Վահագն Հարությունյան. Մարտի 1-ի միակ մեռելը

01-11-2018
1894 դիտում
Վահագն Հարությունյան. Մարտի 1-ի միակ մեռելը

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը և իր որոշ ենթականեր քրեական հետապնդման տակ են Մարտի 1-ին 10 հոգու սպանության պատճառ դարձած փամփուշտները կեղծելու համար:

Սա այն մասին չէ, որ Վահագնն իր տեղում չէր, այլ՝ այն մասին, որ 10 զոհի ծնող 10 տարի փտել է բանտում: Որովհետև ուրիշ ի՞նչ է այս լուրը, եթե ոչ արձանագրումը, որ էդ մարդիկ իրենց սգից ճշմարտության օգնությամբ դուրս գալու որևէ տարբերակ չեն ունեցել, նրանք բանտվել են ստի մեջ, ու բանտապահը եղել է անմեղսունակ արքայազնի աչքերով այս մարդը:

Այս լուրն այն մասին չէ, որ պետական ինստիտուտ է կեղծվել Վահագնի ձեռամբ, այլ՝ այն մասին, որ զոհի հարազատի սիրտն են դրել կեղծիքի իրենց կռանի տակ ու անընդհատ հարվածել սրտին, անընդհատ հարվածել: Ամեն օր հիշեցրել են, որ ինքը զոհի հայր է կամ մայր ու ասել են՝ բացահայտման ուղղությամբ ոչ մի լուր չկա:

Հատուկ քննչական ծառայության տարածած այս տեղեկությունն այն մասին չէ, որ մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը իշխանության համար մի դատարկ տեղ է եղել Հայաստանի մեջ, այլ՝ այն մասին, որ սպանությունը կա հենց ապացույցներ կեղծելու համար, այս լուրն այն մասին չէ, որ մեռնողը մարտի 1-ից հետո 41 օր կոմայի մեջ գտնված ու մահացած Տիգրան Աբգարյանն է, այլ այն մասին, որ ապրողը եղել է Վահագն Հարությունյանը:

Այս լուրն այն մասին է, որ Մարտի 1-ի գործ չի եղել, եղել է Վահագն Հարությունյանի կնոջ և երեխաների հաճույքի բազմահատոր սպիտակ էջ:

Այս լուրն այն մասին է, որ հիշողությունը կեղծ կատեգորիա է, այսինքն՝ նրանք, որոնք հիշում են Մարտի 1-ը, կեղծ են, որովհետև աս լուրն այն մասին է, թե ինչքան հաց է կուլ գնացել այս մարդու կոկորդով, այն մասին, որ այդ հացի պաշտոնական հովանավորը Սերժ Սարգսյանն է, այն մասին, որ էս մարդիկ Հայաստանի պատմությունը ժամացույցի սլաքի նման կանգնեցրել են ու ապրել այն զգացողությամբ, որ հավերժությունը հենց դա է: Այս լուրն այն մասին է, որ Մարտի 1-ին 10 զոհ չի եղել:

Եվ իսկապես, եթե մենք զբաղված ենք թիթեռնիկ նկարելով, ընդ որում, ոչ Մարտի 1-ի գործի մեջ, այլ՝ մեր տանը, ի՞նչ զոհեր, ի՞նչ Մարտի 1:

«Հայաստանի կորսված գարո՞ւն»: Դա ի՞նչ է: Եվ մի՞թե այլ գարուն եղել է Հայաստանում, եթե ոչ մարտի 1-ից մինչև այս տարվա ապրիլը տարին 365 օր անխափան «տեղի ունեցող» գարունը, որի ամեն դրվագը մանրամասն կարող է նկարագրել Վահագն Հարությունյանը, ավելի մանրամասն, քան պարկուճը, որը մտել է զոհի մարմնի մեջ: Որովհետև պարկուճ էլ չի եղել: Կեղծիք էլ չի եղել: Կանգ առած ժամանակում, երբ երջանկությունը ծփում է հենց Մարտի 1-ի զոհերի արյունով, ի՞նչ պարկուճ, ի՞նչ զոհ, ի՞նչ քրեական գործ:

Եվ եթե ժամանակը կանգնել է, Վահագն Հարությունյանը ճիշտ է եղել, չկա ոչ մի Մարտի 1, ոչ մի Գոռ Քլոյան կամ Արմեն Ֆարմանյան: Ոչինչ չկա: Կա միայն Սերժ Սարգսյանը, որը նույնիսկ Աստծուն է ուղարկել գրողի ծոցը և միայնակ այստեղ որոշում է, թե ապրելու ի՛նչ տարբերակներ կան Մարտի 1-ը մոռանալ տալու գնով, մինչդեռ մեռնելու՝ ոչ մի:

Եվ իսկապես, այս տարիներին, գոնե վերջին 10 տարում ինչ-որ մեկը մեռե՞լ է: Հետևաբար այս լուրն այն մասին է, որ վերջին 10 տարում Հայաստանում մեռած է եղել ամեն ինչ, և սույն քրեական գործը Վահագն Հարությունյանի և Սերժ Սարգսյանի հարության միակ շանսն է: Սա լուր է այն այն մասին, որ վերջին 10 տարում Մարտի 1-ի ուրիշ 10 զոհեր են եղել, որոնք մեռել են կամավոր՝ Սերժ Սարգսյանը և Վահագն Հարությունյանի գլխավորած քննչական խումբը:

Մեռել են առանց գանգուղեղային բաց վնասվածքի, առանց «Չերյոմուխայի»: Սա լուր է այն մասին, որ մեռելախումբ է իրականացրել Մարտի 1-ի հետաքննությունը: Եվ Հատուկ քննչական ծառայության երեկ հրապարակած տեղեկությունն այն մասին է, որ, ընկերնե՛ր, եկել է կյանքի աչքերի մեջ նայելու ժամանակը: Այսինքն՝ ապրելու ժամանակը՝ ձեր և մեր: Ունե՞ք այդ նայող աչքերը, թե՞ մի այլ ձև եք կույր մտոք:

Մհեր Արշակյան

MediaLab.am