«Հիմա և՛խորհրդարանի որակը, և՛ ընտրական գործընթացի որակական կողմը որոշելու է Նիկոլ Փաշինյանը». Ստյոպա Սաֆարյան

02-11-2018
683 դիտում
«Հիմա և՛խորհրդարանի որակը, և՛ ընտրական գործընթացի որակական կողմը որոշելու է Նիկոլ Փաշինյանը». Ստյոպա Սաֆարյան

Ազգային ժողովի արձակմամբ բավական ծանր և անորոշություններով լի փուլ  ավարտվեց Հայաստանի Հանրապետության համար: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի մեկին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը, երբ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Սա, հիշեցնենք, հնարավորություն է տալիս իրավունքի ուժով արձակել Ազգային ժողովը և արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնել:

«Փաստացի կարելի է ասել, որ այս քվեարկությամբ հեղափոխության ամրագրումը տեղի ունեցավ, և սա հռչակում է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գաղափարը: Այժմ հերթը ժողովրդինն է՝ ձևավորելու իր իշխանությունը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 1-ին երկրորդ անգամ վարչապետ չընտրեց: Առաջադրված միակ թեկնածուն, ինչպես առաջին, երկրորդ անգամ ևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությանը նոյեմբերի 1-ի ԱԺ հատուկ նիստում կողմ քվեարկեց 0, դեմ` 0, ձեռնպահ՝ 13 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին՝ հայտարարելով, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն: Որպեսզի գործող խորհրդարանը լուծարվեր, ըստ Սահմանադրության՝ երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ պետք է ԱԺ նիստ գումարվեր, բայց վարչապետ չընտրվեր, ինչն էլ տեղի ունեցավ:

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին»,- մասնավորապես նշվում է նախագահի հրամանագրում:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ չնայած բոլոր վայրիվերումներին, պետք է խոստովանել, որ արդյունքը ձեռք բերված է: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի արձակումից հետո նոր խորհրդարանի ձևավորմանը, քաղաքագետի խոսքով, այստեղ էլ ոչ պակաս անորոշություններ կան:

«Երևի թե մենք այդպես էլ չկարողանանք իսպառ վերացնել անորոշությունները, որովհետև, ցավոք, հին ընտրակարգը մնաց: Բազում ռիսկեր կային, որոնք կարող էին նոր Ընտրական օրենսգրքի դեպքում կառավարվել ինստիտուցիոնալ մակարդակում, այժմ, ցավալիորեն, այդ ռիսկերի կառավարումը կրկին մնալու է անձի մակարդակում, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին նկատի ունեմ»,- ասում է նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այնպես, ինչպես նախորդ վեց ամիսներին շատ բան կախված է եղել Նիկոլ Փաշինյանից, հիմա նույնպես և ՛ նոր խորհրդարանի որակը, և ՛ ընտրական գործընթացի որակական կողմը որոշելու է նա: Այսինքն՝ այդ հարցը, Սաֆարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության դաշտում է:

Քաղաքագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե ի՞նչ որակի խորհրդարան կարող ենք ունենալ առաջիկայում: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտն ապացուցեց, որ շատ վատ ադապտացիոն կարողություններ ունի: Ակնհայտ էր, որ նախորդ վեց ամիսների ընթացքում կուսակցություններն այդպես էլ չկարողացան վերադիրքավորվել, վերախմբագրել իրենց ռազմավարությունը, վերաձևակերպել իրենց նոր ասելիքը, նոր առաքելությունը:

«Իհարկե ընտրական համակարգի փոփոխության հարցը մի կողմից, մյուս կողմից էլ՝ այս գործոնը, մասնակցության առումով բավական քիչ շահագրգռությունների տեղ են թողնում քաղաքական ուժերի համար: Չեմ կարող ասել, թե հայտարարված ժամանակացույցի պայմաններում, երբ արդեն ցուցակների գրանցումները կգնան, ինչ կազմեր կներկայացվեն: Նկատելի է, որ այժմ մոտ հինգ քաղաքական ուժերի ռեալ մասնակցության մասին կարող ենք պնդել՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ «Իմ քայլը» դաշինքով, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Սասնա ծռերը» և «Լույս» դաշինքը»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ մնացած ուժերի դիրքավորումը՝ կապված ընտրությունների հետ, դեռևս ամբողջական չէ: Սա, ըստ քաղաքագետի, լավ չէ, քանի որ նշանակում է, որ քաղաքական համակարգը դեռևս ուշագնացության մեջ է, որը հեղափոխությունն էր բերել: «Հետաքրքիր է, որ նախորդ տասնամյակում իշխանությանը մարտահրավեր նետող քաղաքական ուժերը փաստացի դեռևս դիրքավորված չեն»,- նկատում է Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am