«Չեղարկելով Հայաստանում ԼԳԲՏ հավաքի անցկացումը՝ իշխանությունը չկատարեց իր պարտավորությունը». Արթուր Սաքունց

06-11-2018
1710 դիտում
«Չեղարկելով Հայաստանում ԼԳԲՏ հավաքի անցկացումը՝ իշխանությունը չկատարեց իր պարտավորությունը». Արթուր Սաքունց

«Հայաստանում ԼԳԲՏ համաժողովի անցկացման արգելքով խախտվում է հավաքների և միավորումների ազատության իրավունքը»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ արձանագրում ենք հետևյալը՝ պետությունը չի ապահովել այդ իրավունքի ապահով իրականացումը:

«Փաստորեն պետությունը չկատարեց իր պարտավորությունը՝ ապահովելու խաղաղ, առանց զենքի, ատելության ու թշնամանքի որևէ կոչ չանող քրիստոնյա ԼԳԲՏ հավաքի անվտանգ անցկացումը»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ համայնքն ավելի վաղ հայտարարել էր այս տարվա նոյեմբերի 15-18-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային համաժողովի մասին: Սակայն օրերս հայտարարություն եղավ, որ համաժողովը Երևանում չի կայանա:

Հասարակական շրջանակներում դժգոհություններ էին հասունացել այս համաժողովի անցկացման հարցով: Անգամ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էր դատապարտել համաժողովի անցկացման նախաձեռնությունը:

Նրա անունից տարածված հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր.

«Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»:

ԼԳԲՏ համաժողովի անցկացման դեմ մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք էին անցկացրել:

«Հանուն ազգային արժեքների նախաձեռնության» կազմակերպմամբ բողոքի ակցիաներ էին անցկացվել համաժողովի անցկացման դեմ: Ակցիայի մասնակիցների պահանջը նաև այն է, որ Հայաստանում ընդունվի միասեռականության քարոզն արգելող օրենք:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հարցին ի պատասխան գաղտնազերծել է, որ ոստիկանության կողմից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ տարված բացատրական աշխատանքի հետևանքով է համաժողովը չեղարկվել:

«Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»,- ասել է Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքով՝ օրեր առաջ ականատես են եղել, թե հարևան Վրաստանում այդ առումով ինչ տեղի ունեցավ: Թեպետ Հայաստանի ոստիկանությունը, նրա խոսքով, պատրաստ էր այդ միջոցառման անցկացմանը, սակայն անվտանգության առումով ռիսկեր կարող էին լինել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Վրաստանում անցկացված ԼԳԲՏ շքերթի ժամանակ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիմնավոր չի համարում այն, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բերում է հարևան Վրաստանի փորձը:

«Ես էլ վկայակոչում եմ մեկ այլ պետության՝ Բելգիայի փորձը, Ֆրանսիայի, Բրազիլիայի, այլ երկրների փորձը և ասում եմ, որ մեր ոստիկանությունը կարողություններ չունի: Ուրեմն պետք է ոստիկանությունը մտածի իր կարողությունների և գործառույթների՝ ավելի արդյունավետ իրականացման մասին»,- ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ սրանով արձանագրվում է, որ իշխանությունը, տվյալ դեպքում հանձինս իրավապահ մարմինների, չի կարողացել համարժեք գործել՝ ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին համապատասխան:

«Միշտ էլ լինելու են ինչ-որ խմբեր կամ մարդիկ, որոնք ունենալու են այլ կարծիք, և ժողովրդավարության բուն էությունը բազմազանությունը, բազմակարծությունն է: Իսկ իշխանության պարտավորությունն է այդ բազմազանության բնականոն վիճակը պահպանելը: Այսինքն՝ մեր պետությունը դա պատրաստ չէ կատարելու, այս դեպքում, ըստ էության, չկատարեց իր պարտավորությունը»,- ասու է նա:

Նշենք, որ նոյեմբերի 7-ին Հայաստան է ժամանելու ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հարցով հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: 

«Ես նրա հետ հանդիպման ժամանակ անպայման այս փաստը կարձանագրեմ: Եվ կլինի բավական կոշտ գնահատական, ես վստահ եմ»,- նշեց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այստեղ հարցը պետության վարկանիշը չէ, խոսքը պետության ամենատարրական պարտավորությունների ապահովման մասին է: Երկրորդ՝ ավելի շատ պետք է մտահոգի այն, որ եթե որևէ ոլորտում կա խտրական վերաբերմունք, և իշխանությունն այդ խտրական դրսևորման վերաբերյալ իր դիրքորոշումը չի արտահայտում կամ արտահայտում է նման կրավորական ձևով, ապա չի բացառվում, որ կարող են խտրականության այլ դրսևորումներ լինել:

«Եվ քանի՞ դրսևորումների դեպքում իշխանությունը կհայտարարի, որ նպատակ ունենալով զերծ մնալ բախումներից՝ հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց: Դա նշանակում է, որ ինքը չի ապահովում ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին համարժեք իր պարտավորությունը: Իսկ այդ խտրականության շքերթը կարող է բավական տարածում գտնել»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am