«Ինչո՞ւ էր անհրաժեշտ այսօր վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը եւ չընտրել նրան վաղը». Լենա Նազարյան

23-10-2018
558 դիտում
«Ինչո՞ւ էր անհրաժեշտ այսօր վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը եւ չընտրել նրան վաղը». Լենա Նազարյան

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի բարեկամներ, 
Պարզաբանեմ, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ  :)

Ծրագիրը հետևյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետևապես վաղը և դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:

Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարիվի նիստ և լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ և քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի:

Հուսամ` պարզ է»: