Տնտեսության աճը դանդաղում է. Արդյոք դա բացասաբա՞ր կանդրադառնա հայաստանցիների մեծ մասի վրա

23-10-2018
915 դիտում
Տնտեսության աճը դանդաղում է. Արդյոք դա բացասաբա՞ր կանդրադառնա հայաստանցիների մեծ մասի վրա

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 6,5 տոկոսով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաղորդում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։ Որոշ տնտեսագետներ, սակայն, անհանգստացած են այն հանգամանքով, որ աճը դանդաղել է անցած տարվա այլ ժամանակահատվածների համեմատ։

Մասնավորապես, հունիսին այս ցուցանիշը 8,9 տոկոս էր, հուլիսին՝ 9,3, իսկ օգոստոսին՝ 7,7 տոկոս։ Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ «տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել»։

«Նկատի ունենալով 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա (տնտեսության զրոյական աճ կամ անկում որոշակի ժամանակահատված, օրինակ, 6 ամիս շարունակ)»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ տնտեսության աճի դանդաղումը սպասելի էր, սակայն դա որևէ կերպ չի կարող բերել ռեցեսիայի։

«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ոչ մի կատակլիզմ, ոչ մի բան չկա ու չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ առաջիկա ամիսներին կարող է հանգեցնել ռեցեսիայի, դրա համար հիմնավորում չեմ տեսնում»,- «Մեդիալաբին» ասում է Մանուկյանը։

Տնտեսական աճի դանդաղումը, իր հերթին, պայմանավորված է սեզոնայնությամբ, քանի որ, ավանդաբար, առևտրի ոլորտում սեպտեմբեր-հոկտեմբերին որոշակի անկում է արձանագրվում, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ աշխուժացում։ Ըստ տնտեսագետի՝ կառավարության որդեգրած տնտեսության տրանսֆորմացիայի քաղաքականությունը նույնպես ենթադրում է նման պատկեր։

«Աստիճանաբար մենք փորձում ենք Հայաստանի տնտեսական մոդելը փոխել, դրանով պայմանավորված, մասնավորապես, հանքարդյունաբերությունը չի կարողանում նույն արդյունքը ստեղծել, ինչ 2017-ին։ Օրինակ՝ անցած տարի ունեինք գործող Թեղուտ, հիմա չունենք»,- պարզաբանում է Մանուկյանը։

«Որևէ արտառոց կամ անկանխատեսելի զարգացումներ չեն եղել։ Մեծ հավանականություն կար, որ այսպես կլիներ։ Եթե լիներ ավելի լավ ցուցանիշ, նույն մարդիկ կասեին՝ չենք հավատում ցուցանիշներին ու վիճակագրությանը»։

Փորձագետները նաև մատնանշում են, որ սեպտեմբերին, 2017-ի սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ հավելաճը եղել է 0,2 տոկոս։ Հուլիսին այս ցուցանիշը 11,1 տոկոս էր, օգոստոսին արդեն՝ 0,6 տոկոս։

Սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում. ծառայություններ՝ 19,8 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 8,8 տոկոս, շինարարություն` 3,5 տոկոս, արդյունաբերություն` 0,9 տոկոս: Նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 17,7 տոկոս անկում: 3,6 տոկոսով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալը, այդ թվում արտահանումը՝ 14,8 տոկոսով։

«Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»,- իր գրառման մեջ նշել է Բագրատյանը։

Այդուհանդերձ, ինչպես գրում է գրում է B4B կայքը, «չնայած օգոստոս և սեպտեմբեր ամիսների նվազմանը՝ ընդհանուր հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության հավելաճը դեռ բավականին բարձր է՝ 6,5%, ինչը պայմանավորված է տարվա առաջին ամիսների առաջանցիկ ցուցանիշներով».

«Սակայն եթե վերջին եռամսյակում միտումը պահպանվի, ապա տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճի ցուցանիշը ավելի ցածր կլինեն»։

Այս տարի կառավարությունն ակնկալում է 6,5 տոկոս տնտեսական աճ, Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսել է 6 տոկոս աճ՝ նվազեցնելով իր նախկին կանխատեսումը։ 2019-ի բյուջում նախանշված է 4,5 տոկոս տնտեսական աճ։

Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը նշում է՝ 2019-ի ռիսկերի մի մասը կարող է պայմանավորված լինել արտաքին ազդակներով։ Միաժամանակ, առկա են դրական սպասումներ. հարկային բարեփոխումներ, օրինակ՝ եկամտահարկի նվազում, կառուցվածքային բարեփոխումներ, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազում ու ներդրումների համար դրական, բարենպաստ միջավայրի ապահովում։

«Մենք ձգտում ենք տնտեսական աճը դարձնել տնտեսական զարգացում։ Դրա շնորհիվ հասարակությունը կզգա 2019-ի տնտեսական աճի որակական ազդեցությունը, քանի որ կարևոր են ոչ թե թվերը, այլ տնտեսական աճի որակը,- ասում է Մանուկյանը՝ հավելելով՝ իրենց տնտեսական քաղաքականությունը մարդակենտրոն է։ - Հայաստանում հասարակության ոչ բոլոր խավերն են զգացել տնտեսական աճը, այնպես որ, ինչպես որ աճը չէր ազդում շատ քաղաքացիների վրա, նույնպես և այս դանդաղումը նրանք չեն զգալու»։

Լուսանկարը՝  Eurasianet.org

Սառա Խոջոյան

MediaLab.am