ՀՀԿ. Սև հանճարը

23-10-2018
3102 դիտում
ՀՀԿ. Սև հանճարը

ՀՀԿ-ի սիրտը ռեյտինգային ընտրակարգ չի ուզում, չխաբվե՛ք: Ինքն իր համար չարեց այն, ինչ երեկ արեց ԱԺ-ում: Նրա սիրտն ուզում է, որ Նիկոլենք ընտրությունների գնան հենց ռեյտինգային ընտրակարգով:

Էս մարդիկ ուզում են, որ Նիկոլը իրենց աղետը վայելի: Իրենք ուզում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը», որի անդամների գերակշիռ մասն անփող է, ռեյտինգային ընտրակարգով մասնակցի ընտրություններին, որում ընտրողները, հատկապես՝ մարզերում, գիտեն ՔՊ-ին, բայց չգիտեն ոչ մի ՔՊ-ականի:

Ինչպե՞ս են նրանք մի ՔՊ-ականին գերադասելու մյուսից, երբ Նիկոլից բացի ուրիշ ոչ մեկին չգիտեն: Սա է ՀՀԿ-ի պլանը:

Նախկինում ո՞նց էր՝ Մալաթիայում առաջադրվում էր Սամվել Ալեքսանյանը, և բոլորը գիտեին, որ «Հիսուսից հետո երկրորդ մարդը» խնդիր չունի՝ փողը տված է, հարկ եղած դեպքում կարելի է նաև կեղծել:

Պարզ համամասնական ընտրակարգը ենթադրում էր միայն կուսակցությունների մասնակցություն, որտեղ պարտադիր էր առաջին երեք անունների հրապարակումը: Իսկ հիմա կուսակցությունների մասնակցությունը բավարար չէ, պետք է նաև թաքնված մեծամասնական թեկնածուներ լինեն:

Ասենք, Կապանում ո՞ւմ պետք է առաջարկի ՔՊ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը: Ում էլ առաջարկի, նրա հետ միասին պետք է առաջադրվի ևս մեկ կամ մի քանի ՔՊ-ական, դա է ռեյտինգայինի «օրենքը»:

Նրանցից յուրաքանչյուրը գրեթե միմյանց վրա քար գլորելով պետք է փորձի քվե բերել, քանի որ մեծ հաշվով բոլոր ՔՊ-ականներն էլ ասելու են նույն բանը՝ արդար ընտրություններ, հակահեղափոխության չեզոքացում, ազատ տնտեսական մրցակցային դաշտ, արժանապատիվ թոշակ և այլն: Համենայնդեպս, եթե այս ամենն ասի ՔՊ-ականը, նրան կհավատան, կարգն այդպես է այսօր: Մյուս քաղաքական ուժերին չեն հավատա: Բայց եթե ուզում է հաղթել կուսակից թեկնածուին, պետք է «կրեատիվ» լինի:

Գուցե ՀՀԿ-ում մտածել են, որ եթե ռեյտինգային ընտրակարգը մնա, ՔՊ-ի թեկնածուները հատկապես մարզերում միմյանց վրա սուր են ճոճելու, գուցե նույնիսկ փոր թափեն կամ գուցե իրենցից՝ ՀՀԿ-ից, «տոկոսով» հեղինակություններ վերցնեն, որպեսզի էս ընտրությունները սահուն անցնեն:

Չգիտեմ հատկապես ինչ են մտածել, բայց պլանը հստակ է՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է թաղի ՔՊ-ին: Չէի ասի՝ վատ են մտածել: ՀՀԿ-ն իշխանություն վերադարձնել չի կարող, բայց կարող է այնպես անել, որ իշխանությունը դժոխք դառնա ՔՊ-ի համար:

Ռեյտինգային ընտրակարգն իմաստ ունի միայն ընտրակաշառքի կամ ընտրողի քաղաքական հանճարի դեպքում, առաջինը չեզոքացվել է, երկրորդը չկա ի սկզբանե: Եվ առաջիկայում էլ չի լինելու: Ընտրակաշառքը բացառում էր մտածելով ընտրելը, ընտրությունն իբրև ինտելեկտուալ արարք, իսկ քաղաքական հանճարը «մսաղացի» մեջ է դնում թեկնածուի ցանկացած միտք, խոստում կամ տեսլական:

Ընտրակաշառքը նույնացնում է բոլոր ընտրողներին, զրկում սեփական դեմքից, իսկ քաղաքացու, ընտրողի քաղաքական հանճարը կարող է նույնիսկ վեր գտնվել թեկնածուից: Ընտրակաշառքը «սնվում» է ընտրողի աղքատությունից, քաղաքական հանճարը «կերակրում» է թեկնածուին, հարկ եղած դեպքում՝ ստեղծում նրան: Քաղաքացու քաղաքական հանճարը պետք է սոցիալական բոլոր խնդիրները հաղթահարած լինի:

Այլ խոսքով, սոված չպետք է լինի, այլապես մարմինն ընտրակաշառք կուզի, նույնիսկ եթե առաջարկող չկա: Չի երևում, որ մոտակա տարիներին սոցիալական խնդիրները կհաղթահարվեն: Հետևաբար ռեյտինգային ընտրակարգն ինչ-որ ձևով պիտի չեզոքացվի: Այս փուլում ՀՀԿ-ն կարծես թե արտահերթ ընտրությունները հարամել է: Ինչպե՞ս չեզոքացնել այս խորամանկությունը:

Սև հանճարն իր խոսքն ասել է, ասպարեզը սպիտակներինն է:

Մհեր Արշակյան

MediaLab.am