«Դադար առնելու ժամանակն է». Կարեն Կարապետյանը չի առաջադրվելու

06-11-2018
77 դիտում
«Դադար առնելու ժամանակն է». Կարեն Կարապետյանը չի առաջադրվելու

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը չի առաջադրվելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում:

Այդ մասին Կարապետյանը տեղեկացրել է այսօր տարածած հայտարարությամբ:

«Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել: Մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ:

Այս երկար տարիների ընթացքում ես, իմ ընտանիքի անդամները ջանացել ենք պարզ ու շիտակ լինել հասարակության առաջ: Պատգամավորական մանդատը, մեր հնարավորությունները փորձել եմ ծառայեցնել երկրի զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը: Արել եմ, ինչ կարողացել եմ:

Վստահեցնում եմ՝ պետական դիրքը երբեք չեմ օգտագործել անձնական շահի կամ ավելի մեծ իշխանություն ունենալու համար: Քաղաքական հարաբերություններում բաց ու անկեղծ եմ եղել:

Այսօր ես որոշում եմ կայացրել: Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին»,- գրել է Կարապետյանը:

Նա նշել է, որ սա դժվար որոշում էր, քանի որ մարդկանց հետ ճանապարհ է անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն իրենից: «Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ:

Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել:

Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել և հավատացել են ինձ:

Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ:

Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց:

Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու:

Նոր ձևավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարևորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու:

Իմ համակիրներին, ընտրողներին խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրություններին և քվեարկել խղճի մտոք: Միայն այդ պարագայում կկարողանաք պահանջատեր լինել և չհիսաթափվել: Միայն այդ պարագայում կկարողանաք Ձեր զավակների արժանապատիվ ապագայի հիմքերը դնել:

Դարձյալ շնորհակալություն: Համոզված եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու»,- գրել է Կարապետյանը: