«Բռնարար տղամարդիկ իրենց զգում են հաճախ անպարտելի». իրավապաշտպանները՝ ընտանեկան բռնության դեմ ոչ բավարար քայլերի մասին

13-11-2018
1370 դիտում
«Բռնարար տղամարդիկ իրենց զգում են հաճախ անպարտելի». իրավապաշտպանները՝ ընտանեկան բռնության դեմ ոչ բավարար քայլերի մասին

Այսօր Երևանում տեղի ունեցած ընտանեկան բռնության հերթական ողբերգական դեպքը ցնցեց հազարավոր մարդկանց։ 30-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում։

Ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները ահազանգում են. չնայած անցյալ տարի Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, սակայն ընտանեկան բռնության դեպքերը շարունակում են աճել։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարո Մաթոսյանը նշում է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ այս տարվա առաջին վեց ամիսներին ընտանեկան բռնության պատճառով արձանագրվել է 9 սպանության դեպք։

«Սովորաբար ընտանեկան բռնության մասին օրենքը երբ ընդունվում է, ընդհանրապես ցանկացած երկրում էլ նկատվում է աճ։ Մարդիկ կարծում են, թե օրենքն իրենց ապահովում է, համարձակորեն բարձրաձայնում են, որ իրենց ընտանիքում կա բռնություն։ Այս դեպքում գրանցում ենք դեպքերի աճ, բայց եթե օրենքը կիրառվի ամբողջ խստությամբ, ապա ժամանակի ընթացքում պետք է արձանագրվի նվազում»,- բացատրում է Մարո Մաթոսյանը։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ, դժբախտաբար, այսօր օրենքը կիրառվում է միայն ոստիկանության կողմից, քանի որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս չունի ապաստարաններ կամ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կարող են անդրադառնալ զոհերի պաշտպանությանը։

«Թեև ոստիկանության աշխատակիցները վերապատրաստվել են, իմ կարծիքով՝ բավարար վերապատրաստված չեն և չեն կարողանում այս երևույթին անդրադառնալ ամբողջովին ճիշտ տեսանկյունից։ Երկրորդ՝ օրենքում ասվում է նախազգուշացման մասին, մինչդեռ եթե ընտանիքում կա բռնություն, նախազգուշացումից միայն վտանգ է սպառնում։ Պատկերացրեք՝ ոստիկանը մտնում է տուն, նկատում է բռնություն, նախազգուշացնում է և դուրս է գալիս, առանց որևիցե սաստման միջոց կիրառելու։ Ի՞նչ է կատարվում այս դեպքում. ոստիկանը գնում է, իսկ զոհը շարունակում է մնալ բռնարարի հետ նույն իրավիճակում»,- բացատրում է Մաթոսյանը։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանն էլ նշում է. օրենքի ընդունումից հետո պետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք մինչև օրս չի կատարում։

«Իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության մասին, հիմնել ապաստարաններ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, ունենալ թեժ գծեր։ Այս ամենը սակայն ուշանում է, ի հետևանք ունեցանք ևս մեկ դեպք, իհարկե, սա միակը չէ, և բոլոր դեպքերը չեն, որ հայտնվում են մեդիայում, բայց մեր կազմակերպությունները շարունակում են զանգեր ստանալ։ Տակավին չկան այն ծառայությունները, որոնցից մարդիկ կարող են օգտվել կամ իրենց ավելի ապահով զգալ։ Որոշակի վերապատրաստումներ անցել է ոստիկանությունը, բայց պահանջը մեծ է ու շտապ, ու չենք կարող այդքան սպասել, քանի որ խոսքը մարդկային կյանքերի մասին է»,- ասում է Ահարոնյանը։

Մարո Մաթոսյանը նշում է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ հուլիս ամսից սկսած գրանցվել է 70 անհետաձգելի միջամտության որոշում, 351 արդեն գրանցված դեպք և 281 նախազգուշացում։

Նախազգուշացում է, երբ ոստիկանը գտնում է, որ առաջին անգամ է կատարվել բռնություն և չկա սպառնալիք, վտանգ կնոջ կամ երեխաների համար։ Անհետաձգելի միջամտություն է համարվում այն դեպքը, երբ կնոջ կյանքին վտանգ է սպառնում, բռնությունը կրկնվում է։

Մաթոսյանն անդրադառնում է ևս մեկ կարևոր երևույթի, նշելով, որ ամենախիստ օրենքը կկիրառվի, եթե կիրառողները՝ ոստիկանները, սոցծառայությունները չունենան նախապաշարումներ, կարծրատիպեր և զերծ լինեն խտրականություն կիրառելուց։

«Իրենց ունեցած կարծրատիպերի պատճառով զոհին չեն պաշտպանում։ Այս դեպքում որևիցե օրենք չի կարող կիրառվել ինչպես որ հարկն է։ Ի՞նչ ենք լսում ոստիկաններից, քննիչներից, դատավորներից՝ որ կինը մանիպուլյացիա է անում կամ ստում է, այսինքն՝ մեղքը գցում են կնոջ վրա»,- ասում է Մաթոսյանը։

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ընդունված օրենքը Լարա Ահարոնյանը համարում է թույլ օրենք։ Ըստ նրա՝ այն պետք է ուժեղ լիներ, տրամադրեր արագ արձագանք իրավապահների կողմից, մինչդեռ վերջին հինգ տարիներին օրենքը բազմաթիվ անգամներ ենթարկվեց խիստ քննադատության։

«Նախկին իշխանությունը այնքան թեթևացրեց օրենքը, որ այն համապատասխանում է ոչ թե տուժողի շահերին, այլ՝ հակառակը։ Այս ամենի պատճառով այսօր շարունակում են ընտանիքներ տուժել, երեխաներ։ Այն մարդիկ, ովքեր օրենքին դեմ էին խոսում ու ատելություն քարոզում, ասում, որ չկա ընտանեկան բռնություն, այսօր իրենք էլ են պատասխանատվության մաս կրում։ Պատգամավորներ կային, ովքեր կտրուկ դեմ արտահայտվելով, ասում էին, որ այդպիսի օրենքը ընտանիք կքանդի։ Բայց ընտանիք քանդողը իրականում բռնությունն է, ու պետությունը ոչ մի հստակ լուծում չի տալիս»,- ասում է Ահարոնյանը։

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանն էլ, անդրադառնալով տեղի ունեցած ողբերգական դեպքին, նշում է, որ, ցավոք, այն վերջինը չէ, քանի որ ընտանեկան բռնությունը Հայաստանում մշտական բնույթ է կրում։

«Բռնարար տղամարդիկ իրենց հաճախ զգում են անպարտելի։ Ցավոք, ունեցել ենք դեպքեր ընտանեկան բռնության, որոնց վերաբերյալ դատարանների վճիռները շատ մեղմ են եղել և, ըստ էության, հօգուտ բռնարարի։ Դեպքեր են եղել, երբ տղամարդը տարիուկես խոշտանգել է կնոջը, բայց ազատազրկվել է ընդամենը մեկուկես տարի ժամկետով, հետո էլ համաներմամբ ազատ արձակվել։ Այսինքն՝ այս վատ օրինակները, դատական վատ նախադեպերը հանրությունում ամրացրել են այն կարծրատիպը, որ տղամարդը կարող է իր կնոջ հետ վարվել ինչպես կամենա՝ մնալով անպատիժ»,- ասում է Ղարիբյանը։

Անդրադառնալով անցյալ տարվա վերջին ընդունված օրենքին՝ նա նույնպես նշում է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում իր քաղաքացիներին բռնությունից պաշտպանելու համար, ինչի հետևանքով էլ ունենում ենք նմանօրինակ դեպքեր։ Ըստ Ղարիբյանի՝ հասարակությունում տեղ գտած կարծրատիպերը շատ խոր հիմքեր ունեն, գալիս են մանկությունից, ստացած դաստիարակությունից, ինչի դեմ պայքարելու համար հսկայական ջանքեր են անհրաժեշտ, և միայն ՀԿ-ների աշխատանքը չի կարող բավարար լինել։

«Այստեղ պետական մոտեցում պետք է լինի, պետական միջոցների տրամադրում՝ այս ուղղությամբ աշխատանք կատարելու համար, և դա ներառում է ոչ միայն բռնության կանխարգելումը, այլև հասարակության հետ տեղեկատվական, դաստիարակչական աշխատանքներ տանելը։ Այսինքն՝ նույն մեդիաների միջոցով պետությունը կարող է սերմանել բոլորովին այլ գաղափարներ, դատապարտել բռնությունը և իրազեկել լայն շրջանակներին, թե ինչ հետևանքներ կարող է լինել ընտանեկան բռնության պատճառով»,- ասում է Արման Ղարիբյանը։

Անդրադառնալով մեկ ամիս առաջ Արմավիրում տեղի ունեցած դեպքին, երբ ընտանեկան բռնության հետևանքով մահացան մայրը և երեխան, Ղարիբյանը նշում է, որ ունենք ոչ միայն գենդերային հիմքով բռնություն, այլև ունենք բռնություն մանկահասակ երեխաների նկատմամբ, որը, ցավոք, մահվան է հանգեցնում։

«Սրանք դեռևս պատառիկներ են, որոնց մասին մենք իմանում ենք, բայց իրականում ընտանեկան բռնությունը համատարած է, որը, ցավոք, տեղ է գտնում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում։ Բնակչության հարցումներն էլ են դա ցույց տալիս։ Վիճակագրություն այս պահին չկա, բայց նախկինում արված հարցումների համաձայն՝ ամեն չորրորդ կնոջ տանը ենթարկում են ֆիզիկական բռնության։ Կա նաև համատարած բռնություն երեխաների նկատմամբ, էլ չենք ասում հոգեբանական բռնության մասին, որոնք կարող են կուտակվել, ուժեղանալ և վերածվել ֆիզիկական և սեռական բռնության։ Ընդհանուր առմամբ, ցավոք, մեզանում տարածված է ընտանեկան բռնությունը, և դրա դեմ պայքարելու համար ահռելի ջանքեր են պետք»,- ասում է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիրը։

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

Գայանե Մկրտչյան

MediaLab.am