«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկը այժմ նախարար է

07-11-2018
1860 դիտում
«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկը այժմ նախարար է

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։

Հատկանշական է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Նախնական տվյալներով «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որպես կաշառք, ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ։

Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ Գարեգին Բաղրամյանը եղել է վերը նշված 7 պաշտոնատար անձանց կազմում, ովքեր ընկերության հաշվին մեկնել են Փարիզ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու փաստերով։ Գործի շջանակներում այս պահին նախարար Բաղրամյանը ներգրավված է վկայի կարգավիճակով, այդուհանդերձ նշենք, որ վերոգրյալ արարքը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։

Հովհաննես Նազարեթյան

Աղբյուրը՝ fip.am