«Հայրս հաստատ ուրախ է, որ ես հայի հետ եմ ամուսնացել». Իսպանիայից՝ Հայաստան՝ միավորելով տարբեր մշակույթներն ու սիրո գույները

29-10-2018
2750 դիտում
«Հայրս հաստատ ուրախ է, որ ես հայի հետ եմ ամուսնացել». Իսպանիայից՝ Հայաստան՝ միավորելով տարբեր մշակույթներն ու սիրո գույները

«Հարսանիքից մեկ օր առաջ փակեցինք Երևանի փաբերից մեկը, հավաքեցինք մեր երկու կողմի բարեկամներին, գինու հյուրասիրություն կազմակերպեցինք։ Ուզում էինք, որ նրանք բոլորը ճանաչեն իրար, չնայած խոսում էին տարբեր լեզուներով ու երբեք իրար չէին տեսել։ Ու ստացվեց։ Գինի խմեցին, լավ քեֆ արեցին, ու հաջորդ օրն էլ հարսանիքը ջերմ անցավ»,- պատմում է 28-ամյա Դաննիել Ռումեանը, ով Հայաստան է տեղափոխվել Իսպանիայից և արդեն վեց տարի է՝ ապրում է այստեղ։

Նրան ընդմիջելով շարունակում է կինը` Լիլիթ Հախվերդյանը, և ավելացնում. երբ բոլորը գինովցան, նույն լեզվով էին խոսում, հարսանիքին էլ հյուրասիրեցին տնական օղիով, ու բոլոր պատնեշները ավելի հեշտ հաղթահարվեցին։

«Դա այն հարսանիքն էր, որ մենք էինք ուզում։ Շատերն էին ասում, որ չի լինի խորոված ու տոլմա միասին տալ հարսանիքին, ես ասում էի, որ մեր հյուրերը դրսից են, իսկ տոլման ամենահամեղ կերակուրներից մեկն է այստեղ, ու տվեցինք։ Հարսանիքը բնության մեջ արեցինք՝ դրսում, Գառնիում գտնվող խոնարհված Խումարաժամ եկեղեցում, ու ինչ-որ տեղ կյանք տվեցինք եկեղեցուն»,- պատմում են Լիլիթն ու Դաննիելը։

2012 թվականին Հայաստան տեղափոխված Դաննիելը երկու տարի անց է միայն երևանյան փաբերից մեկում պատահաբար հանդիպում Լիլիթին։

«Փաբում տեսանք իրար, ամրապնդվեց Ֆեյսբուքով։ Ես գտա, ինքը գրեց, ուզում էի գտնել, ինձ դուր էր եկել, ու այդպես սկսվեց»,- պատմում է մասնագիտությամբ տնտեսագետ 29-ամյա Լիլիթը։

Դաննիելն էլ նշում է, որ Իսպանիայում ապրող ծնողները եթե մինչև Լիլիթը հույս ունեին, թե մի օր տուն կվերադառնա, ապա Լիլիթի հետ ընկերությունից հետո հասկացան, որ չի վերադառնալու։

«Մնացի։ Ու հիմա շատ ուրախ են։ Ընտանիքիս համար, կարծում եմ՝ նշանակություն չուներ, թե ի՛նչ ազգության աղջկա հետ կամուսնանամ, բայց հայրս հաստատ ուրախ է, որ ես հայի հետ եմ ամուսնացել»,- պատմում է իրեն 25 տոկոսով հայ համարող Դաննիելը։

Նրա հայ պապը՝ Նշան Ռումեանը, ժամանակին Թեհրանում ամուսնացել է իսպանուհի Քրիստինա Ալվարեզի հետ։ Թեհրանում են ծնվում Դաննիելի հայրը և հորաքույրը։ Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ Ռումեանները տեղափոխվում են Իսպանիա, որտեղ էլ Դաննիելի հայրն ամուսնանում է անգլուհի Ջեյն Բուքերի հետ։

«Պապայի, հորքուրի, պապիկիս հետ հայերեն եմ միշտ խոսել, մամայի հետ՝ անգլերեն, իսկ մնացած բոլորի հետ` իսպաներեն։ Բայց քանի որ մայրս անգլուհի էր, Իսպանիայում ինձ նայում էին որպես անգլիացու, Անգլիայում` որպես իսպանացու։ Այսինքն՝ ես իսպանացի էլ էի, անգլիացի էլ էի, բայց հայ չէի զգում»,-անկեղծանում է մասնագիտությամբ ճարտարապետ Դաննիել Ռումեանը։

Սաութհեմփթոնի համալսարանն ավարտելուց հետո, երբ Մեծ Բրիտանիայից վերադառնում է Իսպանիա՝ տուն, Դաննիելն ասում է, որ ուզում է գնալ Հնդկաստան կամ Չինաստան, կամ որևէ այլ երկիր շրջագայության։ Հայրն առաջարկում է տղային մեկնել Հայաստան, հասկանալ, թե ի՞նչ երկիր է։

«Դեպի Հայք» ծրագրով 2012-ի նոյեմբերին Դաննիելն արդեն Երևանում էր։ Երեք ամիս անց մեկնում է Շուշի, այնտեղ անցկացնում հայկական առաջին Նոր տարին։ Խոստովանում է, որ բացի իրենց ընտանեկան պատմությունից, որ փախել են ցեղասպանությունից, ուրիշ ոչինչ չգիտեր ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Շուշիի մասին, բայց մի բան նրան սկսում էի աստիճանաբար կապել Հայաստանին։ «Դեպի Հայք» ծրագիրը մեկ տարի անց ավարտվում է, սակայն Դաննիել Ռումեանի մոտ ավելի է ամրապնդվում Հայաստանում մնալու միտքը։

«Վերադարձա Երևան։ Մնացի ու սկսեցի աշխատել փաբերում, մյուզիք ֆաքթորիում, բարմեն-մատուցող էի աշխատում։ Ուզում էի մնալ, ինչ էլ պատահեր` կանեի, մենակ մնայի Հայաստանում։ Ես թողեցի, որ ջուրն ինձ տանի։ «Դեպի Հայք» ծրագրին մասնակցածները վեց ամիս անց վերադառնում էին տուն, նրանց մոտ ամեն ինչ պլանավորված էր։ Ջուրն ինձ շարունակում էր տանել։ Ինձ համար Հայաստանը կարծես Ամերիկան լինի 1700-ական թվականներին։ Այդ «Wild west» վիճակն էր։ Ամեն դեպքում կյանքս այդ ժամանակ հենց այդպիսին էր, երբ չգիտես, թե քեզ հետո ի՛նչ է սպասում։ Անընդհատ ապրում էի անակնկալներով, մի գործից անցնում էի մյուսը, որպեսզի կարողանայի ապրել։ Ու դա էր, որ ինձ հնարավորություն էր տալիս մնալու»,- հիշում է Դաննիելը։

«Wild west» վիճակից մեկ տարի անց՝ արդեն 2013-ին, ճարտարապետի աշխատանքի առաջարկ է ստանում «Թիմ Ֆլին արքիթեքթս» կազմակերպությունում, որը զբաղվում է Դիլիջան քաղաքի զարգացման նախագծերով՝ IdeA հիմնադրամի գլխավորությամբ։ Այստեղ աշխատում է մինչև 2017 թվականը։

Դաննիելն ինքն էլ է զարմանում, թե որքան արագ անցան վեց տարիները, բայց համոզմունքը՝ Հայաստանում մնալու ավելի է ամրացել։

«Հետ գնալը չի ձգում։ Այստեղ հիմա ունեմ Լիլիթին ու իր ընտանիքին, ու մենք շատ մոտ ենք, բոլորս։ Իմ ամենալավ ընկերները, որ այստեղ ունեմ, ու մի քիչ էլ Wild west շրջանը այստեղի։ Ասում են՝ Հայաստանում գործ չկա, հնարավորություններ չկան։ Ես հակառակն եմ տեսնում, այնքա՜ն-այնքան բան կա անելու, մենակ անող է պետք։ Եվրոպայում ես ստիպված մտնելու էի ուրիշի գործի մեջ, ուրիշի համար պետք է աշխատեի, բայց այստեղ կա այդ հնարավորությունը քոնը ստեղծելու, աճելու տեղ կա։ Հիմա աշխատում եմ «360 Stories»-ում, փոքր թիմ ենք ու մենք ենք աճեցնում գործը զրոյից»,- պատմում է Դաննիելը և ավելացնում, որ նոր «Epic Armenia» տուրիստական ընկերություն է բացում`արկածային և էքստրիմ տուրիզմի սիրահարների համար։

Հայաստանում ապրելու տարիներին անընդհատ մասնակցել է արշավների, ուսումնասիրել բնությունը։

«Մեր հանդիպումներից հետո երկուսով սկսեցինք հաճախել արշավների, ինչի շնորհիվ ավելի մտերմացանք։ Դեննին այնքան լավ գիտի այս ոլորտը, որ տարբեր ակումբների խմբերի է ուղեկցում, բայց հիմա ինքը կուղեկցի իր խմբերին։ Դեննին ինձ ամուսնության առաջարկ է արել ժայռամագլցման ժամանակ, պարաններով սեղանը իջավ ժայռի վերևից, հայտնվեց Դեննին՝ կոստյումով….»- պատմում է Լիլիթը։

Դաննիելը աշխատում է հիմնականում եվրոպական շուկայի հետ, խոսում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն։

«Ժայռամագլցում, դահուկասահք, քայլարշավներ։ Արագած ենք ձմռանը բարձրանում, Արայի լեռ։ Հիմնականում գալիս են ձմռանը դահուկ քշելու։ Հայաստանում շատ կազմակերպություններ կան, որոնք դասական տուրեր են անցկացնում, բայց էքստրեմալ տուրիզմով զբաղվողները հինգ-վեց հոգի են»,-պատմում է նա։

Լիլիթը թեյ է լցնում Դաննիելի համար ու ժպտալով ասում. տարբեր մշակույթներում մեծացած ու տարբեր դաստիարակություն ստացած մարդիկ են, տարբեր բնավորություններով, բայց կարողացել են գտնել ոսկե միջինը։

«Այլ խառնվածքներ ունենք, այլ ներաշխարհներ։ Մինչև վերջերս էլ ես զարմանում եմ՝ ինչպե՛ս ամուսնացանք, ու մինչև հիմա ես հիշում եմ պապայի ասածները. «Լիլի՛թ, պարտադիր չէ ամուսնանաս մեկի հետ, ով քեզ նման «Բիթլզ» է սիրում, կարա՝ սվարչիկ լինի»։ Ու եկավ մի պահ, ես հասկացա, որ կարևոր չէ լսենք նույն երաժշտությունը, դիտենք նույն ֆիլմերը։ Դեննիի հետ շփվելուց հետո հասկացա, որ հարաբերություններում շատ կարևոր հանգամանք է հարգանքը` իրար ընդունելու այնպիսին, ինչպիսին կանք, առանց փորձելու մեկս մյուսին փոխենք։ Ու հիմա մեկ ընդհանուր գիծ ունենք. տուն ենք մտնում թե չէ, հաջորդ քայլը լավ ֆիլմ դիտելն է։ Ու լինում են օրեր, երբ ես ասում եմ. «Դեննի՛, թույլ եմ տալիս քո ուզած ֆիլմը նայենք»,- ծիծաղելով պատմում է Լիլիթը։

Երբ կինը հոգնած է լինում, Դեննին է պատրաստում խոհանոցում, հաճախ մեքսիկական համեղ մի կերակուր, ինչու չէ, կարգի է բերում տունը։ «Չեմ կարծում, որ եթե տեղացի լիներ, կպատրաստեր կամ տուն կմաքրեր… ու նաև չեմ կարծում, որ դրանից տղամարդու դերը իջնում է, հակառակը`ավելանում է, ու հասկանում ես, որ կողքիդ ընկեր է, ոչ թե բռնապետ, որ տուն գալով ստուգելու է՝ կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ, կամ տունը մաքո՞ւր է, թե՞ ոչ։ Ինձ համար կարևորը հենց դա է, որ ես ամուսնացել եմ ընկերոջ հետ»,- բացատրում է Լիլիթը։

Երկու տարի է՝ միասին են ապրում, բայց ամուսնացած են մեկ տարի։ Լիլիթն ասում է, որ դեմ է գնացել հայկական ավանդույթներին, և իր սիրած մարդու հետ սկսել ապրել մինչև ամուսնանալը։

«Ես շատ եմ պայքարում այս տաբուի դեմ ու հորդորում իմ ընկերներին, ընկերուհիներին, որ սկսեն ապրել իրենց սիրած մարդու հետ ընտանիք կազմելուց առաջ, հասկանան՝ տվյալ մարդու հետ արդյո՞ք ցանկանում են իրենց մնացած կյանքն անցկացնել։ Այդ փորձաշրջանը պետք է ունենան։ Վայելեն ազատությունը։ Արդյոք պատրա՞ստ են զարթնել՝ այդ մարդուն տեսնել իրենց կողքին, քնել ու նորից տեսնել, կարո՞ղ է ամուսնությունը իրենց համար չէ»,- ասում է Լիլիթը։

Դաննիելը փորձում է լրացնել կնոջը. «Երկու կարևոր բան եմ սովորել իմ կյանքից. մեկը` ծնողներից առանձին ապրելը, և հաջորդը՝ ապրել սիրած մարդու հետ ու հասկանալ՝ ուզո՞ւմ ենք իրար հետ ապրել, թե՞ ոչ»։

Ամուսնական զույգը հաշվում է՝ ապագա սպասվող երեխան քանի տոկոսով է հայ լինելու։ «75 տոկոսով հայ կլինի երևի, 50 տոկոս՝ մամայից, 25 տոկոս՝ պապայից, մի 25 էլ իսպանացու ու անգլիացու խառնուրդ։ Կարևորը՝ կեսից շատը հայ է լինում, ու գուցե ինքն էլ որոշի Իսպանիայում ապրել»,- ասում է Լիլիթը։

Իսկ 25 տոկոս հայկական գեներ ունեցող Դաննիելը կարծում է, որ իր կայացրած որոշման մեջ`մնալ Հայաստանում, գեները քիչ նշանակություն ունեն։

«Չեմ ասում, որ գենետիկան չի ազդում, բայց, կարծում եմ, այն, որ ծնվում ես, ու այն, որ սովորում ես, ինչ դաստիարակություն ես ստանում, կարծում եմ՝ դա ավելի մեծ դեր ու նշանակություն ունի, քան գենետիկան։ Բայց կարող է սխալվում եմ, եթե այստեղ եմ ու այստեղ եմ ապրում։ Կարող է ինքս ինձ խաբո՞ւմ եմ»,-անկեղծանում է Դաննիել Ռումեանը։

Իր հերթին անկեղծանում է նաև Լիլիթը և նշում, որ երբեք մտքով չի անցել Դաննիելի հետ Հայաստանից հեռանալու մասին։ «Միշտ ցանկացել եմ մնալ ու ապրել ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս կողքին, տուժողը ավելի շատ Դենին է։ Մի քիչ դժվար կլինի երբ մեր ծնողները մեծանան, մենք հիմա դա շատ ենք մտածում։ Բայց մեր հիմնական կյանքը այստեղ է։ Միշտ մտածում էի, եթե հայի հետ չամուսնանամ՝ գոնե իսպանացու հետ, այդպես էլ եղավ»,- ասում է Լիլիթը։

 Լուսանկարներն՝ ընտանեկան արխիվից։ 

Գայանե Մկրտչյան

MediaLab.am