Հռոմի Պապը ֆեյք է, իսկ մեր կաթողիկոսը՝ իրական

28-10-2018
1675 դիտում
Հռոմի Պապը ֆեյք է, իսկ մեր կաթողիկոսը՝ իրական

Օրեր առաջ ՀՀԿ խմբակցությունն առաջարկել էր Ամենայն հայոց կաթողիկոսին, ժամանակակից հայերենով ասած՝ «ախռանա» տրամադրել: Ասել կուզի, նա ունենալու էր նույն հնարավորությունները, ինչ ունեն ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը կամ վարչապետը: Կառավարությունը խոհեմաբար մերժեց այս նախագիծը:

Ընդհանրապես, ի՞նչ կարիք կա խառնվել Աստծո գործերին: Չէ՞ որ կաթողիկոսն Աստծո մարդն է և գտնվում է նրա հոգածության ներքո: Ինչ-որ աշխարհիկ թիկնապահներ չեն կարող անել այն, ինչ կարող են անել երկնային հրեշտակները: Ի վերջո, դեռ վաղուց գրված է Սուրբ գրքում, որ Աստված է տնօրինում յուրաքանչյուրիս ճակատագիրը: Այս առաջարկը մահկանացուների կողմից կոպտագույն միջամտություն էր երկնային գործերին, հավատացյալների նվիրական զգացումների ոտնահարում:

Դեռ դարեր առաջ, երբ ինչ-որ մի Հայր մարդպետ սպառնում էր Ներսես կաթողիկոսի ունեցվածքին, գործին խառնվեց Աստված և պատժեց ապերախտ սրիկային՝ մարդպետին: Այդ մասին այսպես է պատմում Փավստոս Բուզանդը.

«Իսկ Հայր մարդպետը չար ու չարամիտ մարդ էր, ավելի անօրեն և անիրավ, քան նախկին հայր մարդպետները: Այս ժամանակները Սուրբ Ներսեսը շրջում էր իր իշխանության մեջ (խոսքը հսկայական տարածքների մասին է.-Վ.Թ.)»:

Մարդպետը, ապշած կաթողիկոսի ունեցվածքից, զարմանում է, թե ինչպե՛ս է այդ հսկայական տիրույթները Տրդատը տվել կանանց շորեր հագած հոգևորականներին (սեքսիզմի բոլոր մեղադրանքներն ուղղում ենք մարդպետին):

Նա ասում է, որ անպայման տեղյակ է պահելու Արշակ արքային: Ներսեսը հորդորում է չանել այդ բանը, հակառակ դեպքում՝ Աստված կպատժի: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: Մծուրքի մոտ Հայր մարդպետին է մոտենում Շավասպ Արծրունին, խաբեությամբ, իբր թե սպիտակ արջ է տեսել, իջեցնում է կառքից և իր հետ տանում մութ անտառ:

Շավասպը փոքր-ինչ հետ է մնում ու, թիկունքից նետահարելով, սպանում է մարդպետին:

Հիրավի աստվածահաճո և ասպետական պահվածք:

Բնական է, որ Ներսեսը չէր կարող տեղյակ լինել այս ոճրագործությունից, չէ՞ որ նա սուրբ մարդ է: Իսկ Բուզանդը եզրափակում է այսպես.

«Այսպես՝ Աստծո մարդու ասածները անմիջապես կատարվեցին, որովհետև Աստծո մարդու ոչ մի խոսք գետին չէր ընկնում»:

Հիմա ի՞նչն է խանգարում քրիստոնյաների Տիրոջը պատժել բոլոր այն անփառունակներին, որոնք կաթողիկոսի վատն են ուզում: Իհարկե ոչինչ: Արդար դատաստանի օրը հեռու չէ: Մյուս կողմից, վերջին հարցումներով, Հայաստանի բնակչության 93 տոկոսն իրեն համարում է ՀԱՍԵ-ի հետևորդ: Ասել կուզի, կաթողիկոսն ունի ավելի բացառիկ հեղինակություն, քան ժողովրդի սիրելի վարչապետը: Եվ հետո, դուք տեսե՞լ եք որևէ հովիվ, որ թիկնազորով շրջի: Ես չեմ տեսել:

Իհարկե, ինձ ընդդիմանալ ցանկացողները կարող են բերել կուռ փաստարկ առ այն, որ Հռոմի Պապն ունի թիկնազոր՝ «շվեյցարական գվարդիան»: Այդ փաստարկը բերելով՝ նրանք է՛լ ավելի կամրապնդեն իմ այն պնդումները, որ մեր կաթողիկոսը միակ իրական հոգևոր առաջնորդն է բոլոր եկեղեցիների մեջ:

Հռոմի Պապը ֆեյք է, ընկերնե՛ր, հավաստիացնում եմ ձեզ: Նա անհավատ ֆեյք է: Եթե այդպիսին չլիներ, Աստծո ողորմածությունը թողած, ինչո՞ւ պետք է ապավիներ շվեյցարացիներին: Չէ՞ որ նրանք նույնիսկ Աստծո ընտրյալ ժողովուրդը չեն:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am