսկ դա նշանակում է, որ ֆորսմաժորային իրավիճակում պետք է գործեն, որ կարողանան հեղափոխության իդեալներն իրագործել։ Հաջորդ խնդիրը ընտրագրավն է։ Դա ցանկացած երկրում արվում է, որպեսզի ոչ բոլոր ուժերը կարողանան մասնակցել ընտրություններին։

Որպես կանոն՝ ընտրություններին չեն կարողանում մասնակցել այն ուժերը, որոնք օլիգարխիական չեն։ Նոր ուժերը որտեղի՞ց են գումարներ ճարելու՝ հանգանակություն են անելու և աղքատ ազգականի կարգավիճակ են ունենալու։ Հայաստանում քաղաքական հեղափոխություն արվեց, որպեսզի հեղափոխություն անողները չկարողանա՞ն լիարժեք մասնակցել ընտրություններին։ Երկրորդ՝ քանի որ, այդուհանդերձ, հասարակությունը միջոցներ կգտնի, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններին, ուրեմն օլիգարխիայի համար ստեղծվում է լավագույն վիճակ, երբ նա կգտնի կուսակցություններ, որոնց կվճարի ու պատվեր կտա։

Ստացվում է, որ կազմաքանդվում է օլիգարխիական պետության առաջին ֆասադը, ցուցադրականը, մանվելները հետ են քաշվում, գալիս է երկրորդ շերտը։ Նրանք, որոնք սուսուփուս ծառայում էին նախորդ ռեժիմին, այսօր դարձել են հեղափոխական, ու Հայաստանի ապագան սրանց հե՞տ է կապվելու։ Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է այդպիսի մարդկանցով նոր Հայաստան ունենալ։ Խորքային պետություն է, երբ այդ երկրորդ շերտը կամ չի երևացել, կամ երևացել է ոչ գլխավոր դեմքերով։

Այսինքն՝ մեծահարուստների կառավարությունը մնում է։ Պարզապես նրանք, որոնք ժողովրդի զահլեն տարել էին, ցրվեցին, շպրտվեցին, որպեսզի նրանց փոխարինեն նրանց հետ համագործակցածնե՞րը։ Սա նշանակում է, որ քաղաքական հեղափոխությունը եղել է, հեղափոխության ընթացքը կասեցվում է, հետևաբար թավշյա հեղափոխության խնդիրները մնում են նույնը, հեղափոխության իդեալները մնում են օդից կախված։ Դա նշանակում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն այդ իդեալներն իրագործել։

- Այս ֆոնին նոր ընդդիմադիր կուսակցություն ձևավորելու մասին հայտարարում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Որքանո՞վ նա կարող է հաջողել։

- Եթե վիճակն այսպես մնա, շատ լավ էլ կարող է հաջողել։ Հայաստանում քաղաքականությունը եղել է ինտրիգային և ինչ-որ չափով մնում է ինտրիգային։ Ժողովրդին պետք է դիմել և ասել` ոչինչ չմոռանաս, ոչ մեկին չմոռանաս։ Լավագույն ձևը ընտրություններում քվե տալ կամ չտալն է։

Ժողովրդին պետք է ասել՝ ոչ մեկին չլսես, անձնական փորձով, քո աչքով տեսածով ու պետության շահերով առաջնորդվիր։ Ես Քոչարյանի վերադարձից չեմ վախենում, բայց պարզ է, որ մեծահարուստների ու օրիգարխների կոնսոլիդացիայի փորձ պետք է անի։ Բայց դա մի ուրիշ դրական կողմ ունի. նրա ներկայությունը զգաստացնելու է ժողովրդին, համախմբվելու են նոր կուսակցությունների շուրջը։ Ժողովուրդը պետք է քաղաքական հոտառություն ունենա և թիկունք կանգնի նրանց, որոնք իր շահերն անդավաճան պաշտպանել են տասնյակ տարիներ։

Դա արդեն կարմիր լույս է. վերադառնում են նոր պաշտոններ ստանալու նրանք, որոնք ստեղծել են Հայաստանի ճգնաժամն ու քայքայումը։ Ժողովուրդը հիշողությունից զուրկ չէ, և ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ լավ էլ հիշում է։ Եվ որքան նվաստացրին, կաշառեցին, թաթախեցին ընտրակեղծարարության մեջ, հստակ Սերժ Սարգսյանին պատասխան տվեցին։ Եվ հիմա պետք է ասել ժողովրդին, որ հայրենիքը ձերն է և իրականում ժողովրդինն է, որ տեր լինի հայրենիքին և պետականությանը։ Չեմ կարծում, որ Քոչարյանը հաջողություն ունենա։

- Ըստ էության՝ հիասթափությո՞ւն կա։

- Եթե խնդիրները մնան, հեղափոխություն այսօր չլինի, 15 տարի հետո կլինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am