Գազի սակագնի հաշվարկն ի սկզբանե կե՞ղծ է եղել. «Ժամանակ»

08-11-2018
193 դիտում
Գազի սակագնի հաշվարկն ի սկզբանե կե՞ղծ է եղել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Ըստ թերթի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը (ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է) և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանը, սակայն, անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չքննարկվի կառավարությունում:

Թերթի փոխանցմամբ, գազի և էլեկտրաէներգիայի սակագների ներկա հաշվարկի մեխանիզմը ներդրվել է դեռևս 2000 թվականին և եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է և սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաները, ինչպես նաև սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարները, ապա սա կարող է բերել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հետևանքներով:

«Ըստ մեր աղբյուրի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, և սակագներն էլ կմնան անփոփոխ»,- գրել է «ժամանակ»-ը: