ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովում որոշում չի ընդունվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ

09-11-2018
128 դիտում
ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովում որոշում չի ընդունվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ

Երեկ Աստանայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նիստին, կառավարության փոխանցմամբ, մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: 

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

Առայժմ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: