«Այսպիսի անառողջ մի իրավիճակ կա, որ ընտանիքից վեճը չպետք է դուրս հանվի, ինչի հետևանքով լինում են նաև զոհեր». Նաիրա Զոհրաբյան

13-11-2018
517 դիտում
«Այսպիսի անառողջ մի իրավիճակ կա, որ ընտանիքից վեճը չպետք է դուրս հանվի, ինչի հետևանքով լինում են նաև զոհեր». Նաիրա Զոհրաբյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը նվազեցնելու համար պետք է նախևառաջ աշխատանք տանել հասարակության հետ, քանի որ Հայաստանում հանրային ընկալումն այնպիսին է, որ ընտանիքում բռնության ենթարկված կինը կամ երեխան պետք է լռի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ամուսնու կողմից կնոջը ծեծելով սպանելու հերթական դեպքին:

«Ես ցավում եմ, որ հայ ընտանիքներում բռնությունները շարունակվում են: Եվ երբ ոմանք ասում են՝ չի կարելի ավանդական ընտանիքի մոդելը քայքայել, ես անհարմար եմ զգում այդ ձևակերպումների համար, որովհետև ինձ համար չի կարող առողջ ընտանիք լինել այն ընտանիքը, որտեղ երեխայի ներկայությամբ ամուսինը կարող է ծեծել կնոջը, որտեղ երեխային կարող են նվաստացնել, որտեղ կնոջը կարող են արգելել շփվել իր հարազատների հետ: Այդ ընտանիքներում մեկ օր անգամ չի կարելի երեխա թողնել, որովհետև այդ երեխաներն արդեն խեղված են մեծանում, նրանք նույնկերպ են վարվում իրենց կանանց ու երեխաների հետ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ասում է, որ ընտանեկան բռնության վերաբերյալ վիճակագրությունն ուղղակի աղետալի է:

«Եվ այն վիճակագրությունը, որը ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում: Լատենտ բռնությունը զարհուրելի չափերի է հասնում Հայաստանում: Եվ պատճառը, այո, նաև մեր այդ մենթալիտետն է: Ինչո՞ւ են այդ բռնությունները լատենտ, և ինչո՞ւ հանրությունը կամ իրավապահ մարմինները տեղեկացված չեն լինում, որովհետև դա մեր սխալ մենթալիտետային ընկալումն է: Այն կինը կամ երեխան, որը կհամարձակվի խոսել ընտանիքում իր հանդեպ բռնության մասին, շատ դեպքերում հասարակության կողմից է արժանանում վատ վերաբերմունքի: Այսպիսի անառողջ մի իրավիճակ կա, որ ընտանիքից վեճը չպետք է դուրս հանվի, ինչի հետևանքով լինում են նաև զոհեր»,- «Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում տարեկան 500-600 երեխա ու կին է բռնության ենթարկում: ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործեր:
Գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին:
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերով արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ: Քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 215-ի դիմաց: Այս տարի ևս քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 99-ը եղել են ամուսնու կողմից: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված ընտանեկան բռնության դեպքերով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ՝ 30 անձի վերաբերյալ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը միտված է ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը:

Հարցին, թե օրենքի ընդունումից մեկ տարի անց որքանո՞վ է Հայաստանում կանխարգելվում ընտանեկան բռնությունը, որքանո՞վ են այսօր պատշաճ գործում իրավապահ մարմինները, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրավապահներն արձագանքում են, եթե կա ահազանգ: Հայաստանում խնդիրն այն է, որ ահազանգն է շատ քիչ լինում, որովհետև հանրային ընկալումը, հարազատների ընկալումը հետևյալն է՝ «էս մարդուդ վրա գո՞րծ ես տալիս»:

Այս հիվանդագին ընկալումը, պատգամավորի խոսքով, կաշկանդում է կնոջը, որպեսզի ինքն իր կյանքի իրավունքը պաշտպանելու համար դիմի իրավապահ համակարգին:

«Նա անմիջապես հայտարարվելու է իզգոյ ոչ թե ամուսնու հարազատների, այլ հենց իր սեփական հարազատների կողմից: Ես պարբերաբար աշխատում եմ նման կանանց հետ, ես փորձել եմ մի կնոջ իրավունք պաշտպանել, այդ կնոջ հետ միասին դիմել իրավապահներին, այդ կնոջ մայրը զանգել է ու ինձ ասել, որ ես իրավունք չունեմ միջամտելու այդ հարցին, դա իրենց անձնական գործն է: Մի զարհուրելի բան ասաց՝ իմ ամուսինն էլ անընդհատ ինձ ծեծել է, ի՞նչ, ես էլ պետք է բաժանվեի՞»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ երբ նման պատմություններ են լինում, հասկանում ենք, որ հասարակության հետ շատ լուրջ աշխատանք ունենք տանելու, որպեսզի իրավիճակը փոխվի:

Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց, որ օրենքի ընդունումից հետո պետք է արդեն բռնության ենթարկված կանանց ու երեխաների համար սկսեն ապաստարաններ կառուցել:

«Ես Եվրամիության երկրների դեսպանների հետ պարբերաբար քննարկում եմ այս հարցը, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր բյուջեն չի կարողանալու այդ ամբողջ ծավալի բեռն իր վրա վերցնել: Նաև եվրոպական կողմից խոստում է եղել, որ իրենք անպայման աջակցելու են, որովհետև սա իրենց համար ևս առաջնային խնդիր է»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ցավալի է, որ քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպություններն այսօր պատշաճ չեն անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին, անընդհատ զբաղված են օրակարգային այլ հարցերով:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am