«Բանակի որոշ գեներալներ վարում են մեքենաներ, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է շրջված մեքենաների նոր մոդելի գինը»․ Վահան Բադասյան

08-11-2018
1199 դիտում
«Բանակի որոշ գեներալներ վարում են մեքենաներ, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է շրջված մեքենաների նոր մոդելի գինը»․ Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

- Պարո՛ն Բադասյան, հերթական դժբախտ պատահարն է արձանագրվել, զինծառայողների տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, չորս զոհ ու վիրավորներ կան: Ընդհանրապես, նման դեպքերը պարբերաբար կրկնվում են, ո՞րն է պատճառը:

- Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին դժբախտ դեպք է: Չենք կարող ասել, թե սա օրինաչափ երևույթ է, հաճախ է կրկնվում: Դեպքը ողբերգական է, պատահար է, բայց հարցը պետք է խորքային դիտարկել: Ի՞նչ է տեղի ունենում. փաստորեն բանակում ծառայող գեներալները, իհարկե ոչ բոլորը, վարում են թանկարժեք մեքենաներ, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է այդ շրջված մեքենաների նույնիսկ նոր մոդելի գինը: Դա մեր նախկին իշխանությունների ամոթն է, դրա հետևանքներն են:

Բանակը մեկ օրվա մեջ չենք կարող ստեղծել, և ճիշտ չէ այս հարցում մեղադրել բանակի ներկայիս ղեկավարությանը: Մենք տեսնում ենք, որ սա նախկին բացթողումների ու գողությունների հետևանքն է: Ես գոնե միշտ բարձրաձայնել եմ բանակում ստվերային երևույթների հարցը, պայքարել եմ դրանց դեմ: Եվ համոզված եմ, որ նոր Հայաստանի նոր իշխանությունները, որոնք պետք է Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվեն, այս ամենը ուշադրության կենտրոնում կպահեն, որպեսզի նման երևույթները չկրկնվեն: Պարզապես ափսոս էին այդ չորս տղաները, որոնք շուտով պետք է զորացրվեին:

- Այսինքն՝ նախորդ իշխանությունների աշխատանքի հետևանքով այսօր զոհե՞ր ենք ունենում:

- Այո՛, այդ իրավիճակն է:

- Իսկ ի՞նչ իրավիճակում է այն ավտոպարկը, որը բանակի կարիքների համար է, որոնք զինծառայողների կողմից են շահագործվում:

- Ես բանակի հրամանատարությանը չեմ կարող մեղադրել ընդհանրապես, որովհետև նրանք իրենց պարտքը կատարում են զինվորների հետ միասին՝ եղած միջոցներով: Եվ ես, ելնելով անվտանգության որոշակի դրույթներից, չեմ ուզում բարձրաձայնել, թե նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ինչ ստվերային երևույթներ են կատարվել բանակի հանդեպ: Այդ գործողությունները կատարվել են հենց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ընդհուպ մինչև պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ և գերագույն գլխավոր հրամանատար:

Ես միշտ էլ խոսել եմ այդ մասին, երկու տարի առաջ այդ ծանր դեպքերի ժամանակ ես նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի մասին խոսեցի: Կան երևույթներ, որոնք չեմ ուզում բարձրաձայնել, բայց շատ ցավալի բաներ են այնտեղ տեղի ունեցել: Մարդիկ պետք է ոչ միայն խոր գիտելիքներ ունենան, այլև գործնական հմտություն ունենան, որպեսզի իմանան, թե այնտեղ ի՛նչ է կատարվում: Ես միշտ այդ մասին խոսել եմ, բանակի ղեկավարությունը պետք է գոնե ինձ հետ հաշվի նստի, ինձ հրավիրի՝ որպես տեղյակ մարդու, խնդիրների լուծման, տվերային երևույթների դեմ պայքարելու վերաբերյալ առաջարկություններ լսեն:

- Երբ բանակում շարունակում են պաշտոնների մնալ նախկինում կոռուպցիոն սխեմաներում ներգրավված գեներալներն ու այլ անձինք, այդ պայմաններում հնարավո՞ր է իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ:

- Ես չեմ կարծում, թե բանակի բոլոր գեներալներն այդպիսին են: Եվ չի կարելի ազատվել բոլոր նախկին կադրերից: Կան կադրեր, ովքեր իսկապես ամեն մեկն իր տեղում անփոխարինելի է: Ես կարող եմ թվարկել, թե ովքե՛ր են այդ գեներալները: Բայց կան նաև դեմքեր, որոնցից պետք է ազատվել: Այս ողբերգական դեպքերից պետք է իսկապես հետևություններ արվեն:

- Նաև պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն նման դեպքերի համար, այդպես չէ՞:

- Ես գտնում եմ, որ հիմա պետք չէ այդ ամենի համար պատասխան տան տեխնիկական գծով տեղակալները, հրամանատարները: Հիմա դատախազությունը կամ ոստիկանությունը նրանց պատասխանատվության կկանչի, բայց նրանք իրականում մեղավոր չեն: Ես ուզում եմ շեշտել, որ մարդիկ մարտական ծառայությունը և հերթապահությունն իրականացնում են, տեխնիկական միջոցներն օգտագործում են հնարավորության սահմաններում: Սա՛ է իրականությունը, և նրանցից ոչ ոք մեղավոր չէ այդ իրավիճակի համար:

- Իսկ պաշտպանության ոլորտի նախկին թալանի համար պատասխանատուներին պատժելու գործընթաց տեսնո՞ւմ եք այսօր: Ի՞նչ պետք է արվի, որ չի արվում:

- Ես կարծում եմ, որ պատիժներն ընդհանրապես բացակայում են: Չկա պատիժ, բայց հեղափոխության ֆոնին բացահայտ գողությունները, իհարկե, քչացել են: Միաժամանակ, չենք կարող ասել, որ գողությունը վերացել է: Բանակում դեռևս շատ գողություններ են կատարվում, և նոր իշխանությունները ոչ թե աչք են փակում, այլ չեն կարողանում բացահայտել:

- Հետևաբար, ի՞նչ պետք է անել:

- Դրա համար հատուկ քայլեր պետք չեն, տեսնել է պետք: Եթե իրենք չեն տեսնում, գոնե հարցնել է պետք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am