Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում շուրջ 250մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. քրեական գործ

09-11-2018
45 դիտում
Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում շուրջ 250մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:    

Հայտնում են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:    

«Այնուհետև, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը և դրա վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի: Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաև օգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:    

Այսպես, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ  218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին:    

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:    

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: