Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու Ընտրական օրենսգրքի արագ փոփոխությանը

19-10-2018
826 դիտում
Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու Ընտրական օրենսգրքի արագ փոփոխությանը

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ընտրակա բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Կառավարությունից փոխանցում են, որ այսօր Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

Միրզոյանը հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները:

Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:

Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին: