Analitik․am-ը խեղաթյուրում է Մարտի 1-ի դեպքերի փաստերը

08-11-2018
155 դիտում
Analitik․am-ը խեղաթյուրում է Մարտի 1-ի դեպքերի փաստերը

Մարտի 1-ից անցել է ավելի քան 10 տարի, սակայն այն դեռ շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նոր իշխանությունները հանձն են առել դրա բացահայտման պատասխանատվությունը։ Հրապարակվում են նոր փաստեր, գործով հարցաքննվում ու կալանավորվում են նոր անձինք։ Փաստերը արձանագրելուց կամ խեղաթյուրելուց, սակայն, ետ չի մնում մամուլը։

Analitik.am կայքը հետաքննական եռամաս տեսաշար է հրապարակել՝ «Փաստերի հետքերով. Ո՞վ է խախտել ՀՀ սահմանադրական կարգը, 2008 Մարտի 1» վերնագրով, որտեղ ներկայացվում է Մարտի 1-ի մասին պատմող այլ իրականություն, որը, ըստ տեսաշարի հեղինակների, հանրության ուշադրությունից դուրս է մնացել։

Ներկայացված շատ փաստեր, սակայն, խեղաթյուրված են։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Հետաքննության «Ո՞վ է խախտել ՀՀ սահմանադրական կարգը, 2008 Մարտի 1, մաս 3» վերնագրված տեսանյութում նշվում է, որ ընտրությունների՝ կեղծված լինելու մասին փաստեր չկան, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին հրապարակած իր վերջնական զեկույցում նշել է, որ «Թեև 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին նախընտրական և քվեարկության շրջանում` լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ` մասնավորապես ընտրության օրվանից հետո․․․այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ և արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության և հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»։

 Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքները ներկայացվում են որպես չարտոնված, անօրինական, իշխանության զավթման փորձ, ինչը կարող է դիտարկվել որպես հանցագործություն: Սակայն պետք է նշենք, որ ըստ Սահմանադրության 44-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք, հետևաբար փետրվարի 19-ից հետո տեղի ունեցած հանրահավաքներն ու նստացույցերը պետք է դիտարկել իբրև մարդկանց՝ հավաքներ կազմակերպելու իրավունքի արտահայտում։

Բացակայում է, սակայն, տեսանյութի շարունակությունը, որում Տեր-Պետրոսյանն ասում է, որ այդ հանդիպման ընթացքում պաշտպանության փոխնախարարները հայտարարել են, որ թույլ չեն տա՝ բանակը խառնվի քաղաքականությանը, և ուժ գործադրվի սեփական ժողովրդի նկատմամբ:

Հավելենք նաև, որ «Փաստերի ստուգման հարթակը» մեկ անգամ արդեն անդրադարձել է բանակի ներգրավման մասին հայտարարություններին։ Այն ժամանակ այդ թեզն առաջ էին քաշում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ նշելով, որ ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը ներգրավվել են քաղաքական գործընթացներին՝ ընդդիմության դրդմամբ։ Անդրադառնալով այս հարցի իրավական կողմին՝ նշել էինք, որ պաշտպանության  նախարարն ու փոխնախարարները քաղաքացիական վերահսկողություն են իրականցնում բանակում, իսկ ԶՈՒ-ի  կառավարումը գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակում է (ՀՀ պաշտպանության մասին օրենք, հոդված 12)։ Հետևաբար, փոխնախարարների աջակցությունը չի նշանակում, որ բանակը ներքաշվել է քաղաքական իրադարձությունների մեջ։

Անդրադառնանք ռեպորտաժի մյուս խնդրահարույց հատվածներին։

Ըստ Analitik.am-ի տեսանյութի՝ չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև, չկան փաստեր առ այն, որ բանակը հրազեն է օգտագործել, և ըստ այդմ՝ բանակը փաստացի ներգրավված չի եղել ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում։

Ի հակադրություն այս պնդման՝ մեջբերենք ՀՔԾ պետի՝ բանակի ներգրավվածության մասին հայտարարությունը առ այն, որ բանակը կրակել է մարդկանց և բնակարանների ուղղությամբ: «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել  Լեո փողոցի շենքերի ուղղությամբ …»,- մասնավորաապես հայտարարել էր Սասուն Խաչատրյանը։ Նա հավելել էր նաև, որ օլիգարխների կողմից բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի զինվորները պաշտպանեն իրենց (օլիգարխներին — խմբ․), իրենց ունեցվածքը և քաղաքական նկրտումները: Շենքերի ուղղությամբ կրակելու մասին նշում են նաև հենց  Լեո փողոցի բնակիչները։

Հրապարակման մեջ շահարկվում են նաև ռազմական դոկտրինի դրույթները, ըստ որոնց՝ ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, իսկ անվտանգության մեջ մտնում է կանխատեսվող վտանգների ժամանակին բացահայտումը, կասեցումը և չեզոքացումը։ Ըստ տեսանյութի՝ դրանից բխում է, որ դե յուրե բանակը կարող էր ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ ներքին անվտանգությունը և հասարակակական կարգը պահպանելու նպատակով։ Սակայն պետք է կրկին նշենք, որ ՀՀ Սահմանադրությունը բացառում է բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում (հոդված 14), իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և բոլոր օրենքներն ու իրավական ակտերը ստորադաս են մայր օրենքին։

Այսինքն այն թեզը, թե կային  բոլոր իրավական հիմքերը բանակը քաղաքական  գործընթացներում ներգրավելու համար, ևս չի համապատասխամում իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

Աղբյուրը՝ fip.am