«Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին». ՀՀԿ-ն բացատրում է, թե ինչու է դեմ նոր ԸՕ-ին

22-10-2018
172 դիտում
«Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին». ՀՀԿ-ն բացատրում է, թե ինչու է դեմ նոր ԸՕ-ին

ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ փորձում է բացատրել, թե ինչու է ԱԺ-ում իրենց խմբակցությունը դեմ կառավարության կողմից արտահերթ նիստով Խորհրդարան բերված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

«Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության և քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։

Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի քննարկումները, և ի վերջո Ազգային ժողով դրա ներկայացումը, վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն»,- նշված է ՀՀԿ հայտարարության մեջ։

Հանրապետականները հիշեցնում են, որ Խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «ԵԼՔ» խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ այդ թվում նաևՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։

«Կարևոր է նշել, որ միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձևաչափը համարվում է ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելիսպահանջվում էքաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռևս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին Կառավարության կողմից»։

Ապա, ըստ ՀՀԿ-ի, Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին, ինչը նշանակում է, որ «Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջնական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր»։

«Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69։

Նախագիծը հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչև Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու և իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը:

Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ:

Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները երկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերդասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։

Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեև ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող մեկնաբանվել որպես բացասական երևույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարգայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում է, որ եթե ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխության, ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց: Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հոկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերընշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին։