«Ֆրանսիայի որ անկյունը գնաս, հայաստանցի կհանդիպես, պատմում են՝ ինչո՛ւ լքեցին հայրենիքը, բայց չեն ուզում, որ այդ մասին տպագրվի թերթում». Ժիրայր Չոլաքյան

25-10-2018
719 դիտում
«Ֆրանսիայի որ անկյունը գնաս, հայաստանցի կհանդիպես, պատմում են՝ ինչո՛ւ լքեցին հայրենիքը, բայց չեն ուզում, որ այդ մասին տպագրվի թերթում». Ժիրայր Չոլաքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը:

«Յառաջ» թերթը լույս է տեսնում 1925 թվականից, 2009 թվականից վերանվանվել է «Նոր Յառաջ»: Ութ էջանոց թերթը հայալեզու է, տպագրվում է 700 օրինակով՝ շաբաթը երկու անգամ: 2011 թվականից «Նոր Յառաջ»-ի հետ մեկտեղ լույս է տեսնում ֆրանսերեն «Հեբո »շաբաթաթերթը՝ ֆրանսերեն ներկայացնելով «Նոր Յառաջ»-ի նյութերը համառոտ: «Նոր Յառաջ»-ը սփյուռքի եզակի լրատվամիջոցներից է, որը մշտապես հանդես է գալիս քննադատական հոդվածներով:

- Պարո՛ն Չոլաքյան, «Նոր Յառաջ»-ի էջերում հաճախ ենք հանդիպում քննադատության, ինչպիսի՞ն է Ձեր ընթերցողի արձագանքը:

- «Նոր Յառաջ»-ը և ընդհանրապես նախկին «Յառաջ»-ն էլ միշտ ունեցել են այդ քննադատական կեցվածքը: Սփյուռքի մտավորականների մեծ մասի համար «Նոր Յառաջ»-ը արտահայտչամիջոց է, մի վայր, որտեղ կարող են կիսվել իրենց մտքերով, խոհերով: Շատ մտավորականներ ունենք՝ Միջին Արևելքից, ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից, նույնիսկ Հայաստանից, որոնց հոդվածները տեղ են գտնում մեր թերթի էջերում: Ժամանակին այդ ցանցը արդեն իսկ կար, ու մենք էլ շարունակեցինք: Միայն եթե նախկինում հոդվածները տպագրվում էին արևմտահայերեն, հիմա արդեն թե՛ արևելահայերեն, թե՛ֆրանսերեն:

- Թերթը հետևում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հանդես գալիս քննադատությամբ, հատկապես «Նոր Յառաջ»-ի թիրախում էին Հայաստանի նախկին իշխանությունները:

- Մեզ համար շատ կարևոր է արդարության խնդիրը, ժողովրդի բարօրությունը: Հաճախ եմ լինում Հայաստանում, ու այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ավելի ուշ դրա հետևանքները տեսնում ենք Ֆրանսիայում:

- Նկատի ունեք արտագա՞ղթը:

- Այո՛: Միայն 150 հազար հայաստանցիներ կան Ֆրանսիայում, ովքեր պարզապես չեն երևում վիճակագրության մեջ: Ֆրանսիայի որ անկյունը գնաս, հայաստանցի կհանդիպես ու կհանդիպես ավանդական հայ գաղութի հաստատված վայրերից դուրս: Ֆրանսիայի փոքր քաղաքներում, որտեղ ժամանակին հայեր ընդհանրապես չկային, այսօր հայկական համայնքներ կան: Ուզում եմ ասել, որ այդ երևույթը Հայաստանում, այդ անարդարության խնդիրը զգալ է տալիս իրեն Հայաստանից դուրս, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում: Հաճախ ենք անդրադառնում արտագաղթի խնդիրներին, ու այստեղ գլխավոր թիրախը Հայաստանի նախկին իշխանություններն են: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում հայաստանցիների, նրանց ընտանիքների հետ, ովքեր պատմում են՝ ինչո՛ւ լքեցին հայրենիքը: Դժբախտաբար, մարդիկ չեն ուզում, որ այդ մասին տպագրվի թերթում:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության անդրադարձը տեղի համայնքի վրա ինչպիսի՞ն էր, արդյոք փոխվե՞լ են տրամադրությունները:

- Շատ մեծ է ոգևորությունը հատկապես հայաստանցիների մոտ, սպասումները: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, այցելեցին ֆրանսիա, ասեմ, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման համար հազար հոգանոց դահլիճ էինք վարձակալել, բայց դարձյալ տեղ չկար: Տիկին Աննա Հակոբյանը նույնպես ցանկություն էր հայտնել համայնքի հետ հանդիպել: 600 հոգանոց սրահ վարձեցինք, ու դարձյալ տեղ չկար, մարդիկ դուրսը կանգնած էին մնացել:

Իհարկե, սա նոր երևույթ է, որին չեն հանդիպել նախկին իշխանությունները: Նրանք չէին կարող նման մեծ հանրային հանդիպում ունենալ համայնքի հետ, մեծ ընդդիմություն կար իրենց դեմ, ու իրենք գիտեին այդ մասին: Ընդամենը փոքր հանդիպումներ էին ունենում համայնքի ղեկավարների հետ ու վերջ:

- Պարո՛ն Չոլաքյան, դեռևս նախորդ իշխանությունների օրոք Դուք հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, հարցազրույց վերցրել նրանից: Նման դեպքերում ինչպիսի՞ն էր լինում ընթերցողների վերաբերմունքը, ունենո՞ւմ էիք ընդդիմախոսներ համայնքում:

- Այսպիսի մի ավանդույթ գոյություն ունի. սփյուռքի լրատվամիջոցները արտատպում են միմյանցից հետաքրքիր հոդվածներ: Օրինակ՝ մենք՝ որպես թերթ, օգտվում ենք Լիբանանի, Ամերիկայի, Հայաստանի մեր գործընկերներից: Եվ հաճախ մեր գործընկերներն էլ արտապում են «Նոր Յառաջ»-ից հոդվածներ, բայց, դժբախտաբար, Փաշինյանի հարցազրույցը չարտատպվեց սփյուռքում լույս տեսնող որևէ լրատվամիջոցում:

- Սփյուռքի թերթերը Հայաստանի նախկին իշխանություններին «պահո՞ղն» էին և չէի՞ն կարող իրենց թույլ տալ նրանց դեմ ուղղված որևէ քննադատություն տպագրել:

- Կարծում եմ՝ այդպես էր:

- Իսկ ինչպիսի՞ն էր ընթերցողների վերաբերմունքը:

- Գիտեք, շատ զգայուն դաշտ է: Կան ընթերցողներ, որոնք ազատ մտածողության տեր մարդիկ են ու գոհ են, բարեբախտաբար, ազատամիտ ընթերցողներ շատ ունենք: Բայց ունեցել ենք նաև ընթերցողներ, ովքեր նման նյութերից հետո հրաժարվել են «Նոր Յառաջ»-ի բաժանորդագրությունից: Այդ նյութերը կարող էին վերաբերել եկեղեցուն, կաթողիկոսին, հիմնադրամին... Այս խնդրին մենք պարբերաբար ենք հանդիպում:

- Դուք պատրա՞ստ եք քննադատելու նաև Հայաստանի նոր իշխանություններին:

- Կարծում եմ՝ չկա մեկը, ով կնետվի քաղաքական ասպարեզ ու քննադատելու բան չի ունենա, այդ թվում և՝ Նիկոլ Փաշինյանը: Նույնիսկ այս շրջանի մեջ ունեցել ենք քննադատական հոդվածներ: Բայց խնդիրը նաև արժեհամակարգերի մեջ է: Օրինակ՝ երևույթներ կան մեզ համար անընդունելի, բայց այստեղ ընդունում են: Վերցնենք «Հայկական ժամանակ» օրաթերթը: Երբ Աննա Հակոբյանը եկել էր Ֆրանսիա, ներկայացավ իբրև նաև «Հայկական ժամանակ»-ի խմբագիր: Այս մասին նույնիսկ խմբագրական եմ գրել. անընդունելի է, որ իշխանության գլուխ գտնվող անձնավորությունը, այս դեպքում՝ երկրի առաջին տիկինը, լինի նաև թերթի խմբագիր: Ինչո՞ւ. վերջապես ինքը տիրապետում է տեղեկատվության, անգամ պետական գաղտնիքների, ծանոթություններ ունի, մինչդեռ մյուս լրատվամիջոցները չունեն այդ հնարավորությունը, խախտվում է մրցակցության դաշտը:

Գայանե Մկրտչյան

MediaLab.am