«Անտանելի վիճակ է, թե ինչպես են մեր զինվորները պարբերաբար զոհվում, ինչ անհեթեթ պատճառներով». Իրավապաշտպան

09-11-2018
705 դիտում
«Անտանելի վիճակ է, թե ինչպես են մեր զինվորները պարբերաբար զոհվում, ինչ անհեթեթ պատճառներով». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Օրերս զինվորական բեռնատարի վթարից 4 զինվոր մահացավ։ Տիկի՛ն Ալեքսանյան, գրեթե ամեն տարի այսպիսի դեպքեր են լինում։ Նախարարն էլ հայտարարեց, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Ինչպե՞ս եք դուք գնահատում։

- Զարմանալի է, որ խոստովանեցին, հայտարարեցին, որ տեղի ունեցածը ծառայության հետ կապված խնդիրներ են, և կոպիտ խախտումներ են եղել։ Գուցե պատճառն այն է, որ միանգամից 4 զոհ է եղել։ Մնացած դեպքերում մենք նման հայտարարություններ չենք լսում։

Օրինակ՝ դրանից մեկ օր առաջ էլի զինվոր էր զոհվել, ու էլի ինքնասպանություն էին որակել։ Պետք է ասեմ, որ բոլորն էլ անմեղ զոհեր են, նախարարության պատճառով, փնթիության, անտարբերության, թքած ունենալու պատճառով։

Հարց է, թե ինչ մեքենայով էին զինվորներին տեղափոխում, ասում էին, որ նաև բեռներ էին տեղափոխում։ Անտանելի վիճակ է, թե ինչպես են մեր զինվորները պարբերաբար զոհվում, ինչ անհեթեթ պատճառներով։ Նախարարը հայտարարել է, որ ծառայողական քննություն են նշանակելու, նախարարը պարտավոր է ծառայողական քննության արդյունքները հրապարակայնորեն և թափանցիկ ներկայացնել հանրությանը, որ համոզվենք, որ իրենք օբյեկտիվ քննություն են կատարում։ Ես խիստ կասկածում եմ, որ դա կանեն։

- Կարո՞ղ ենք համարել, որ սա նախկինի իներցիոն շարունակությունն է։

- Դավիթ Տոնոյանը նախկին իշխանության ժամանակ էլ է աշխատել՝ նախարարի առաջին տեղակալն էր։ Այսինքն՝ նա շատ լավ տեղյակ է ամեն ինչից, նոր ժառանգություն չի ստացել այդ մեքենաները, պետք էր խիստ վերահսկողություն սահմանել։ Հենց այդ վերահսկողության բացակայությունն է, որ կարող էին նման մեքենայով գնալ ու այդքան զոհ ու վիրավոր ունենայինք։

Մենք այլ դեպքերում էլ տեսնում ենք, որ շտապօգնությունը չհասավ դիրք, զինվորն արնաքամ եղավ, մահացավ, չկարողացան տեղափոխել հոսպիտալ։ Այսպիսի վիճակ է բանակի ներսում։ Սա ես նախկին իշխանության հետ չեմ կապում, որովհետև գործող նախարարը նախկինում եղել է նախարարի առաջին տեղակալ և ամեն ինչին քաջածանոթ է։

- Նախկինում էլ բազմիցս նման դեպքեր եղել են, երբ զինվորներ տեղափոխող մեքենաներ են շրջվել։ Այդքան բա՞րդ է այս խնդրին լուծում տալը։

- Դա զինվորի նկատմամբ վերաբերմունքի հետևանք է։ Զինվորն ամենացածր կարգավիճակ ունեցողն է բանակում, բայց մենք ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ հերոսները հենց զինվորներն էին, ոչ թե հրամանատարական կազմը։ Բոլոր հանցագործությունների համար, որ տեղի են ունենում, զինվորներն են պատասխանատվության ենթարկվում։ Տեսնենք՝ է՛ս դեպքում ինչ են անելու։ Նախարարը հայտարարե՞լ է, որ մեղավորները պատժվելու են։

Ես լսեցի նաև պաշտպանության փոխնախարարին, որ շատ կցկտուր էր խոսում։ Նրանք պետք է հենց հիմա հրապարակային ասեն, թե ո՛վ է նրանց հրամանատարը, ո՛վ էր պատասխանատուն։ Բայց քանի որ իրենք ամեն ինչը կոծկում են, դրա համար էլ չեն ներկայացնում։ Ես համոզված եմ, որ ծառայողական քննությունից հետո էլ չեն ներկայացնելու, թե ի՛նչ քննություն է կատարվել։ Ես ցավակցում եմ այդ զինվորների ծնողներին և կոչ եմ անում հետևողականորեն պայքարել, որ ճշմարտությունն իմանան։ Ես չեմ հավատում, որ նախարարությունն այդ ճշմարտությունը ներկայացնելու է։ 6 ամիս է՝ իշխանությունը փոխվել է, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց տեսնում ենք, որ բանակում զոհերի թիվը չի նվազում։ Ամեն ինչ նույն դինամիկայով շարունակվում է, ինչը վերահսկողության բացակայություն է։

- Մենք տեսնում ենք, որ բանակի գեներալներ կան, որ այնպիսի ճոխ մեքենաներ են վարում, որոնց գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է շրջված մեքենայի նոր մոդելի գինը։ Սա նույնպե՞ս վերաբերմունք է բանակի նկատմամբ։

- Շատ փորձագետներ ասում են, որ շարքային զինվորներին իրավունք չունեն թույլ տալու, որ նրանք որպես վարորդ աշխատեն, նստեն բեռնատարների ղեկին։ Այդտեղ պետք է աշխատեն պայմանագրային զինծառայողներ։ Այսինքն՝ եթե իրենք այդ վթարները տեսնում են, պետք է ելքեր մտածեն։

Ինչպե՞ս կարելի է այդքան զոհ ունենալ ու չմտածել, որ հաջորդը չլինի։ Դա ամենացնցողն է։ Եթե այդպիսի թանկ ու շքեղ մեքենաներով են շրջում ու իրենց լավ են զգում, պարզ է, որ դա զինվորի կյանքի հաշվին է լինում։ Ես տեսնում եմ, որ վարչապետն էլ պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ հարցին։ Ո՞նց կարելի է անտարբեր լինել, ո՞նց կարելի է ընտանիքներին զրկել իրենց արու զավակներից։

Պատասխանատուն ՊՆ-ի ղեկավարությունն է, այս դեպքի պատասխանատուն պաշտպանության նախարարն է։ Նա է մեղավոր, որ պատշաճ վերահսկողություն չկա, որ կարող է ամեն անգամ տանեն ու զինվորների գլուխն ուտեն։ Չկա պատիժը, շարունակ կոծկում են, փակ, կցկտուր հայտարարություններ են անում։ 4 ընտանիքի ճրագ է մարել, իսկ փոխնախարարը կցկտուր հայտարարություններ է անում։ Նրանք պետք է գնան այդ ընտանիքներ, գլուխները խոնարհեն, իրենց մեղավոր ճանաչեն այդ ընտանիքների առջև։ Ա՛յ դա պետք է անեն, որը երբեք չեն անի։ Ցանկացած զինվորի կյանքի համար նախարարն է պատասխանատու, կապ չունի՝ վթա՞ր է եղել, թե՞ այլ դեպք։

Պետք է հստակ լինի, որ մեքենաները սարքին վիճակում են, ծառայության հետ կապված խնդիրները լավ են կազմակերպված։ Ո՞նց կարելի է ամեն անգամ մտածել՝ դե, դեպք էր, տեղի ունեցավ։ Բայց չէ՞ որ մարդիկ են, երիտասարդ տղաներ են։ Բանակի ղեկավարությունը չի այցելում այդ ընտանիքներ, որ տեսնի, թե ի՛նչ վիճակում են, ո՛նց է նրանց կյանքը փոխվում, ո՛նց են իրենք բեկում այդ մարդկանց կյանքը, ի՛նչ վիճակում են ապրում։ Նրանք չեն այցելում այդ ընտանիքներ և ընդհանրապես մոռանում են, որ այդ մարդկանց այդպիսի ցավ են պատճառել։

Դրա համար էլ այդքան շատ են դեպքերը։ Որևէ մեկը չի պատժվում, քննությունը կոծկում են, իսկ նախարարությանը չի հետաքրքրում դա։ Զոհը տալիս է նախարարությունը, բայց ամբողջ օրը խոսում են քննությունից, որ քննությունն է պատասխանատու։ Սակայն առաջին պատասխանատուն պաշտպանության նախարարն է ցանկացած զոհի համար։ Մենք տեսնում ենք, որ զոհերը 40-ի են հասել։ Ամեն տարի նորից հաշվում են, հիմա էլ հունվարի 1-ից կսկսեն նոր թիվ հաշվել։

Մանե Հարությունյան

MediaLab.am