Յուրաքանչյուրս «սեռական փոքրամասնություն» ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը չկա

06-11-2018
1287 դիտում
Յուրաքանչյուրս «սեռական փոքրամասնություն» ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը չկա

Երեկ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր աշխատասենյակում ընդունել է սեռական փոքրամասնության ներկայացուցչի: «Հայու գենը» չարախնդում է սոցիալական ցանցերում:

Ինձ մի հարց է տանջում. նախարարի պաշտոնակատարն ընդունել է ինչ-որ գաղափար ունեցող մարդու: Ի՞նչ պիտի աներ՝ չընդունե՞ր:

Ենթադրենք՝ էդ գաղափարը վերաբերում է սեռական փոքրամասնություններին: Չլսե՞ր:

Ընդունենք, թե այդ տղան նախարարի պաշտոնակատարին առաջարկել է դպրոցներում օժանդակ դասաժամեր սահմանել հանդուրժողականության թեմայով: Բացառված չէ, չէ՞: Չասե՞ր էդ տղան:

Չլսե՞ր նախարարի պաշտոնակատարը: Էդ սերը և հանդուրժողականությունը նաև նախարարի պաշտոնակատարի հռչակած գաղափարն են, չպե՞տք է տեր կանգնի իր գաղափարին:

Արայիկ Հարությունյանը պաշտոնական հայտարարություն չի արել, որ ընդունել է սեռական փոքրամասնության ներկայացուցչի: Եթե ձեր դարդը քարոզն է, ինքը սուսուփուս ընդունել է, սուսուփուս՝ ճանապարհել:

Վա՞տ բան է արել: Այդ տղան միայն իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ հանդիպումն արդյունավետ էր:

Ինչո՞ւ է անհանգստանում համապատասխան քարոզչամեքենան: Երբ նախորդ իշխանությունների օրոք էդ տղայի ծպտունը չէր լսվում, ամեն ինչ հրաշալի՞ էր: Նախարարի պաշտոնակատարը նրան ընդունել է ակնհայտորեն ցույց տալով, որ նա էլ մյուսների նման ունի հրապարակային գոյության իրավունք: Ո՞ւմ ամոթն է այն մարդը, որը նույնիսկ ընտրության հնարավորություն չունի սեռական կողմնորոշման: Նա այդպիսին է իր բնությամբ: Մենք ունե՞նք իրավունք ինչ-որ բան անելու, որ նա չլինի այդպիսին:

Յուրաքանչյուրի կերպարում առաջին տեղում նույնիսկ նրա մտքերը չեն, այլ՝ զգացումները: Մենք չենք կարող մարդուն թելադրել փոխել իր զգացումները: Մնացածի համար գոյություն ունեն արվեստը, փիլիսոփայությունը, պապենական խորհուրդները և այլն: Այլասերման քարոզին բոլորն են դեմ:

Ես, օրինակ՝ դեմ եմ կրոնական ցանկացած գաղափարի քարոզին: Ըստ իս, գրականությունը մասնավորապես, արվեստն ընդհանրապես, և փիլիսոփայությունն առանձնապես միանգամայն հերիք են որևէ Աստծո կամ աստվածայինի ընկալման համար: Պետք չէ աջ ու ձախ ներխուժել մարդկանց միջավայր, համոզելով, որ Աստված անհրաժեշտություն է:

Ապրիլյան հեղափոխությունը ինչ-որ մարդկանց սարսափեցրել է հենց ազատության այն ծավալով, որին պատրաստ չեն: Կան այդպիսի մարդիկ, որոնք չգիտեն, թե իրենցից ինչ են ներկայացնում այն ազատության մեջ, որը տրվել է իրենց:

Մենք ազատության գրագիտությունը չունենք, կարծես չենք կարողանում իրար կողքի դնել մեզանից անկախ ապրող սեռական այլ կողմնորոշում ունեցող մեկի գոյությունն ու մերը: Դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է խնդիր տեսնել մարդու ֆիզիկական պատկանելության մեջ: Խնդիրը սկսվում է գիտակցված ընտրությունից: Այլասերության քարոզը գիտակցված ընտրություն է: Եթե նման խնդիր կա, խոսել պետք է, բայց երբ դիմացինդ ուզում է, որ մյուսներն իր չընտրած մարմնի հանդեպ հանդուրժող լինեն, այդտեղ քարոզ փնտրելը մի քիչ ճիշտ չէ:

Յուրաքանչյուրին տրված է գոյության սեփական տարածությունը: Մենք այն կարող ենք պաշտպանել հիմարությունից, ռաբիսից, քաղքենու քմահաճույքից, բայց իմաստ չունի այն պաշտպանել իր գոյության դաշտում սեռական փոքրամասնությունից: Յուրաքանչյուրս «սեռական փոքրամասնություն» ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը չկա:

Մհեր Արշակյան

MediaLab.am