ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի չեղարկման վերաբերյալ. հայտարարություն

06-11-2018
218 դիտում
 ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի չեղարկման վերաբերյալ. հայտարարություն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան իր խորին մտահոգությունն է հայտնում ԼԳԲՏ քրիստոնյաների չեղարկված ֆորումի շուրջ հասարակության տարբեր խմբերի կողմից ատելության խոսքի դրսևորումների կտրուկ աճի, ապատեղեկատվության և վախի մթնոլորտի տարածման, սպառնալիքների, ճնշումների, ինչպես նաև ‹‹Նոր Սերունդ›› մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ։

ժողովրդավարությունը և մարդու իրավունքների գերակայությունը որպես արժեքներ հռչակած պետությունը պարտավոր էր ապահովել և պաշտպանել բոլոր անձանց՝ խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, հավաքներ և քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների իրացումը:

Ֆորումի իրականացման խափանումը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանը ևս մեկ ետ քայլ է անում ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող պետություն դառնալու որդեգրած ուղուց, քանի որ յուրաքանչյուր պետություն պետք է երաշխավորի քաղաքացիների բոլոր խմբերի ներկայացուցիչների ապահովությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը՝ անկախ սեռից, դավանանքից, ազգային, սեռական կողմնորոշումից և/կամ գենդերային ինքնությունից և այլ հատկանիշներից: Ըստ այդմ, Կոալիցիան կոչ է անում լիազոր պետական մարմիններին այսուհետ չեզոքացնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն բորբոքող, բռնություն քարոզող ցանկացած դրսևորում և պատշաճ կերպով գնահատական տալ նման երևույթներին:

Կոալիցիան նաև կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին հետագայում լինել առավել հետևողական՝ ապահովելով ցանկացած հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ անկախ նրանց ազգությունից և քաղաքացիությունից, թե որ պետությունն են վերջիններս ներկայացնում և կանխել ատելության հիմքով ցանկացած հանցագործություն։

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա