«Անպատժելիությունը տղամարդկանց վստահություն է ներշնչում՝ շարունակելու իրենց բռնարար վարքը». «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

14-11-2018
147 դիտում
«Անպատժելիությունը տղամարդկանց վստահություն է ներշնչում՝ շարունակելու իրենց բռնարար վարքը». «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքով․

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝  նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին։ Ոստիկանությունը պարզել է, որ Քրիստինեին ծեծի է ենթարկել զուգընկերը՝ Իլլարիոն Նունուշյանը՝ կնոջը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ: Բռնություն գործադրած անձը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել, իսկ ծեծի ենթարկված կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու և դեպքի հաջորդ օրը՝ գիտակցության չգալով, մահացել է։

 Քրիստինեի սպանությունն, ի թիվս կնասպանության մյուս բոլոր դեպքերի, պետության կողմից կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից և չարաշահումից պաշտպանելու պարտականության իրականացման բացակայության հետևանք է։

Ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերի նկատմամբ հստակ կառուցակարգերի բացակայությունն ու բռնություն գործադրած անձի նկատմամբ մեղմ վերաբերմունքը նպաստում են այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։

Նշված գործով առնվազն զարմանալի է, թե ինչու է ոստիկանությունը քրեական գործ հարուցել կնոջ մահվանից հետո միայն։ Ու եթե կինը չմահանար, արդյո՞ք տղամարդը կպատժվեր։

Ժամանակն է գիտակցել, որ բռնությունը մասնավոր կամ ընտանեկան հարց չէ. ընտանեկան բռնությունը և համակարգային կնասպանությունը հանցագորություն են, որոնք հասարակությունը չպետք է հանդուրժի։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է  ոստիկանության գործելաոճը, և վստահեցնում, որ պետության և հասարակության կողմից անպատժելիությունը տղամարդկանց վստահություն է ներշնչում՝ շարունակելու իրենց բռնարար վարքը։ Հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ընդունումից հետո, որի պահանջն է վերապատրաստել ոստիկանությանն ու առավել զգայուն դարձնել խնդրի նկատմամբ, նման մոտեցումն անընդունելի է։ Ընդամենը մեկ ամիս առաջ մենք ունեցանք ընտանեկան բռնության արդյունքում զոհված մեկ տարեկան երեխա, որին դաժանաբար ծեծի էր ենթարկել հայրը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կրկին հնչեցնում է իր կոչնակները` ահազանգելով, որ ընտանեկան բռնությունը կանանց հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարում է, իսկ կնասպանությունը՝ համակարգային հանցագործություն՝ ուղղված կանանց դեմ, լայնամասշտաբ մի խնդիր, որի բավարար չգիտակցելու փաստը հանգեցնում է նորանոր զոհերի։

Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք․

ՀՀ իրավապահ համակարգից․

Բազմակողմանի և հանգամանալի քննություն իրականացնել դեպքի առնչությամբ, բացահայտել պատասխանատուներին, թե ինչու՞ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին բնորոշ հատկանիշներ ունեցող արարքի պարագայում ոստիկանությունն անմիջապես քրեական գործ չի հարուցել , այլ նման գործողություն է կատարել կնոջ մահից հետո միայն։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից․

Հստակ դիրքորոշում հայտնել կնասպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության վերջին դեպքերի, գենդերային բռնության վիճակի և իրավապաշտպանների հանդեպ սանձազերծ արշավների վերաբերյալ։

ՀՀ կառավարությունից․

Իրականացնել օրենքով նախատեսված համալիր միջոցառումներ ու գործողություններ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով իրավապահ, սոցիալական, կրթական համակարգի վերապատրաստմանը՝ գենդերային բռնության հանդեպ զգայունության և բռնության մշակույթը հանրային գիտակցությունից արմատախիլ անելու ուղղությամբ։