«Ներկայումս մենք փլատակների տակ ենք, քաղաքն առաջնահերթ այդ փլատակներից դուրս բերելու խնդիր կա». Գայանե Աբրահամյան

30-10-2018
662 դիտում
«Ներկայումս մենք փլատակների տակ ենք, քաղաքն առաջնահերթ այդ փլատակներից դուրս բերելու խնդիր կա». Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավանագու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:

Տիկի՛ն Աբրահամյան, Երևանի նոր իշխանությունները ի՞նչ ժառանգություն են ստացել նախորդներից, ի՞նչ բացահայտումներ են արվում այս փուլում:

- Երևանի ավագանին վերահսկման մանդատ ունի, ստացված ժառանգությանը դեռ չենք հասցրել ամբողջությամբ ծանոթանալ, որովհետև դա երկար գործընթաց է: Տարբեր հարցերով հարցումներ ենք ուղարկում ֆինանսական բաժին, հարցումների պատասխաններին ենք սպասում:

Օրինակ՝ ես հիմա պահանջելու եմ տեղեկատվություն մեկ տարվա գնումների վերաբերյալ: Պետական գնումների կայքում առկա տեղեկատվությունը թերի է, շատ ինֆորմացիա ուղղակի ներկայացված չէ, հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել, թե ի՛նչ է գնվել, ի՛նչ փաստաթղթեր կան: Քանի որ սա մի ոլորտ է, որը մինչև վերջ թափանցիկ չէ, մենք որոշակի կասկածներ ունենք:

Հիմա հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն մանկապարտեզների ու քաղաքաշինական խնդիրները, որոնց հարցերով քաղաքացիները մեզ են դիմում: Զբաղվածությունը մեծ է, անգամ հարցումներ ուղարկելու ժամանակ չի մնում:

Այսօր կարծես ճգնաժամային կառավարում է իրականացվում: Երևանի քաղաքապետն այս փուլում ամբողջովին լծված է «Սանիթեք» ընկերության հետ կապված խնդիրների վերհանմանը: Քանի որ դիմացը ձմեռ է, կարևոր է սանմաքրման հարցի լուծումը: Դա մի սարսափելի մեխանիզմ է եղել, իսկապես այնտեղ հիմա մեքենաներ չկան, մեքենաները սարքին վիճակում չեն: Տարիներ շարունակ այնքան վատ կառավարում է իրականացվել, որ հիմա քաղաքի նոր իշխանություններն փորձում են այլընտրանքային լուծումներ գտնել:

- Հնարավո՞ր է աղբահանության նոր օպերատոր ներգրավվի:

- Բացի նոր օպերատոր ներգրավելուց, իսկ դա տևական գործընթաց է, քանի որ նոր մրցույթ պետք է հայտարարվի, այսօր գոնե պետք է արագ լուծում գտնել: Փորձում են նոր մեքենաներ ներգրավել գործընթացում, որպեսզի նախ՝ աղբահանությունը պատշաճ իրականացվի, երկրորդ՝ ձմռանը ձնամաքրման նորմալ աշխատանքներ կատարվեն: Քաղաքապետն այս ուղղությամբ օր ու գիշեր աշխատանք է տանում:

- Խոսեցիք մանկապարտեզների խնդրի մասին, ի՞նչ է տեղի ունեցել այս ոլորտում:

- Ավագանին այս փուլում զբաղված է մանկապարտեզների խնդրով, փորձում ենք հասկանալ, թե քանի՛ խումբ հնարավոր կլինի հաջորդ տարվանից բացել: Իսկ դրա համար պետք է տարածք լինի, պետք է նախարարությունից լիցենզիա ստանան, որպեսզի հաջորդ տարվա բյուջեում այդ խնդիրը փորձենք ներառել:

Տարիներ շարունակ, սկսած 1990-ական թվականներից, Երևանում մանկապարտեզների շենքերը վաճառվել են, կան շենքեր, որոնք ուղղակի տրված են անհատույց օգտագործման, վարձակալության և այլն: Եվ դրա հետևանքով մանկապարտեզների թիվը նվազել է: 1990-ական թվականներին, քանի որ մանկապարտեզների պահանջարկը քիչ էր, որովհետև ծնելիության մակարդակը ցածր էր, արտագաղթը՝ մեծ, մտածել են, որ պահանջարկ չկա, շենքերը վաճառել են:

Երևան քաղաքում մանկապարտեզների մոտ 80 շենք է վաճառվել: Այսպես, եթե ԽՍՀՄ տարիներին մայրաքաղաքում գործել է մոտ 260 մանկապարտեզ, ապա այսօր դրանց թիվը 160 է: Մնացածը վաճառվել է կամ տրվել անհատույց օգտագործման:

Այս հարցով պատրաստվում ենք հարցումներ ուղարկել, որպեսզի հասկանանք, թե այսօր ո՛ր շենքերն են հնարավոր վերադարձնել և ո՛ր պայմանագրերով: Այդ պայմանագրերը երկարաժամկետ են՝ մեկը՝ 90, մյուսը՝ 50 տարով և այլն: Փորձում ենք իրավական ուղիներով հասկանալ և տեսնել, թե ինչպես է հնարավոր այս շենքերը վերադարձնել և ծառայեցնել համայնքի կարիքներին:

- Ունե՞ք արդեն նախնական գնահատական, թե ի՛նչ կառավարում է նախկինում իրականացվել Երևանում:

- Քաղաքի նկատմամբ այդ քաղաքականությունն սկսեցին վարել այն ժամանակից, երբ քաղաքապետարանը դոտացիա էր ուզում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ «փողի վրա նստած՝ փող եք ուզում»: Դրանից հետո քաղաքը իշխանությունների կողմից դիտարկվեց որպես փողի քսակ, որից անընդհատ կարելի էր վերցնել՝ առանց ընդհանուր ռազմավարության:

Նույն քաղաքաշինական ծրագրերը Երևանում իրականացվել են այդ տրամաբանությամբ ու փիլիսոփայությամբ: Զարգացման ծրագրեր չեն իրագործվել, թղթի վրա ամեն ինչ կա՝ զարգացման ծրագրեր և այլն, բայց դրանք ստորադասվել են փող աշխատելու սկզբունքին: Քաղաքի կառավարման սկզբունքը եղել է քաղաքից գումար պոկելը:

- Հնարավո՞ր է առաջիկայում գործեր ուղարկվեն քննչական մարմիններ, կոռուպցիոն բնույթի աղմկոտ բացահայտումներ լինեն:

- Հնարավոր է, բայց ներկայումս մենք փլատակների տակ ենք, քաղաքն առաջնահերթ այդ փլատակներից դուրս բերելու խնդիր կա: Չենք կարող աղբահանության խնդրի լուծման փոխարեն փորձել պարզել, թե «Երևան» հիմնադրամում ի՛նչ են արել:

Այսինքն՝ հրատապ հարցեր կան, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Որոշ ոլորտներում բացահայտումներ անելը, քրեական գործեր հարուցելը առաջնահերթ չէ, որքան ձմռան նախաշեմին հրատապ խնդիրների լուծումը: Զուգահեռ նաև ստուգումներ են արվում, որոշ ոլորտներում բացահայտումները զուգահեռ կարվեն աուդիտների միջոցով, բայց մեզ համար կարևորը այս պահին քաղաքի կաթվածահար եղած աղբահանության կամ մանկապարտեզների խնդիրը լուծել է:

Օրինակ՝ մանկապարտեզ կա, որի տանիքն ուղղակի վերանորոգված չէ, ջուրը կաթում է երեխաների մահճակալների վրա: Իրականում լավագույն տարբերակն այն է, որ զուգահեռ պետք է և՛ հրատապ խնդիրները լուծել, և՛ հնարավոր չարաշահումների հարցը բարձրացնել:

Բայց քանի որ հրատապ խնդիրները շատ են, կարծում եմ, այսօր այդ ճգնաժամային կառավարումը, որն իրականում շատ վատ է, պետք է իրականացնել: Դրանից հետո հեռանկարային ու բարեփոխումներին միտված ծրագրերի պետք է անցնել, որոնց միջոցով նաև պետք է բացահայտել, թե ի՛նչ սխալներ են արվել, ինչո՛ւ են արվել, որո՛նք են եղել կոռուպցիոն մեխանիզմները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am