«Եթե ձեր նպատակը ՀՀԿ-ի հետ կոնսենսուս պոկելն է, դա չի լինելու, որովհետև այն, ինչ արվել է, արվել է ճնշումների, պրեսինգի արդյունքում». Էդուարդ Շարմազանով

24-10-2018
1689 դիտում
«Եթե ձեր նպատակը ՀՀԿ-ի հետ կոնսենսուս պոկելն է, դա չի լինելու, որովհետև այն, ինչ արվել է, արվել է ճնշումների, պրեսինգի արդյունքում». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերի պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

- Պարո՛ն Շարմազանով, ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի քվեարկությունը՝ չմասնակցելով քվեարկությանը։ Երկուշաբթի, փաստորեն, նորից նույն օրինագիծը ներկայացվելու է ԱԺ-ի քննարկմանը։ Կարծում եք՝ նորի՞ց նույն պատկերը կունենանք։

- Թե ի՛նչ պատկեր կլինի, դա պատգամավորների խնդիրն է։ Եթե իրենք ունեն 63-ից ավելի պատգամավորներ, որոնք թուղթ ու գրիչով սատարել են դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացնելուն, էլ ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից։ Եթե ձեր նպատակը ՀՀԿ-ի հետ կոնսենսուս պոկելն է, դա չի լինելու։ Չկա կոնսենսուս, որովհետև այն, ինչ արվել է, արվել է ճնշումների, պրեսինգի արդյունքում, ոչ պատշաճ վարքագծի արդյունքում, ոչ գործընկերային հարաբերությունների արդյունքում։

Դանիել Իոաննիսյանը, որ երբեք չեմ մտածել, որ իր հետ կարող է նույն կարծիքն ունենալ Ընտրական օրենսգրքի հետ կապված, ասաց, որ նաև Փաշինյանն է մեղավոր, որ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, քանի որ ընտրությունները բերեց դեկտեմբեր։ Նոր իշխանությունը համ ուզում է հապճեպ ընտրություն անի, համ ուզում է հապճեպ Ընտրական օրենսգիրք բարեփոխի։ Այդպես չի լինում, կամ մեկն է լինում, կամ՝ մյուսը։ «Եվ-և»-ը ամեն տեղ չի, որ լինում է։

Հիմա եթե որոշել են և-և լինի, թող անեն, 63 կողմ ձայն կհավաքեն, թող անցնի, չեն հավաքի՝ չի անցնի Ընտրական օրենսգիրքը։ Բայց այստեղ չկա որևէ հիմնավոր գնահատական, որ լինի կոնսենսուս։ Կոնսենսուսի համար անհրաժեշտ են ընթացակարգեր, որ պետք է անցնել։

Մեր խնդիրը ինչ-որ մեկի դեմ լինելը չէ, մեր խնդիրը հանուն ժողովրդավարության է, հանուն բազմակարծության։ Այն, ինչ իրենք ուզում են անել, իրենց իրավունքն է։ Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է իր քվեարկության տերը, ով ոնց ճիշտ է գտնում, թող այդպես քվեարկի։ Բայց մեր քաղաքական ուժը՝ որպես այդպիսին, հայտարարություն է տարածել, որտեղ ամեն ինչ շատ հստակ շարադրված է, թող բացեն, կարդան։ Ես ամբողջությամբ պաշտպանում եմ այդ շարադրանքը։

- Այդուհանդերձ, եթե երկուշաբթի էլ ՀՀԿ-ի բոյկոտի արդյունքում չհաջողվի անցկացնել Ընտրական օրենսգիրքը, չե՞ք կարծում, որ նորից հանրային լուրջ ճնշում կարող է լինել ՀՀԿ-ի վրա, քանի որ իշխանությունը պնդում է, որ ՀՀԿ-ն սաբոտաժ է անում։

- ՀՀԿ-ն սաբոտաժ չի անում։ Սաբոտաժ անում են նրանք, որոնք ճնշում են գործադրում Ազգային ժողովի վրա՝ օգոստոսի 17-ից սկսած մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ։ ՀՀԿ-ն երբեք սաբոտաժ չի արել, ՀՀԿ-ի գնահատականը բացառապես քաղաքական է ու հիմնավորված։ Հայաստանում պետք է լինի բազմակարծություն։ Նիկոլ Փաշինյանն ինձ հիշեցնում է բոլշևիկյան իշխանությունը, որոնք ով իրենց կարծիքի հետ համամիտ չէր, հռչակում էին ժողովրդի թշնամի։

Հիմա էլ, երբ խորհրդարանում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ քվեարկում է մի օրենքի օգտին, որը դեմ է Փաշինյանի կարծիքին, ինքը հայտարարում է, որ դա ժողովրդի դեմ է։ Էդ ո՞նց եղավ, որ ժողովրդի դեմ է։ Ժամանակը ցույց կտա, թե ո՛վ է ժողովրդի դեմ։ Ես այդպես եմ քվեարկում ու կարծում եմ, որ պետության համար դա՛ է ճիշտը։ Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի դեմ է։ Դուք հիմա բոլշևի՞կ եք, թե՞ նեոբոլշևիկ։ Մեկ էլ Ստալինն էր այդպես անում, ով իր քաղաքական գծին դեմ է, ուրեմն տրոցկիստ է և ժողովրդի թշնամի։ Հիմա 37 թի՞վն է, թե՞ ժողովրդավարական Հայաստանը։ Կամ հայտարարում են՝ սաբոտաժ, ռևանշ։

Ռևանշ որտե՞ղ ես տեսել, սաբոտաժ որտե՞ղ ես տեսել։ Եթե սաբոտաժ լիներ, Արա Բաբլոյանը միանգամից նախագիծը կդներ քվեարկության, ինչո՞ւ 1,5 ժամ սպասեց։ Իսկ բոյկոտը ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական պայքարի ձև է։ Հիմա ես կուզեմ՝ կգնամ քվեարկության, չեմ ուզի՝ չեմ գնա, ո՞ւմ գործն է դա։

Մնում էր, որ ընդդիմությունն իր գործելաոճը համաձայնեցնի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, ընդդիմադիր փոխնախագահ եմ, քանի դեռ մանդատը ձեռքս է, ես իմ դիրքորոշումը կարող եմ բացառապես համաձայնեցնել իմ կուսակցության քաղաքական ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին որպես ընդդիմադիր պատգամավոր քանի՞ անգամ է իր քվեարկությունը մեզ հետ համաձայնեցրել, որ հիմա էլ ես պետք է համաձայնեցնեմ։

Այո՛, եթե պետք է, կարող ենք նաև բոյկոտել, ընդ որում, նաև հիմնավորել ենք՝ հայտարարություն տարածելով։ ՀՀԿ-ն չի ասել՝ այդպես եմ ուզում ու վերջ։ ՀՀԿ-ն այս ամիսների ընթացքում եղե՞լ է դեպք, որ կոնսենսուսին դեմ է եղել։ Դուք սեպտեմբերից մինչև հոկտեմբեր մատներդ մատներիդ չեք տվել Ընտրական օրենսգրքի համար, հիմա հապճեպ բերել օրենսգիրք եք անցկացնում, մի հատ էլ մատ եք թափ տալիս։ Հիմա նոր խոսացողներ են հայտնվել, հեղափոխության ջատագովներ, ՀՀԿ-ին պիտակավորում են։ Մի ժամանակ դուք էիք ՀՀԿ-ի դիմաց հերթ կանգնում, ՀՀԿ-ն ոչ մեկի դռան դիմաց հերթ չի կանգնում։ Այնպես որ, ՀՀԿ-ն իր քաղաքական որոշումն է կայացրել։

Վարչապետը հայտարարում է՝ սա սաբոտաժ է, ռևանշ է։ Որտե՞ղ սաբոտաժ ու ռևանշ տեսավ։ Այսինքն՝ եթե ես՝ որպես ընդդիմություն, ինչ-որ մի օրենքի դեմ եմ քվեարկում, ուրեմն սաբոտա՞ժ եմ անում։ Այսինքն՝ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ինքն ի զորու չէ լսելու քաղաքական բազմակարծություն։ Հենց մի քիչ իրավիճակը հանգստանում է, ասում է՝ բարիկադները քանդելու ժամանակն է, հենց որևէ քաղաքական ուժ կենդանության նշաններ է ցույց տալիս կամ գնահատականներ է տալիս, որ իր քիմքին հաճելի չէ, միանգամից որակվում է սաբորտաժ ու ռևանշ։ Այս էյֆորիան ինչքա՞ն է ձգվելու։

Մենք 1 տարի հետո, 2 տարի հետո կխոսենք, երբ կտեսնենք «թռիչքային զարգացումը»։ Ինչպե՞ս կարելի է սեփական կարծիքը փաթաթել բոլորի վզին։ Ո՞վ չգիտի, որ այսօր առաջին տեղի հիմնական հավակնորդը Փաշինյանի կուսակցությունն է՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններ։ Ես կարծում եմ, որ կարելի է արժանապատիվ պարտվել և արժանապատիվ հաղթել։

Այս 6 ամիսը ցույց տվեց, որ արժանապատիվ հաղթանակ տանել չգիտեն այդ մարդիկ։ Արժանապատիվ հաղթանակը նշանակում է, որ դու հարգում ես նաև դիմացինի կարծիք արտահայտելու իրավունքը, երբ ոչ թե միանգամից սլաքներն ուղղում ես քաղաքական ընդդիմության դեմ, այլ հասկանում ես, որ մարդիկ քաղաքական տեսակետ արտահայտելու իրավունք ունեն։ Ինչո՞ւ պետք է որևէ քաղաքական ուժ իր դիրքորոշումն իշխանության հետ համաձայնեցնի։

Մենք մեր իշխանության տարիներին երբևէ ասե՞լ ենք ընդդիմությանը՝ դուք ռևանշիստ եք, սաբոտաժ եք անում, այն դեպքում, երբ ընդդիմությունը բազմաթիվ անգամ բոյկոտ է արել։ Ես ուզում եմ՝ բոլորը քնից արթնանան և հասկանան, որ Հայաստանին պետք է իրական բազմակարծություն։ Կյանքը ո՛չ այսօր է ավարտվում, ո՛չ էլ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։

Դեկտեմբերյան ընտրություններից հետո երկրի առջև կանգնած խնդիրները տասնապատկվելու են, Ղարաբաղի հարցով էլ, արտաքին ճակատում էլ, ներքին ճակատում էլ, որովհետև ով ինչ ասել է, Փաշինյանն ասել է՝ այո։ Թռիչքային զարգացում, աշխատատեղեր, Ղարաբաղի հարցի լուծում։ Ռուսաստանին՝ այո՛, Ամերիկային՝ այո՛, բայց այդպես չի լինում։ Հետո բոլորը գալու են, պահանջելու են։ Ժողովուրդը գալու է ասի՝ էս ինչի՞ եմ ես վատ ապրում։ Ինչքա՞ն պետք է ասեն՝ ՀՀԿ-ն վատն է, ՀՀԿ-ն էլ չկա, էլ իշխանություն չի։

- Նախօրեին Արմեն Աշոտյանը, դիմելով այսօրվա իշխանությանը, ասում էր՝ մեր սխալները մի՛ արեք, մեծ-մեծ մի՛ բրդեք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Դուք նույնպե՞ս կարծում եք, որ այս իշխանությունը հնի սխալներն է կրկնում։

- Ես ասել եմ՝ ոչ միայն մեր սխալներն են կրկնում, այլ այս վեց ամսում Փաշինյանն այնքան սխալ է արել, որքան Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին վերցրած այս 25 տարվա մեջ։ Իրենք ոչ միայն կրկնում են մեր սխալները, որ ասում էին «ՀՀԿ-ի դեմ խաղ չկա», «ՀՀՇ-ի դեմ խաղ չկա» և այլն, այլև այդ իշխանությունները կերազեին լինել այդքան անսխալական, որքան իրենք։

Եթե չկա դիմացինին լսելու քաղաքական մշակույթ կամ ցանկություն, սա ուղղակի ճանապարհ է դեպի դիկտատուրա։ Ցանկացած դիկտատուրայի փոխարինելու է գալիս ժողովրդավարական համակարգը, բայց այդ տարիների ընթացքում մենք ի՞նչ ենք կորցնելու։ Փոխանակ խրախուսեն իրական ժողովրդավարական գործիչներին, որոնք բազմակարծություն են ապահովում, երեկ մեկը կանգնել ասում է՝ ՀՀԿ-ականներից մեկն ինձ ասել է, որ աթոռակռիվ են տալիս։ Աթոռակռիվ ես ու Աշոտյանը չենք տալիս, աթոռակռիվ նրանք են տալիս, որոնք շուտով կհայտնվեն ձեր ցուցակում։ Հայաստանում չկա որևէ մեկը, որ կարող է ասել՝ Շարմազանովը բյուջեից մի կոպեկ կերել է կամ որևէ տենդերի մեջ է եղել։ Գնացեք ԱԱԾ-ին ասեք՝ ով է տենդերի մեջ եղել, ով է այդ բիզնեսների կռիվ տվել։

Այս երկրի պրոբլեմը ոչ թե Շարմազանովն է կամ Աշոտյանը, այլ նրանք են, որոնք մինչև ապրիլի 23-ը ավելի բարձր էին գոռում՝ կեցցե՜ ՀՀԿ-ն, կեցցե՜ Սերժ Սարգսյանը, իսկ այսօր Լենա Նազարյանից ու Ալեն Սիմոնյանից առաջ են անցել ու գոռում են՝ կեցցե՜ ՔՊ-ն, կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը։ Վաղն էլ, երբ իշխանությունը կփոխվի, այդ օրվա իշխանություններին կգովեն։

Ես մի առիթով բերել եմ ֆրանսիացի գործիչ Թալեյրանի պատմությունը, որ ամբողջ կյանքում թիմից թիմ է թռել՝ դավաճանելով Նապոլեոնին, Ռոբեսպիերին և բոլորին։ Նա ասել է՝ ժամանակին դավաճանելը դավաճանություն չէ, դա կանխատեսել է նշանակում։ Հիմա ես կարծում եմ, որ ՔՊ-ն նման կանխատեսողների շատ լուրջ ցուցակ կունենա։

Ու երբ հիմա ՔՊ-ի կարկառուն գործիչներից մեկը հայտարարում է, որ ՀՀԿ-ականները աթոռակռիվ են տալիս, աթոռակռիվ տալիս են նրանք, որոնք հանգրվանել են ձեր շարքերում։ Եթե մենք աթոռակռիվ տայինք, ավելի շատ հնարավորություն ունեինք, այդ բոլոր բաների տեղերն էլ գիտենք։ Բայց մենք մեր սկզբունքների ու գաղափարների տերն ենք, երբեք աթոռներից չենք կառչել։

Այդ աթոռն էլ անձամբ ես ծառայեցրել եմ միայն պետության շահերին։ Մի տեղ բարձրացրել եմ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցը, մյուս տեղում արտահայտվել եմ ռուսական զենքի վաճառքի դեմ և այլն։ Այսինքն՝ մինչև վերջին պահն էլ ծառայում եմ Հայաստանին՝ անկախ նրանից, կլինե՞մ իշխանություն, թե ընդդիմություն։

Կանցնի տասնյակ տարի, ու կտեսնենք՝ ո՛վ է թալանչին, ո՛վ՝ ոչ, ո՛վ է յոթերեսանին, ո՛վ՝ ոչ։ Մեր երկրին պետք են սկզբունքային ու գաղափարական ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն։ Իսկ օրվա իշխանությունը պետք է ընդդիմության կարծիքը ոչ թե սաբոտաժ ու ռևանշ անվանի, այլ գոնե լուռ քաջալերի, որովհետև յուրաքանչյուր նոր իշխանության մահը գալիս է այն ժամանակ, երբ իրեն թվում է, թե անսխալ է, և իրեն դուր է գալիս, երբ իրեն գովում են։

Դժբախտաբար, այսօրվա իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այդ ճանապարհով է գնում։

Մանե Հարությունյան

MediaLab.am