«Ես գրեթե բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ վաղը անակնկալ կմատուցի». Նաիրա Զոհրաբյան

23-10-2018
676 դիտում
«Ես գրեթե բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ վաղը անակնկալ կմատուցի». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Տիկի՛ն Զոհրաբյան, «Ելք» խմբակցությունը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս պայմաններում սա ճի՞շտ որոշում էր:

- Այստեղ, կարծում եմ՝ իրենց խոսքը պետք է ասեն սահմանադրագետները: Ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ: Սահմանադրագետները բաժանվել էին երկու հատվածի. մի մասը գտնում էր, թե քանի որ Սահմանադրության մեջ նշված է «քվեարկություն» բառը, դա անպայման ենթադրում է առաջադրում: Մյուս մասը պնդում էր, որ եթե չկա առաջադրում, չի կարող լինել քվեարկություն, և երկշաբաթյա ընթացակարգերն անցնելուց հետո խորհրդարանը պետք է ինքնալուծարվի:

Հավանաբար գերակշռել է առաջին տարբերակի կողմնակիցների թիվը, և Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ որոշեց գնալ այդ տարբերակով: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա «Ելքի» կողմից ձևական առաջադրում է, և հոկտեմբերի 23-ին, բնականաբար, որևէ քվեարկություն չի լինի: Մեկ շաբաթ հետո ևս, ընթացակարգը պահպանելով, չի լինի քվեարկություն, ինչից հետո խորհրդարանը կգնա ինքնալուծարման: Եվ արդեն ըստ ժամանակացույցի մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նոր ռեժիմ:

- «Ծառուկյան դաշինքը» չի՞ մասնակցելու վարչապետի քվեարկությանը:

- Բնականաբար, դուք լսեցիք նաև «Ելք» խմբակցության ղեկավարի հորդորը՝ չմասնակցել և չքվեարկել, որովհետև սա ընդամենը ձևական առաջադրում է՝ Սահմանադրությամբ պահանջված ընթացակարգերն ապահովելու համար: Եթե քվեարկենք, և Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա այն քաղաքական օրակարգը, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, այն է՝ խորհրդարանի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բնականաբար, չի իրագործվի:

- Իսկ խորհրդարանական մյուս ուժերի կողմից ֆորսմաժորային իրավիճակ հնարավո՞ր է սպասել, խոսքս, մասնավորապես, ՀՀԿ-ի մասին է: Կարո՞ղ է ՀՀԿ-ն գալ ու կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը՝ կանխելով խորհրդարանի լուծարումը:

- Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց ես ինձ համարում եմ ռեալ պոլիտիկի ներկայացուցիչ, մտածում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ գոնե նվազագույն տրամաբանություն և մոտիվացիա պետք է ունենա: Ես հասկանում եմ, որ քաղաքական գործընթացները շատ դեպքերում մեր երկրում տեղի են ունենում իռացիոնալ դաշտում, բայց ոչ այնքան իռացիոնալ, որ վաղը մենք պատրաստ լինենք նման ֆորս մաժորի: Ես գրեթե բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ վաղը նման անակնկալ կմատուցի:

- Դուք նախաձեռնողներից մեկն եք, որ երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստ գումարվի՝ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման համար: Ի՞նչ եք սպասում գործընթացից, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ-ն մեկ անգամ արդեն բոյկոտեց այդ նախագծի ընդունումը:

- Արտահերթ նիստ հրավիրելու համար պահանջվող ստորագրությունների թիվը 27-ն էր, մենք 36 ստորագրություն ունենք: Նախաձեռնության հեղինակները ես եմ, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Գևորգ Պետրոսյանը և Վահե Էնֆիաջյանը:

Եվ 36 պատգամավորների ստորագրությամբ մենք այն Ընտրական օրենսգիրքը, որը տապալվեց ՀՀԿ-ի՝ պարզ չէ՝ սաբոտաժի՞, թե՞ բոյկոտի պատճառով, նորից դնում ենք շրջանառության մեջ: Եվ կոչս նույնն է, ինչ երեկ հնչեց խորհրդարանական ամբիոնից՝ լինել խոհեմ և չփորձել նեղ քաղաքական-կուսակցական պրիզմայից նայելով՝ տապալել դրա ընդունումը՝ օգտվելով այս պահին իրենց քանակական առավելությունից:

Դա մի նախագիծ է, որը հենց իրենց համոզմամբ շատ ավելի ճիշտ, հավասարակշռված ընտրական հարաբերություններ է սահմանում, ընտրական խաղի կանոններ է սահմանում: Եթե ոչ, մենք ընտրությունների գնալու ենք գործող Ընտրական օրենսգրքով, ինչը նշանակում է ռեյտինգային ընտրակարգի պահպանում, իսկ դա նշանակում է էապես լուրջ ռիսկեր ստեղծել ընտրությունների վստահելիության առումով: Ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքականացնում է ընտրությունը: Դա արդեն ինձ համար՝ որպես պատգամավորի, բավարար է, որպեսզի ես ամեն գնով հասնեմ նրան, որ այդ ընտրակարգով մենք չգնանք ընտրության:

- Երաշխիքներ չկան, չէ՞, որ ՀՀԿ-ն նորից չի տապալի Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը:

- Երաշխիքներ չկան, երաշխիքն այստեղ մնում է սթափ տրամաբանությունը: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ունենալ իր օրակարգը, բայց կա մի կարմիր գիծ, որից այն կողմ կուսակցական շահը պետք է ստորադասվի շատ ավելի կարևոր շահի: Դա, ես կարծում եմ, առաջիկա ընտրություններն արդար, պատշաճ մակարդակով անցկացնելն է, որը պետք է վեր լինի ցանկացած նեղ կուսակցական շահից:

- Իսկ վերլուծե՞լ եք, ինչո՞ւ է ՀՀԿ-ն գնում այդ ճանապարհով, նրանց հիմնավորումները համոզի՞չ էին, թե ինչո՛ւ են դեմ Ընտրական օրենսգրքի նախագծին:

- Ո՛չ, համոզիչ չէին: Նրանք հղում էին անում, որ ժամանակը բավարար չէր, բայց ժամանակը բավարար էր: Ես սա ասում եմ՝ որպես Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, ամբողջ ամառ մենք ունեինք ժամանակ և աշխատել ենք Ընտրական օրենսգրքի այս փաթեթի վրա: Այլ հիմնավորում չի եղել, իրենք ևս ընդունել են, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը շատ ավելի բարելավված է, քան գործողը: Իրենց պատճառաբանությունը նաև հղումն էր Վենետիկի հանձնաժողովին, որն ասում էր, որ պետք է քաղաքական ուժերի միջև լինի կոնսենսուս, իրենք կարող էին լինել այդ մեծ կոնսենսուսի մաս, ինչն իրենք ուղղակի չցանկացան լինել: Ես այստեղ չեմ տեսնում որևէ լուրջ քաղաքական ենթատեքստ, սա ընդամենն ինքնանպատակ ընդվզում էր ՀՀԿ-ի կողմից:

- Տեղեկություններ կան, որ դուք չեք լինելու ապագա խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մեծ փոփոխություններ են լինելու ԲՀԿ համամասնական ցուցակում: Եվ ահա, մամուլի հրապարակումների համաձայն՝ դուք և Միքայել Մելքումյանը չեք լինելու ցուցակում, ավելին, նշվում է, որ դուք դեսպան եք նշանակվելու Իսպանիայում:

- Ես հրաժարվում եմ մեկնաբանել պատերի տակ ասված խոսակցությունը: Որևէ նման քննարկում չի եղել ինձ հետ: Ավելին, ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը, որ այսուհետ դեսպաններ պետք է գնան բացառապես կադրային դիվանագետները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am