Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն... Քա՛յլ արա, մտի՛ր ՔՊ

07-11-2018
1486 դիտում
Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն... Քա՛յլ արա, մտի՛ր ՔՊ

Որքան մոտենում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այնքան «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հանգուցալուծումը մոտ է դառնում: Շատերին է հետաքրքիր, թե հատկապես նոր Հայաստանում, բարիկադներ քանդելու ճանապարհին, ովքե՛ր կհանգրվանեն այդ ցուցակում: Խնդիրն այստեղ Փաշինյանի հետ քայլ արած կամ շարժման հենց սկզբից միացած մարդիկ չեն: Նրանց վարքագիծը գովելի է, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ ի սկզբանե ոչ ոք չէր հավատում հաջողությանը:

Խնդիրը պատեհապաշտների այն բազմությունն է, որը, պատկերավոր ասած՝ ցարի ժամանակ եղել է ցարական, հետո՝ տրոցկիստ, հետո՝ ստալինիստ, հետո համալրել է ՀՀՇ-ի շարքերը, փափուկ հետույքը տեղավորել ՀՀԿ-ում կամ դրան մերձ շրջանակներում, իսկ հիմա խաղում է հեղափոխական: Դրանք այն հարմարվողների բազմությունն է, որոնք մեկ կուսակցություն ունեն. սեփական մաշկը:

Բնական է, որ այս փուլում է՛լ հին դաշնակ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, պետք է ձգտեն գտնել իրենց հերթական տեղն արևի տակ: Սակայն Հայաստանը Երկիր մոլորակը չէ, ավելին՝ Հայաստանը նույնիսկ կայսրություն չէ, որ բաժանված աշխարհը վերաբաժանես: Այդ նույն զանգվածները, որոնք այսօր, նախրի հոգեբանությամբ, դիմումներ են գրում «Քաղաքացիական պայմանագիր» մտնելու համար, վաղն առաջինն են դավաճանելու Նիկոլին: Նրանք իրենց հարմարվողականությամբ և պնակալեզությամբ սեփական դիմագիծը 30 արծաթով վաճառելու կամ մի փոխգյուղապետի աթոռ նվաճելու հույսով Հայաստանը հասցրել են քաղաքական այն հանգրվանին, որն ունենք այսօր: Նախորդ երկուսը՝ Ռոբերտն ու Սերժը, օգտվել են սրանց ծառայություններից, օգտագործել ինչպես վերջին պոռնիկին ու պառաված հարճի կարգավիճակում մի լափաման ճաշ տվել: Բայց սրանք էլ առավել վտանգավորները չեն:

Է՛լ ավելի վտանգավոր են երիտաշխուժակ կարիերիստների հատկապես այն խումբը, որոնք փոքրիկ սպերմատոզոիդների արագությամբ, միմյանց տրորելով ու հերթ չտալով, ճանապարհին միմյանց ոչնչացնելով, փորձում են հասնել բաղձալի բջիջին:

Ա՛յ սրանք ամենավտանգավորներն են:

Վտանգավոր են, որովհետև չունեն տեսլական, չունեն գաղափար, չունեն դավանանք (քաղաքական իմաստով): Նրանք չգիտեն, թե ի՛նչ է ասում ՔՊ-ն, ի՛նչ գաղափարներ ու մոտեցումներ կան այդ կուսակցության ծրագրում, ի՛նչ տեսլական ունեն ամենատարբեր հարցերում, կիսո՞ւմ են արդյոք այդ տեսլականը, թե՞ տրամագծորեն հակառակ են: Չնայած բարդ բաներից խոսել պետք չէ:

Այդ երիտաշխուժակ կարիերիստների խումբը մի մարմաջ ունի՝ փոքրիկ աթոռի մարմաջը:

Ու այստեղ գալիս է Նիկոլի լրջագույն խնդիրը: Ժողովուրդը կամ այն լայն հանրույթը, որին մենք անվանում ենք ժողովուրդ, իր ենթագիտակցության մեջ Նիկոլին շնորհել է տրիքստերի հատկություններ: Նա չգիտի՝ թե ի՛նչ է տրիքստերը, չգիտի, թե ինչպե՛ս են բացատրվում կամ մեկնաբանվում նրա գործառույթները, ինչպես է նա ներկայանում երևութականության մեջ:

Հնարավոր է՝ նրանցից շատերը կյանքում չեն էլ լսել տրիքստերի մասին, սակայն գիտեն, որ նորն են ուզում: Այս տրիքստերը պետք է քանդի, ոչնչացնի, փոշի դարձնի հինը, այս տրիքստերը պետք է բերի նորը՝ հեքիաթայինը միահյուսված փոքրիկի հավատավոր ընկալումների հետ, երբ նա դեռ չի հասկանում, որ յոթգլխանի դևեր չեն լինում, ու հավատում է դրանց գոյությանը, հավատում է դրան սպանող քաջի ճշմարտացիությանը:

Իսկ կարո՞ղ է արդյոք հասարակության օժտած տրիքստերն այսքան աշխուժակներից ընտրություն կատարել, ընտրել իրական հավատավորներին, մերժել պատեհապաշտներին կամ կոճակ սեղմելիս պատահականորեն ճիշտ կողմնորոշվածներին. ցույց կտա ժամանակը:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am