«ԱՄՆ-ի տեսակետը Հայաստանը դուրս է բերում Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի ճնշման քաղաքականության ծիրից». Լեւոն Շիրինյան

26-10-2018
1474 դիտում
«ԱՄՆ-ի տեսակետը Հայաստանը դուրս է բերում Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի ճնշման քաղաքականության ծիրից». Լեւոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

- Պարոն Շիրինյան, ի՞նչ ուղերձ ունեն ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կատարած այցը Հայաստան ու հայտարարությունները: Նա ասաց, որ ԱՄՆ-ն պատրաստ է զենք մատակարարելու Հայաստանին, նշելով, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է:

- ԱՄՆ-ինը մեսիջ չէ, հստակ քաղաքականություն է, որն ունի երկու երանգ: Առաջին՝ ըստ էության ԱՄՆ-ն Ռուսաստանին ասում է, և դա մեզ ձեռնտու է, որ Հարավային Կովկասը ձեր կալվածքը չէ: Ասում է՝ Միացյալ Նահանգներն ունի ռազմավարական շահեր Հարավային Կովկասում: Սա Հայաստանին ձեռնտու է, որովհետև Հայաստանը հնարավորություն է ստանում ռուսական ճնշիչ ազդեցությունը թուլացնել:

Երկրորդ՝ ի՞նչ է նա ակնարկում զենքի հարցով, ինչը տարօրինակ է թվում հայերին: Ասել է՝ որակյալ զենք կտանք ձեզ: Դա թույլ է տալիս հավասարակշռել իրավիճակը՝ ռուսների կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի պարագայում և առաջ անցնել: Իսկ դա Ռուսաստանին զրկում է Ադրբեջանի միջոցով Հայաստանը կառավարելու գայթակղությունից, ինչը երեք դար ինքն անում է: Մեր երկիրը Ռուսաստանն է բաժանել և ամեն մի հարձակման պարագայում սկզբում զինել է Ադրբեջանին, հարձակվել են, հետո մեզ օգնել է, որպեսզի դիմադրենք: Այդ երկիրը մեզ չի օգնել, որ հարձակվենք:

ԱՄՆ-ի տեսակետը Հայաստանը դուրս է բերում Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի ճնշման քաղաքականության ծիրից: Սա մեսիջ չէ, քաղաքականություն է, գեոստրատեգիական ուղղություն է:

Մենք կարող են համեմատություն անել: Ինչպես 1919-20 թվականներին ԱՄՆ-ը մարդասիրական օգնության ձեռք մեկնեց հայությանը՝ Ցեղասպանությունից հետո որբերին կերակրելու և որբանոցներ բացելու հարցում, հիմա սա հիշեցնում է այդ իրավիճակը: Համենայնդեպս, ես Բոլթոնին ուզում եմ հիշեցնել սա, որ մենք ոչինչ չենք մոռացել: Այստեղ բարդությունը ԱՄՆ-ի հետ խելքով ու վարպետորեն քաղաքականությունը կազմակերպելու մեջ է, որպեսզի Ռուսաստանը շատ չխանդի:

- Ռուսական խանդը ինչի՞ կարող է հանգեցնել:

- Ռուսաստանի խանդի դեղամիջոցը ամերիկացիները գտել են, այնքան են բեռնել զսպաշապիկի դեր կատարող պատժամիջոցներով, որ ռուսներն անընդհատ խրվում են իրենց պրոբլեմների մեջ: Դա նշանակում է, որ նրանք մեզ մոտ ազատ չեն գործողությունների համար: Հետևաբար, հայկական կողմը ուղղակի պետք է լավ աշխատի: Իրանի հարցն է, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, ես հույս ունեմ, որ ինչպես 20-30 տարի ԱՄՆ-ն Իրանի հետ մեր հարաբերությունների հարցին ըմբռնումով է մոտեցել, կշարունակի ըմբռնումով մոտենալ, որովհետև մենք այլ տարբերակ չունենք:

- Իրականում ԱՄՆ-ը պատրա՞ստ է այսօր ռեալ զենք մատակարարել Հայաստանին:

- Իհարկե այո: Դա Բոլթոնն է հայտարարում, ուրիշ մեկը չի ասում, որ մտածենք՝ կխաբի: Պետք է նաև մենք նրա պաշտոնն արձանագրենք, որ նա ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն է: Նրա նախորդներն էլ գիգանտ գործիչներ են եղել: Այսինքն՝ այս մակարդակով է այդ հարցադրումը, և ասում են, որ Բոլթոնը շատ ազդեցիկ է Սպիտակ տանը: Այնպես որ, սա նոր արշալույս է բացում Հայաստանի համար: Բոլթոնն ուրիշ բան էլ ասաց. ըստ էության, իրենք աջակցում են թավշյա հեղափոխությանը, բայց ժողովրդավարության ուժեղացման ակնկալիքով: Բա գիտեք մենք դա չե՞նք ուզում, որ մեր երկրում ժողովրդավարությունը հաղթանակ տանի:

- Ջոն Բոլթոնը հայաստանյան այցի ընթացքում մեկ շեշտադրում էլ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ արցախյան բարդ և դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար: Սա ի՞նչ է նշանակում:

- Հարցի լուծում ասելով՝ ես հասկանում եմ առաջ շարժվել: Բոլթոնը չի ասել՝ հանձնվեք: Հայերն անմիջապես հանձնվել են հասկանում: Պարզ է, որ ժողովրդավարությունը հզորացրած և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող երկիրը շատ արագ կարող է հեռանկարում դրական քայլեր անել դեպի առաջ և ոչ երբեք նահանջ: Ես այսպես եմ հասկանում Բոլթոնի հայտարարությունը:

- Այսինքն՝ նա ակնարկում էր Հայաստանի ու Արցախի համար հիմնախնդրի բարենպաստ լուծման մասի՞ն:

- Արձանագրենք հետևյալը. առկա վիճակով հարցը մեկընդմիշտ լուծված է: Խոսքը հիմա ավելի օգտակար քայլերի մասին է, և ես կարծում եմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում պետք է առաջ շարժվենք: Դրա համար չպետք է խորհրդարան թողնել այն ուժերին, որոնք պատրաստ են հայրենիքը հանձնելու, որը տարածքի անվան տակ են փորձում անել: Այս դարերի ընթացքում մեկ անգամ պետք է տղամարդկային քայլ անենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am