«Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը սյունեցիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին՝Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու համար». Արմեն Բադալյան

22-10-2018
1828 դիտում
«Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը սյունեցիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին՝Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու համար». Արմեն Բադալյան

«Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությունը սյունեցիների պատասխանն էր վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանին՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու համար»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա, Կապանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ երկու գործոն աշխատեց՝ մեկը հօգուտ քաղաքապետի թեկնածուի, մյուսը՝ ընդդեմ:

«Երկու գործոնն էլ միաժամանակ աշխատեցվեց վարչապետի կողմից: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը գնաց Կապան և հանրահավաքում աջակցություն հայտնեց թեկնածուին, միաժամանակ մի քանի օր առաջ վարչապետի կողմից Սյունիքի մարզպետ նշանակվեց Հունան Պողոսյանը, ինչն այնքան էլ սյունեցիների ցանկությամբ չէր: Եվ գերիշխեց բացասական գործոնը»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի մի շարք համայնքներում, որոնցից խոշորներն են Արմավիր, Էջմիածին, Հրազդան և Կապան քաղաքները: Արմավիրում, Էջմիածնում հաղթել են ՔՊ-ի կողմից սատարվող թեկնածուները, Հրազդանում՝ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին, ում սակայն ՔՊ-ն պաշտոնապես չէր սատարում: Իսկ Կապանում ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվել է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանին: Չնայած Նարեկ Բաբայանին սատարելու համար օրերս Կապան էր մեկնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հանրահավաքում անձամբ հորդորել ձայն տալ նրան, բայց հաղթեց անկուսակցական թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս իրավիճակին, ասել է, որ աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ երկրի ղեկավարի սատարած թեկնածուն չի հաղթում: Նրա խոսքով՝ հենց այս իրավիճակի համար է հեղափոխություն արվել, և հեղափոխությունը հաղթել է:

Արմեն Բադալյանի խոսքով՝ Կապանի թեկնածուի պարտության հարցում նաև ենթագործոններ են եղել:

«Մասնավորապես, Կապանի թեկնածուի անձի հետ կապված գործոնն էլ կա, քանի որ չենք կարող ասել, որ նա խիստ աչքի ընկնող քաղաքական գործիչ էր: Բայց հաշվի առնելով, որ Արմավիրում ու Էջմիածնում էլ թեկնածուները խիստ աչքի ընկնող չէին, բայց հաղթեցին, կարող ենք ասել, որ Կապանում գործել է մարզպետի հետ կապված բացասական գործոնը»,- ասում է մասնագետը:

Ըստ նրա՝ վարչապետի սխալ որոշմանը հասարակությունը պատասխանեց քվեարկությամբ: Սա նշանակում է, որ այնքան էլ տեղին չեն այն մեկնաբանությունները, թե Նիկոլ Փաշինյանը մենաշնորհել է քաղաքական դաշտը:

«Կա նաև այլ գործոն, այս ժամանակահատվածում տեղի բնակիչները որևէ տնտեսական նվաճում չեն տեղել: Այսինքն՝ հեղափոխական էյֆորիան ավարտման փուլում է, որոշ համայնքներում ավարտվել է, որոշ տեղերում էլ ավարտման վերջին պահն է: Եվ արդեն մարդիկ պահանջում են կոնկրետ գործեր: Մի բան, որը վարչապետը չի կարողանում լուծել՝ իրավիճակային քաղաքական գործիչ լինելու պատճառով»,- ասաց նա:

Բադալյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այնքան էլ կապված չէ զարգացում ապահովելու հետ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կապվում է այն բանի հետ, որ Հայաստանում պետք է ավարտվի հեղափոխությունը և վերջնականապես լուծվի իշխանության հարցը: Գործադիր իշխանության հարցը լուծվել է մայիսի 8-ին, Երևան համայնքում՝ սեպտեմբերի 23-ին, և դեկտեմբերի առաջին տասնօրյակում կայանալիք ընտրություններով իշխանության հարցը կլուծվի նաև Ազգային ժողովում:
«Եվ դրանով Հայաստանում հեղափոխությունը կավարտվի, բայց դա չի նշանակում, որ դրան հետևելու է զարգացման ընթացքը: Զարգացումը լրիվ ուրիշ գործոնների հետ է կապված, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ շատ հավանական է՝ դրանից հետո էլ կարող է զարգացում չլինել»,- հավելեց նա:


Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանի զարգացումը պետք է պայմանավորված լինի նրանով, թե իշխող քաղաքական թիմն ի՛նչ պատկերացում ունի երկրի ապագայի վերաբերյալ և այդ ուղղությամբ ի՛նչ աշխատանքներ է տանում: Եթե չկա երկրի զարգացման ռազմավարական վեկտորը, և չկան այդ ուղությամբ կատարվող աշխատանքներ, երկարատև լուրջ զարգացում չի լինում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am