Քոչարյանը կրկին դիմել է լոբբիստներին՝ մամուլում հոդված հրապարակելու համար .FIP

21-10-2018
498 դիտում
Քոչարյանը կրկին դիմել է լոբբիստներին՝ մամուլում հոդված հրապարակելու համար .FIP

Ամերիկյան «The National Interest» պարբերականը հրապարակել է «Ինչու Արևմուտքը պետք է մտահոգվի հայաստանյան թոհուբոհով» (“Why the West Should Care About the Turmoil in Armenia”) վերնագրով հոդված։

Հոդվածի հեղինակ Ուես Մարտինը (Wes Martin) պնդում է, որ Հայաստանը քաղաքական անդունդի մեջ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամբոխային կառավարում» է իրականացնում և ցանկանում է վերջնականապես վերացնել քաղաքական ընդդիմությանը։ Ըստ նրա, 2008 թվականի նախագահական ընտրությունները «բաց» էին և Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, չընդունելով «Քոչարյանի հաղթանակը անկարգություններ կազմակերպեցին Երևանում»։ Ըստ նրա՝ Եվրամիությունը Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելը համարել է համապատասխան քայլ։

Մարտինը պնդում է, թե այս տաս տարվա մեջ Հայաստանի պետական և միջազգային մի շարք մարմիններ որոշումներ են կատարել Մարտի 1-ի գործով՝ ի շահ Քոչարյանի։

Հեղինակը պնդում է, որ Փաշինյանը անձնական խնդիր ունի Քոչարյանի հետ և չի դադարի մինչև չվերացնի բոլոր քաղաքական հակառակորդներին։ Որպես օրինակ, նա հիշատակում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնք բացահայտում են Փաշինյանի կառավարության վերին օղակների կողմից իշխանության չարաշահում և օրենքի գերակայության հանդեպ բացարձակ անտարբերություն։

Հեղինակը կոչ է անում ԱՄՆ-ին և Եվրամիությանը լուռ չմնալ և չհավատալ Փաշինյանի խոսքերին։

Հոդվածն իր բովանդակությամբ նման է «Washington Times»-ում վերջերս լույս տեսած հոդվածին, որի հեղինակը պրոթուրքական լոբբիստ է։  Ամերիկահայ քաղաքագետ Էմիլ Սանամյանը համարում է, որ այս պրակտիկան կարելի է անվանել «վարձիր մտավորական» ծառայություն, երբ պատրաստի տեքստը ուղարկվում է մի քանի թեկնածուի և նրանցից առաջին պատասխանողի անունը գրվում է որպես հեղինակի։

Մարտինը, ով ԱՄՆ ռազմական ոստիկանության թոշակի անցած գնդապետ է, ծառայել է Իրաքյան պատերազմի ժամանակ։ Նա այժմ ներկայանում է որպես անկախ հեղինակ և ուսումնասիրող՝ միջազգային հարաբերությունների ոլորտում։ Ըստ Իրանի հետախուզության հետ կապված «Iran Interlink» կայքի և անկախ փորձագիտական globalsecurity.org կայքի, նա լոբբիստ է, ով պաշտպանում է Իրանի ներկայիս իշխանությունների դեմ պայքարող «Մոջահեդ-է-Խալք» («Իրանի ժողովրդական մուջահեդին») ռազմաքաղաքական շարժումը, որը հաճախ համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Մարտինը պարբերաբար հանդես է գալիս Իրանի հետ կապված հոդվածներով ամերիկյան լրատվականներում։

Նա նաև կապեր ունի պրոթուրթական լոբբինգ անող «Թուրքական ժառանգության կազմակերպության» (Turkish Heritage Organization) հետ։ Հետաքրքրական է, որ նա առանձնապես չի անդրադառնում հայ-թուրքական հարցին։ Մարտինը նրանց հետ համագործակցության շրջանակներում հատկապես անդրադառնում է քրդական հարցին՝ ՊԿԿ («Քրդական բանվորական կուսակցությանը»), Սիրիայի քրդերի ապագային և Թուրքիայի ներգրավվածությանը Սիրիական պատերազմում։

Հավելենք, որ այս հոդվածին հայկական մամուլում անդրադարձել են 7or.am և zham.amկայքերը, որոնք մամուլում կապվում են Քոչարյանի անվան հետ։

Հեղինակ՝ fip.am