«Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի». Հայկ Ա. Մարտիրոսյան

24-10-2018
2817 դիտում
«Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

-Հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ:

-Հնարավոր է, և դրանում մեծ վտանգներ կան: Այսօր՝ TRT World թուրքական միջազգային հեղինակավոր ալիքին տված իր հարցազրույցում ՀՅԴ առանցքային գործիչ Կիրո Մանոյանը բացահայտորեն ասաց, որ իրենք կտրկանապես դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարին: Դա վտանգավոր ազդակ է:

Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ ապա այդ պարագայում հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի.

Ա. - Խորհրդարանը չի լուծարվի առայժմ,

Բ. - Փաշինյանի և իր թիմի հեղինակությանն անդառնալի վնաս կհասցվի` միաժամանակ կստացվի, որ կողմ քվեարկողները հակահեղափոխություն չէին անում, այլ օգնում էին «Ելք»-ին` վարչապետ ընտրելով նրանց չ ժողովրդի թեկնածուին,

Գ. - Փաշինյանին կտանի հնարավոր է` երկրորդ հրաժարականի, որի արդյունքում քաղաքական դաշտը կվերածվի կրկեսի, իսկ հնարավորությունները ավելի կնվազեն` հանրային խոր հիասթափություն առաջացնելով գործադիրից: Այդ ընթացքում հասարակությունը կսկսի պակաս լուրջ վերաբերվել գործադիրին և նրա քայլերի հաշվարկներին: Եվ դրանով հակահեղափոխությունը կդառնա առավել քան երբևէ հնարավոր:

Դ. - Փաշինյանը կարող է ստիպված լինել պաշտոնավարել մինչև հոկտեմբեր, երբ նրան խորհդարանն անվստահություն կհայտնի և արդեն այս ամիս գործադիրի կատարած քայլերի արդյունքում հնարավոր է՝ իջած վարկանիշի պայմաններում հակահեղափոխությունն առավել վստահություն ձեռք բերած կլինի: Այս իրավիճակը պետք է դիտարկել որպես գերազանցապես տեսական հնարավորություն, որն արդեն խորհրդարանական կուսակցության ներկայացուցիչն է շոշափում:

Շատ հնարավոր է նաև, որ սա նույնպես սցենար մնա և Փաշինյանը չընտրվի և մեկ շաբաթ հետո` ըստ ժողովրդի ակնկալիքի`խորհրդարանն արձակվի: Շեշտեմ, որ դա նույնպես շատ հնարավոր սցենար է և տա Աստված, որ այդ ուղով գնա ամեն բան: Բայց դա չէ խնդիրը: Խնդիրն առավել խորքային է:

Ինձ հայտնի չէ մի հեղափոխություն, որտեղ ժողովրդին ոչնչացնող և տապալված ուժի և նրա սահմանադրության հետ այսքան հաշվի նստեն և այսքան զգուշանան անգամ այդ ուժի կողմից` սահմանադրության հնարավոր մեկնաբանություններից: Եթե Հրայր Թովմասյանի ու Գագիկ Հարությունյանի փաստաթուղթը, որ իրավական ուժ չունի, որովհետև մերժվել է ժողովրդի կողմից, բայց կեղծիքով հռչակվել անցած սահմանադրություն, այսքան խութեր և անհեթեթ իրավիճակներ կարող է ստեղծել, ինչու՞ ենք շարունակում սրբազանության սկզբունքով հետևել դրան և հիմա էլ` զգուշանալով «քվեարկություն» բառի հնարավոր մեկնաբանություններից` թեկնածու առաջադրում:

Կարծում եմ, եթե անգամ ամեն բան հարթ ընթանա՝ կոպտագույն սխալ էր հիմա էլ մտնել Հանրապետականների դաշտ և անհանգստանալով վարչապետի ընտրության նրանց հնարավոր մեկնաբանությունից՝ ակամայից հիմք ստեղծել հնարավոր, չբացառված ֆիասկոյի համար: Կարծում եմ՝ վարչապետը կարիք ունի ուղղակիորեն անտեսելու ինչ-որ իրավաբանների խորհուրդներն ու անսալու քաղաքական՝ հեղափոխական մտածողությամբ իր խորհրդականներին:

Սա մաշեցնող, անիմաստ, չպահանջված արահետ է, որտեղ մենք անընդհատ կարող ենք խճճվել: Ուղղակի ցավալի է հետևել, թե ինչպես մենք, կատարելով աննկարագրելի, գեղեցիկ մի իշխանափոխություն, հիմա մեր սեփական ձեռքերով ինքներս մեզ պղտոր ջրեր ենք մտցնում, որտեղ գիշատիչներ կան և որոնք մեզ ո՛չ սիրելու են և ո՛չ հանդուրժելու: Ու չնայած այս ամենին՝ անհրաժեշտ է անվերապահորեն սատարել Փաշինյանին:

Եվ որքան շատ տեսնենք հնարավոր բացթողումներ, այնքան ավելի ենք պարտավոր բարձրաձայնել դրանց մասին, որպեսզի այլընտրանքային ուղիներ հուշենք, բայցև պարտավոր ենք մեծացնել մեր աջակցությունը: Ու թեև դա կարող է անհեթեթ տրամաբանություն թվալ և պարադոքս համարվել, բայց սայթաքումների պարագայում մարդուն բռնել է պետք, ոչ թե չարախնդալ և թույլ տալ անկում ապրել:

Այդ անկումը մեր բոլորի անկումն է լինելու: Ու քանի դեռ ընտրությունները փաստ չեն, չեն կայացել և չկա կայուն իշխանություն՝ ներկայիս վարչակազմին պաշտպանելն ու անվերապահորեն սատարելն ուղղակի այլընտրանք չունի: Դա մեր պարտքն է, և այդ պարտականությունը մենք պարտավոր ենք կատարել:

Մանե Հարությունյան

MediaLab.am