«Այս անգամ ՀՀԿ-ի համար ԱԺ ընտրությունները սև օրեր են լինելու». Արմեն Մովսիսյան

28-10-2018
545 դիտում
«Այս անգամ ՀՀԿ-ի համար ԱԺ ընտրությունները սև օրեր են լինելու». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

- Պարո՛ն Մովսիսյան, Ընտրական օրենսգիրքը երկուշաբթի օրը նորից ԱԺ-ում արտահերթ նիստերի օրակարգում կընդգրկվի և կդրվի քվեարկության։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք խորհրդարանը կընդունի՞ այն, թե ՀՀԿ-ն կմնա իր դիրքորոշմանը, և ընտրությունների կգնանք հին Ընտրական օրենսգրքով։

- Նիկոլ Փաշինյանը շատ մատչելի բացատրեց, որ ՀՀԿ-ի բոյկոտն առաջին հերթին իրենց է վնասելու, որովհետև անցողիկ շեմը նոր օրենսգրքով նվազում է և հնարավորություն ստեղծում նրանց համար հայտնվել ԱԺ-ում։ ՀՀԿ-ի ամեն շարժում աբսուրդի թատրոն է։ Կարծում եմ, այնուամենայնիվ, կընդունեն, քանի որ իրենց շահերից էլ է բխում փոփոխված ԸՕ-ն, թեև արդեն կասկածելի էլ է՝ նրանք ԱԺ ընդհանրապես կանցնե՞ն, թե՞ ոչ։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բարիկադները քանդելու մասին, նաև չբացառեց, որ ընտրություններին ՔՊ ցուցակում կլինեն ՀՀԿ-ականներ։ Սա մտահոգի՞չ է, թե՞ ոչ։

- Մտահոգիչ չէ, մենք մեկ ազգ է, և կապ չունի կուսակցական պատկանելությունը։ Վստահ եմ, որ նախորդ իշխանությունից կան մարդիկ, ովքեր ազնիվ են մնացել, որոնց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, որոնք չեն խրվել կոռուպցիոն ճահճի մեջ և մնացել են մարդ։ Եվ, վերջին հաշվով, պետք է հասկանանք, որ չկան բարիկադներ, երկիրը բարիկադներով չի կարելի սարքել, ես, հակառակը՝ բարիկադները քանդելու կողմնակից եմ։

Իհարկե, միայն պետք է հաշվի առնել մարդու անձնական, որակական հատկությունները։ Այնպես չլինի, որ վերջին հինգ օրվա մեջ որոշեն փոխվել, ինչպես ԱԺ-ում տեսանք՝ մի քանիսն ինչպես սապոնաջուր էին լցնում՝ ապագայում սապոնվելու համար։ Նրանց մասին չէ խոսքը, այլ նրանց, ովքեր այլ որակներ ունեն, նրանք պետք են հայրենիքին, նրանք պետք է աշխատեն, և կապ չունի, թե նրանք ո՛ր կուսակցությունից են եղել։ Չի կարելի քաղաքական ռասիզմով առաջնորդվել։ Հայաստանը փոքր երկիր է, չունենք հսկայական պոտենցիալ, և մեզ չի կարելի բաժանել ըստ կուսակցական պատկանելության, մենք բոլորս մեկ հայրենիք ունենք։

- Ի՞նչ տեսակ խորհրդարան կունենանք ընտրությունների արդյունքում։ Արդյոք չե՞ք տեսնում պրոֆեսիոնալիզմի պակաս Փաշինյանի թիմում։ Արդյոք հաջորդ խորհրդարանն էլ ավելի ապաքաղաքական չի՞ լինելու։

- Ապաքաղաքական խորհրդարանը այս պարագայում գուցե ավելի ձեռնտու լինի, քան շատ քաղաքականացված խորհրդարանը։ Ինչպես ավագանու ընտրություններին կային ոչ կուսակցական մարդիկ, որոնք հայտնվեցին ավագանու կազմում ՔՊ ցուցակով, այնպես էլ հիմա, եթե կլինեն այդպիսիք, ես նորմալ կընդունեմ այդ փաստը։ Իհարկե, սխալներ կլինեն, չի սխալվում նա, ով ընդհանրապես ոչինչ չի անում։ Ասել, որ ամեն ինչ հալած յուղի պես է լինելու, այդպես չէ։ Իհարկե, պատեհապաշտներ էլ կլինեն, ովքեր կփորձեն արանքը ճղել և խորհրդարանում տեղ ունենալ։ Ընդհանուր առմամբ, մենք կունենանք խորհրդարան, որը կարտահայտի հանրային տրամադրությունները։ Վերջին հաշվով, ամեն ինչ նորովի ենք սկսում։ Հուսանք, պետք է որ ստացվի, դրա համար կամք է պետք։ Ունենք վարչապետի թեկնածու, որ մեր դարավոր պատմության մեջ ունիկալ դեմք է, հայրենասեր է, ով անկեղծորեն ուզում է երկիրը սարքել։ Եվ սա կարևոր գրավական է, որ ունենանք հաջողություն։ Մենք պետք է փոխվենք, հերիք է կասկածամիտ լինել, մեր կասկածամիտ լինելը մեզ մի քիչ խանգարում է, բայց դա էլ է նորմալ, քանի որ մենք մեր աչքի տեսածից ենք վախենում։ Այս անգամ կունենանք խորհրդարան՝ գերակշիռ ՔՊ-ով, մյուսին արդեն կունենանք խորհրդարան, որտեղ հակակշիռներ կլինեն։

- Եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի մասնակցել ընտրություններին, խորհրդարանում տեղ կունենա՞։

- Որպես առանձին խմբակցություն չեմ պատկերացնում, որ կհայտնվեն խորհրդարանում։ Արդար և ազատ ընտրություններ են լինելու, և թող մասնակցեն տեսնեն՝ քանի՛ կողմնակից ունեն։ Իսկ որ քիչ հավանական է, որ հայտնվեն խորհրդարանում, դրանում իրենք են մեղավոր, քանի որ իրենք չաշխատեցին իրենց վրա վեց ամիսների ընթացքում։ Նոր վարչախմբին անընդհատ հակադրվելը իրենց շահերից չէր բխում։ Նրանք, չգիտեմ, ինչի՛ վրա էին հույսը դրել, և այս ամիսների ընթացքում ոչ միայն չփորձեցին վերականգնել վստահության քվեն, այլև այն, ինչ էլ կար, կորցրին։ Բայց դրանով կյանքը չվերջացավ։ Այս անգամ ՀՀԿ-ի համար ԱԺ ընտրությունները սև օրեր են լինելու։

- Գործարար պատգամավորներից զերծ կմնա՞նք այս ԱԺ-ում։

- Հիմա զերծ կմնանք, բայց ուզում եմ ասել, որ սա ռոմանտիզմ է, ամբողջ աշխարհում փողը դեր խաղում է, և իրականությունը դա է: Մենք չենք կարող աշխարհի իրականությունից դուրս պնդել, որ հայկական այս մոդելը կաշխատի։ Ամեն ժամանակաշրջանում աշխարհի բոլոր երկրները նման իրավիճակի բախվել են, վերջին հաշվով, փողը դեր խաղալու է։ Եթե գործարարները համոզվեն, որ իրենց տնտեսական ակտիվությանը սատարում է օրենքը, այլ ոչ անձնական կապերը, գուցեև հետագայում այդ դանդաղ գործողության ռումբը վերջնական ականազերծենք, այս խորհրդարանը զերծ մնա այս ամենից, իսկ մնացածն ավելի ուշ պարզ կլինի, ընտրություններից հետո ժամանակի ընթացքում, երկար ու բարդ խնդիր է լինելու, տեսնենք:

Մանե Հարությունյան

MediaLab.am